HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու՞ Հայաստանը Ուկրաինա չի դառնա-2

սկիզբը

5. Աշխարհաքաղաքական բևեռների միջև ընտրություն կատարելը քաղաքական հարց է, այն հասարակությանը հասու դարձնելը` քաղաքական ուժերի հիմնական խնդիրն ու առաքելությունը: Բայց Հայաստանում քաղաքական առաջնորդություն գոյություն չունի, հետևաբար  նաև քաղաքական ազնիվ խորհրդատվություն էլ գոյություն չունի: Քաղաքականությունը, թե որպես ոլորտ, թե որպես մարդկանց ամբողջություն և թե որպես գործոն, ամբողջապես ապագաղափարականացված է, մարգինալացված և ստորացված: Քաղաքացիական շրջանակները հասարակությանն առաջնորդելու պոտենցիալ չունեն: Նրանք հայտնվել են կոլապսային այնպիսի վիճակի մեջ, որից հնարավոր չէ հեշտությամբ դուրս գալ: Քաղաքականության բացակայության պատճառով ի հայտ եկած վակուումը ձգտում է լրացնել քաղաքացիականությունը, որն անհնար է: Քաղաքացիականությունն ուժեղ է ուժեղ քաղաքական համակարգի առկայությամբ: Դրա բացակայությամբ այն ընդամենը կարող է հասարակական ռեզոնանասեր առաջացնել, այն էլ իներցիայի ուժով: Այն չի կարող քաղաքական կողմնորոշման պատասխանատվություն ստանձնել:

 6. Հայաստանում առավել ևս չկան արևմտամետ ու իրապես լիբերալ քաղաքական ուժեր, որոնք կարող են հստակ քաղաքական օրակարգ ձևավորել ու ճնշում բանեցնել իշխանությունների վրա: Բոլոր այն վախերը, որոնք բնազդաբար ունի հասարակությունը ռուսական գործոնից, արդեն գիտակցված մակարդակով ունի այսպես կոչված քաղաքական դաշտը կամ այն, ինչ մնացել է դրանից: Պատահական չէ, որ գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը բարձրաձայն, թե անաղմուկ վավերացրին Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումն իբրև Հայաստանի համար ընտրված, ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակ կամ որպես չարյաց փոքրագույն: Առանց քաղաքական օրակարգի ձևավորման և պայքարի քաղաքական մեթոդների առաջարկման՝ հասարակական մոբիլիզացիա տեղի ունենալ չի կարող: Իսկ Ուկրաինայում քաղաքական կյանքը եռում է, թելադրողը քաղաքականությունն է, այնտեղ ուժեղ են արևմտամետները, ռուսամետները, կենտրոնամետները, բայց ամենակարևորը` նրանք կան ու նրանք են հասարակական կյանքի վրա ազդող հիմնական գործոնները: Այս հացրում Հայաստանը և Ուկրաինան համեմատվելու ոչ մի եզր չունեն:

7. Հայաստանի հասարակությունն արդեն համոզել է, որ անգամ համազգային նշանակության հիմնահարցերի նկատմամբ է կորցրել հետաքրքրությունն ու շահագրգռությունը: Միակ դաշտը, որտեղ դեռ հնարավոր է իրականացնել հասարակության մոբիլիզացիան, սոցիալական ահագնացող իրավիճակն է: Այս հասարակությունը չի կարողանում ինքնուրույն անգամ տարրական սոցիալ-կենցաղային խնդիրներ լուծել: Հացի խնդիր լուծող հաարակությունը չի կարող ոտքի կանգնել հանուն ինչ-որ եվրաինտեգրացման քաղաքական կուրսի, հակառուսական տրամադրությունների, համազգային արժեքների, եթե իհարկե, բնազդաբար չի զգում որ լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնած: Այդպիսի հասարակությունից մեծ պահանջներ ունենալն առնվազն ծիծաղելի է:

8. Հայաստանում մտավորականությունը, ավելի ճիշտ դրա մեծ մասը շարունակում է մնալ խորհրդահպատակ և պահպանել սովետական մտավորականի մտածողությունն ու կենսակերպը: Այն երբեք այդ քառակուսուց դուրս չի եկել և, չնայած անկախ պետականության անցած 20 տարներին, մինչև վերջ չի մարսել անկախության, ինքնիշխանության և պետականության արգասիքները, հնարավորությունները, հետևաբար իրեն էլ պատասխանատու չի համարել թե այդ արժեքները պահպանելու և թե դրանք հասարակական գիտակցության մեջ ամրապնդելու համար: Դիմազուրկ հարմարվողականությունն այս կատեգորիայի ամենաբնորոշ առանձնահատկությունն է: Այն ի զորու չի եղել և հիմա էլ չէ ազդելու հասարակության վարքագծի վրա, ոգեշնչելու նրան, տալու ազատության և այն իրացնելու զգացողությունները, հասարակական մտածողություն բերելու նոր կաղապարազերծ գաղափարներ և արժեքների ու նպատակների համար պայքարելու ներքին մղումներ: Հայ մտավորականությունը ազգի ինքնապահպանության հիմնական առանցքը շարունակում է համարել գոյապահպանությունը, որն ապահովագրված է համարում միայն ռուսական շինելի ներքո: Քանի դեռ մտավորական նոր սերունդը ճեղքում չի կատարել հաստատված ու լայն արմատներ գտած այս համընդհանուր կարծրատիպերի ջարդման առումով, այս շերտը ունակ չի լինելու ադեկվատ արձագանքելու հասարակական պահանջներին և քաղաքական ուժերի իներտության պայմաններում ինչ-որ իմաստով ստանձնելու այդ պահանջատիրության առաջնորդումը: 

Մեկնաբանություններ (1)

SerGim
ARDEN HIMA KAROR EM ASEL, ARCAX@ PAHELOV KORCRINQ HAYASTAN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter