HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է

Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի՝ 2008թ.-ին սկսված կապիտալ վերանորոգման աշխատանքները հուլիսի 15-ին լիովին ավարտվել են: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Մասնաշենքի վերանորոգման աշխատանքները կատարվել են սոց. ներդրումների հիմնադրամի 206 մլն դրամի ներդրումով: Վերանորոգման աշխատանքները մրցութային կարգով կատարել է Վանաձորում գրանցված «Կանակա» շինարարական կազմակերպությունը:

Թեև մասնաշենքն արդեն լիովին պատրաստ է շահագործման, սակայն ստացիոնար մասի մանկաբարձական, գինեկոլոգիական, շտապ օգնության, ճառագայթային դիագնոստիկայի բաժանմունքները ընդգրկված չեն լինի դրանում:

«Այդ բաժանմունքները հիվանդանոցի նախատեսված շենքում կտեղավորվեն մյուս մասնաշենքի վերանորոգումից հետ, 3-րդ և 4-րդ փուլերով»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:

Նրա հավաստիացմամբ՝ վերանորոգված մասնաշենքի կահավորման համար մոտ ժամանակներում կլուծվի փափուկ ու չոր գույքի և բժշկական սարքավորումների հարցը: Հիվանդասենյակները կահավորվելու են մասնագիտացված և ոչ մասնագիտացված մահճակալներով:

«Հիվանդասենյակներին անհրաժեշտ են աթոռներ, պահարաններ, սառնարաններ և այլ գույք: Գույքը ստանալու ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունից: Վերջիններիս արդեն ներկայացրել են պահանջված գույքի ցանկը»,- ասաց Ստեփան Մոսինյանը:

Մասնաշենքի վերանորոգման 3 տարվա ընթացքում հիվանդանոցի ընդհանուր թերապևտիկ և և խիրուրգիական բաժանմունքները տեղավորված են բժշկական կենտրոնի՝ Ալավերդի քաղաքի Շահումյան թաղամասում գտնվող ծննդատան մասնաշենքում և գտնվում են հիվանդանոցային անբարենպաստ պայմաններում: Բժշկական կենտրոնի տնօրենի կարծիքով՝ մինչև օգոստոսի վերջ այդ բաժանմունքները կտեղափոխվեն վերանորոգված մասնաշենք:

Ստեփան Մոսինյանը նաև ասաց, որ բաց է մնում բժշկական կենտրոնի կենտրոնական մասնաշենքի հիմնանորոգման հարցը: Կենտրոնական մասնաշենքը կառուցվել է անցյալ դարի 50-ական թթ., առողջապահական հիմնարկների նորմատիվներին չի համապատասխանում, սակայն վերջին նախագծով նախատեսվում է այդ շենքում տեղակայել Ալավերդու ծննդատունը, գինեկոլոգիական բաժանմունքը, շտապ օգնության կայանը , ճառագայթային դիագնոստիկայի և տուբերկույոզով հիվանդների սպասարկման կաբինետները:

«Այս մասնաշենքի վերանորոգման համար անհրաժեշտ կլինի 320 մլն դրամ, որից արդեն 130 մլն դրամը նորից տրամադրելու է սոց. ներդրումների հիմնադրամը: Մեզ անհրաժեշտ է հայթայթել ևս 190 մլն դրամ: Եթե մեզ հաջողվի 190 մլն դրամը ևս ձեռք բերել, հնարավոր է, որ մի 7-8 ամիս հետո Ալավերդու ամբողջ բժշկական կենտրոնը կլինի հիմնանորոգված, իր բոլոր սարքավորումներով»,- ասաց Ստեփան Մոսինյանը:

Անհրաժեշտ 190 մլն դրամ աջակցության համար տնօրենն օրերս դիմել է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը, որը, սակայն, մերժել է աջակցել բժշկական կենտրոնի վերանորոգմանը:

Մի քանի օր առաջ բժշկական կենտրոն է այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Պրն Գևորգյանը հիվանդանոցի վերանորոգված մասնաշենքի շինարարական աշխատանքներից գոհ էր, վերանորոգման 190 մլն դրամ հիմնախնդրի մասին ես տեղեկացրի նրա: Նախարարը խոստացավ կառավարությունում բարձրացնել խնդիրը»,- ասաց Ստեփան Մոսինյանը:

Մեկնաբանություններ (2)

Haikuhi
Ամոթը քեզ Անուշ, որ նախ ամոթ բառի իմաստը չես հասկանում ու չգիտես որտեղ պետք է օգտագործել և երկրորդն էլ չգիտես որ անձական անունները մեծատառով են գրվում: Իհարկե, խիրուրգիական բառը կենցաղային խոսակցության մեջօգտագործվող բառերից է, սակայն տեքստում պետք գրվեր վիրաբուժական: Բայց ես քո կարծիքին չեմ , որ հոդվածի հեղինակը վիրաբուժական բառին տեղյակ չի եղել: Արի բառերը ճիշտ տեղում օգտագործենք: Սովորիր անձնական անունների ուղղագրությունը, Անուշ:
anush
Amot e,xirurgiakani poxaren greq virabujakan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter