HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ամենամենաշնորհացված երկիրն է տարածաշրջանում

Մենաշնորհները՝ որպես խոչընդոտ

Հայաստանն առանց մենաշնորհների դժվար է պատկերացնել, սակայն այն, որ ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում ամենամենաշնորհացված տնտեսությունն ունենք, հաճելի նորությունների թվին չես դասի: Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ» զեկույցը, որում նշված է՝ Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները, տարածաշրջանային 6% միջին ցուցանիշի պարագայում: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը միանձնյա առաջատար է ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ զգալի առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Ղրղզստանից (մենաշնորհացման աստիճանը՝ 16%): Ավելին, ըստ զեկույցի՝ Հայաստանի շուկաների 60%-ն ունի գերիշխողներ (շուկայում առկա է 6-ից պակաս ընկերություն), ու այս ցուցանիշով զիջում ենք միայն Ադրբեջանին, Ղրղզստանին ու Հունգարիային:  

Կենտրոնացվածության նման բարձր աստիճանը, ՀԲ գնահատմամբ, տնտեսական աճի խոչընդոտներից մեկն է, ուստի Հայաստանը ներկայում կարիք ունի մշակելու տնտեսական աճի նոր մոդել՝ ավելի արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականությամբ:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում սա Հայաստանին արված միակ նախազգուշացումը չէ: Հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն հոկտեմբերի 19-ին ելույթ ունեցավ (Բոստոնից տեսաելույթի միջոցով) Երևանի պետական համալսարանում ընթացող Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովում ու նշեց, որ Հայաստանի զարգացման խոչընդոտը ոչ թե աշխարհագրական դիրքն է, այլ օլիգարխիայի տիրապետությունը թույլատրող քաղաքական համակարգը: Հետևաբար, Հայաստանը պետք է սկսի քաղաքական գործընթաց՝ օլիգարխայի տիրապետությունը վերացնելու համար: Բայց ինչպե՞ս իրականացնել այդ գործընթացը:

Մենաշնորհը՝ վիրտուալ հասկացություն

«Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»,- նշված է ՀՀ Սահմանադրությունում: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ որևէ օրենսդրական ակտով «մենաշնորհ» հասկացությունը մեկնաբանված չէ: Հետևաբար, որևէ մենաշնորհի առկայություն ինքնին հակասահմանադրական է: Մերոնք մի փոքր խորամանկել են՝ օրենսդրությամբ մենաշնորհ ունեցողներին հավասարեցրել են գերիշխող դիրք գրավողների հետ: Գերիշխող դիրքը ձևավորվում է շուկայի 33,3%-ը տնօրինելու դեպքում, այնինչ ՀԲ զեկույցում առանձնացվել են այն շուկաները, որտեղ մեկ ընկերություն է գործում (մենաշնորհ), երկու ընկերություն է գործում (դուպոլիա), և որոնցում մինչև 6 ընկերություններ են գործում (օլիգոպոլիա): Քանի որ մեր օրենսդրությամբ գերիշխող դիրք գրավողների թիվը շուկայում չի կարող գերազանցել 3-ը, գնահատականների հարցում որոշ տարաձայնություն է առաջանում:

Համաշխարհային բանկի զեկույցը մեծ տեղ է հատկացրել ՏՄՊՊՀ (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) գործունեության գնահատականներին: Նշվել է, որ ՏՄՊՊՀ-ն ավելի շատ զբաղվում է գներով, այլ ոչ թե մրցակցության խնդիրներով, քիչ են ուսումնասիրվում շուկա մուտք գործելու խոչընդոտները, պետական գնումների համակարգերից եկող ռիսկերը՝ մրցակցության սահմանափակման տեսակետից: Թեև գների նկատմամբ հաստատված վերահսկողությանը՝ մենաշնորհների պատճառով պարենային գները Հայաստանում միջինը 17%-ով բարձր են, քան ԱՊՀ-ում: Օրինակ՝ հացի գները տարբերվում են 36%-ով, կարագինը՝ 23%-ով, ձվինը՝ 25%-ով և այլն:

Զեկույցում նշվել է, որ պետությունը սեփականություն ունի բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպես՝ հյուրանոցային բիզնես, ռեստորաններ, ֆինանսական կազմակերպություններ, ինչը ցանկալի չէ:

Համաշխարհային բանկի զեկույցում եզրակացրել են, որ մրցակցությունը կարգավորող օրենսդրությունն անբավարար է, ՏՄՊՊՀ-ի կարողությունները՝ նվազ:

Սակայն հարկ է նշել, որ սույն եզրակացությունները կատարվել են 2009-10 թվականների իրավիճակի գնահատման վրա: Դրանից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը որոշ փոփոխությունների է ենթարկվել, իսկ ՏՄՊՊՀ-ն վարույթներ է հարուցել պետական գնումների շուկայում: Վարույթներ են եղել նաև մուտքի խոչընդոտի ստեղծման վերաբերյալ, խոշոր ընկերության կողմից փոքրերի կլանման փաստով և այլն: Օրինակ՝ «Սիթի պետրոլ գրուփ» ըկերությունը 2012թ. 100 մլն դրամով տուգանվեց փոքր բենզալցակայաններին կլանելու փորձերի համար: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի տուգանքների չափը բարձրացվել է, պետական այդ կառույցը վերջին 2 տարիներին ավելի ակտիվ է վարույթներ հարուցելիս: Սակայն ՏՄՊՊՀ-ն չի ստանում քննչական գործողություններ իրականացնելու թույլտվություն, ինչը նշվել է նաև ՀԲ զեկույցում;

Արդյոք իրականացվող քայլերը բավարա՞ր են: Չնայած ՏՄՊՊՀ ակտիվացմանը՝ շուկայում գերիշխող դիրք գրավողների դիրքերը չեն թուլանում, կենտրոնացվածության աստիճանը չի նվազում: Սա վկայում է այն մասին, որ մենաշնորհների ազդեցության թուլացման վերաբերյալ համակարգային առաջարկություններն այսօր էլ այժմեական են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter