HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պաշտոնյաները՝ իշխանությունների շահերի պաշտպանների ավանգարդում

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Վերջերս Երեւանում կայացավ, կարելի է ասել, աննախադեպ մի միջոցառում։ ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղը կազմակերպել էր «Ընտրական օրենսդրության արդի հիմանահարցերը եւ զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» բավականին հետաքրքիր մի կոնֆերանս։ Այն աննախադեպ էր նրանով, որ նման թեմայով Հայաստանում միջազգային սեմինար էր կազմակերպել ոչ թե որեւէ «արեւմտյան» կազմակերպություն, ինպես սովորաբար լինում է, այլ ԱՊՀ-ի կառույցը, եւ որ ամենակարեւորն է՝ կոնֆերանսի ժամանակ փորձագետների կողմից հնչեցին բավականին խիստ քննադատական գնահատականներ ՀՀ ընտրական օրենսդրության վերաբերյալ, ինչը բնորոշ չէ ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառմանը։

Թեեւ կազմակերպիչները եւ փորձագետները նշեցին, որ ՀՀ-ում ընտրական հարաբերությունների իրավակարգավորման ոլորտում առկա է առաջընթաց, սակայն վերոնշալ ինստիտուտի փորձագետները լուրջ թերություններ էին հայտնաբերել ընտրական օրենսդրության մի շարք հատվածներում։ Փորձագետները խոսեցին, օրինակ, արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հետ կապված խնդիրներից, նշեցին նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանող իրավական նորմերի վերանայման անհրաժեշտության մասին, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման հիմնախնդրի, ընտրակաշառքի բաժանման բացառմանն ուղղված իրավական կառուցակարգերի եւ բողոքարկման գործընթացի կատարելագործման հրամայականի  մասին եւ այլն։ Նշվեց նաեւ, որ արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպելու համար լավ օրենսդրությունը բավարար չէ, դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայություն։

Սակայն վերոնշյալ կոնֆերանսը նաեւ հետաքրքիր էր նրանով, որ ակամայից հանդիսացավ հայ բարձրաստիճան պաշտոնյայի կերպարը բացահայտող հերթական առիթը։ Միջոցառմանը ներկա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն, ի դեպ, շատ ակտիվ էր եւ լավ պատրաստված պաշտոնյայի տպավորություն էր թողնում,  քննադատեց գրեթե բոլոր վերլուծությունները եւ սվիններով ընդունեց ներկայացվող առաջարկները։ Բացի այդ, անդրադառնալով տեղական դիտորդների գործունեության հետ կապված խնդրին՝ Մուկուչյանը նշեց, որ դիտորդների մի մասը սպասարկում է կուսակցությունների շահերը, իսկ մյուս մասը՝ գրանտ տվող կազմակերպությունների եւ պետությունների։ Փաստացի, պետական պաշտոնյան, որը պարտավոր է չեզոք դիրքերից կազմակերպել ընտրությունները, խիստ կողմնակալ մոտեցում է ցուցաբերել՝ կրկնելով իշխանությունների թեզերից մեկը հանրային վայրում, առանց որեւէ ապացույցների, լուրջ մեղադրանք ներկայացնելով ընտրությունների ժամանակ, ըստ էության, հանրային վերահսկողություն իրականացնող գրեթե բոլոր կառույցներին եւ քաղաքացիներին ։

Ի դեպ, պաշտոնյայի կողմնակալության դրսեւորման վերջին նմանատիպ օրինակներից է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «Ազատություն» ռադիոկայանին օրեր առաջ տրված հարցազրույցը, որտեղ վերջինս, անդրադառնալով Պուտինի այցի հետ կապված սպասվող բողոքի ցույցերին, նշել էր. «Մեր հասարակության համար դա նորություն չէ, որ ցանկացած բան փորձեն ինչ-որ մի ձևով աղաղակել, աղավաղել։ Այնպես որ, դրան մոտենում եմ փիլիսոփայորեն»։  ՀՀ ոստիկանապետը, որի գործառույթներից է չեզոք դիրքերից հետեւել, որ ապահովվի ակցիաների անվտանգությունը, կողմնակալ դիրք է ընդունում՝ ակցիաները դեռ չսկսված, կրկնելով իշխանությունների հերթական թեզերից մեկը, գնահատում է բողոքի միջոցառումները որպես ինչ-որ բան աղավաղելու գործողություն։

Պաշտոնյաների կողմնակալության վերոնշյալ օրինակները Հայաստանում պետության եւ իշխող կուսակցության սերտաճման լավագույն ապացույցներից են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter