ՏՄՊՊՀ-ն տուգանել է անբարեխիղճ գովազդատուներին
Այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում որոշում է ընդունվել տուգանք կիրառել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև՝ «ԻդեալԳազ» «Բոնիլատ» և «Nout.am» ընկերությունների նկատմամբ: Տուգանքը կկազմի յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը: Ստորեւ՝ ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրությունը տուգանված ընկերությունների մասին:
1. Անբարեխիղճ գովազդատուները ենթարկվեցին ֆինանսական տուգանքի: Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:
Օրինախախտ ընկերություններն են` «ԲիԷյչԷս» («BHS») հագուստի խանութ-սրահը, «Լօպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով: ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:
«ԲիԷյչԷս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Լ’Օպտիկի» գովազդում մասնավորապես ասվում է. «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդներից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք...»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից...»: Նման բովանդակություններով գովազդներն ուղղակիորեն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում:
2.«Nout.am»-ը մրցակից ընկերության վարկանիշի հաշվին գովազդել է իրեն: «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝ «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես՝ «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «ՌիչՔոմփյութերս»-ից գնել է 365 000 դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 000 դրամ: «Հիմա դուք երևի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,- իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը: «Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:
3.«ԻմէքսԳրուպը» խնդրել է արգելել «Իդեալ» ապրանքային նշանի օգտագործումը այլ տնտեսվարողների կողմից: «ԻմէքսԳրուպ» ընկերությունը դիմել է Հանձնաժողովին՝տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «ԻդեալՀամակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը:Սակայն մեկ այլ ընկերություն՝ «ԻդեալԳազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը ամրագրել է այնփաստը, որ «ԻմէքսԳրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալհամակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «ԻդեալԳազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «ԻմէքսԳրուպի» գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
4.Կաթի փոխարեն՝ թան «Բոնիլատի» տարաներում. Սպառողները դիմում-բողոք են ներկայացրել Հանձնաժողովին: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվելէ, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը: «Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել