
Հայաստանն առայժմ 2-րդն է աշխարհի առաջնությունում
Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան 2,5-1,5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ թիմի նկատմամբ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում: Մեր ընտրանուն հաղթական միավոր է բերել Լեւոն Արոնյանը, որը սպիտակներով հաղթել է Հիկարու Նակամուրային: Կամսկի-Մովսեսյան, Հակոբյան-Օնիշչուկ, Հակոբյան-Սարգսյան պարտիաները ավարտվել են ոչ-ոքի:
Մյուս խաղերում էլ գրանցվել է նույն հաշիվը՝ 2,5-1,5 (Թուրքիա-Եգիպտոս, Հոլանդիա-Գերմանիա, Ուկրաինա-Ադրբեջան, Ռուսաստան-Չինաստան): Ընդ որում՝ հաղթել են բոլոր այն թիմերը, որոնոց առաջատարները խաղում էին սպիտակներով:
3 տուրից հետո առաջատարը Ուկրաինան է, որն ունի նույնքան հաղթանակ եւ վաստակել է 6 միավոր: 5 միավոր ունի մեր ընտրանին (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Անհատական ցուցանիշներով երկու թիմերն էլ վաստակել են 7,5-ական միավոր: 3-4-րդ տեղերում Ադրբեջանն ու Գերմանիան են, որոնք ունեն 4-ական միավոր:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր թիմը կմրցի Չինաստանի հետ, որն ընթանում է 7-րդ տեղում: Կկայանան Լի Չաո-Արոնյան, Մովսեսյան-Դինգ Լիրեն, Բու Քսիանջի-Հակոբյան, Սարգսյան-Յու Յանգյի պարտիաները:
Զուգահեռաբար տեղի կունենան նաեւ Եգիպտոս-ԱՄՆ, Ադրբեջան-Ռուսաստան, Գերմանիա-Ուկրաինա, Թուրքիա-Հոլանդիա մրցավեճերը:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել