
Հայաստանը պարտվեց, սակայն պահպանեց 2-րդ տեղը
Երեկ թուրքական Անթալյայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականն իր առաջին պարտությունն է կրել չինացիներից: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը սեւերով հաղթել է Լի Չաոյին, սակայն երկրորդ եւ երրորդ տախտակների վրա Սերգեյ Մովսեսյանն ու Վլ. Հակոբյանը պարտվել են Դինգ Լիրենին եւ Բու Քսիանջիին: Սարգսյան-Յու Յանգյի պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այսպիսով՝ չինացիները հաղթել են 2,5-1,5 հաշվով:
Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Եգիպտոս-ԱՄՆ՝ 0,5-3,5, Ադրբեջան-Ռուսաստան՝ 1,5-2,5, Գերմանիա-Ուկրաինա՝ 1-3, Թուրքիա-Հոլանդիա՝ 0,5-3,5:
4 տուրից հետո 100-տոկոսանոց ցուցանիշով առաջին տեղում ուկրաինացիներն են, որոնք ունեն 8 միավոր: Հայաստանի հավաքականը շարունակում է պահպանել 2-րդ տեղը 5 միավորով: Վերջին հաղթանակից հետո մեր թիմին հավասարվեցին նաեւ ռուսները, որոնք անհաջող էին մեկնարկել, սակայն եթե անհատական արդյունքներով մերոնք վաստակել են 9, ապա ռուսները՝ 8 միավոր:
Այսօր կկայանա 5-րդ տուրը: Մեր ընտրանին ուժերը կչափի Ադրբեջանի թիմի հետ, որն ընթանում է 5-րդ տեղում: Կկայանան հետեւյալ պարտիաները. Արոնյան-Մամեդով, Սաֆարլի-Մովսեսյան, Հակոբյան-Մամեդով, Դուրարբայլի-Սարգսյան:
Զուգահեռաբար կմրցեն նաեւ Ուկրաինա-Թուրքիա, Ռուսաստան-Գերմանիա, Հոլանդիա-Եգիպտոս, ԱՄՆ-Չինաստան զույգերը: Հիշեցնենք, որ առաջնությունը բաղկացած է 9 տուրից եւ պաշտոնապես կավարտվի դեկտեմբերի 6-ին:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել