
Հայաստանը միավորներ է շռայլում մրցակիցներին. այսօր՝ Գերմանիա-Հայաստան
Անթալյայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում այսօր կկայանա 6-րդ տուրը: Հիշեցնենք, որ 5-րդ տուրում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ՝ 2-2: Խաղաղ ելքով ավարտվեցին Արոնյան-Մամեդով եւ Սաֆարլի-Մովսեսյան պարտիաները: Հակոբյանը սպիտակներով հաղթեց Մամեդովին, սակայն Սարգսյանը սեւերով զիջեց Դուրարբայլիին:
Հատկանշական է, որ վերջերս Եվրոպայի չեմպիոն հռչակված Ադրբեջանը հանդես է գալիս երկրորդ թիմով, քանի որ բացակայում են առաջատարներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, սակայն թե Վաշրավայում, թե Անթալյայում մեր թիմը չկարողացավ կոտրել ադրբեջանցիների դիմադրությունը: Իրենից ավելի ցածր թիմային վարկանիշներ ունեցող չինացիներին պարտվելն ու Ադրբեջանի հետ ոչ-ոքին Հայաստանին, կարելի է ասել, թանկ արժեցան:
Մեր թիմը հայտնվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում՝ վաստակած 6 միավորով: Նույնքան է վաստակել նաեւ Հոլանդիան, որը, սակայն, անհատական ավելի շատ միավոր է ձեռք բերել (11,5` մեր 11-ի դիմաց): Չինաստանն էլ ունի 6 միավոր, սակայն անհատական պարտիաներում հավաքել է 10,5 միավոր: 2-րդ տեղում ռուսներն են 7 միավորով, իսկ առաջատար ուկրաինացիներն ունեն 10 միավոր՝ 100-տոկոսանոց արդյունք: Դժվար է հավատալ, որ նրանք ձեռքից բաց կթողնեն լավ հնարավորությունը:
Մեր թիմը պարտավոր է մնացած 4 տուրերում գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ՝ թույլ չտալով միավորների կորստի շռայլություն, ինչը թանկ է նստել հավաքականի վրա, մասնավորապես, Եվրոպայի վերջին առաջնությունում, եւ հնարավոր է՝ նույնը կրկնվի նաեւ այս անգամ:
6-րդ տուրում կկայանան Գերմանիա-Հայաստան, Եգիպտոս-Չինաստան, Ադրբեջան-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան, Հոլանդիա-Ուկրաինա մրցավեճերը:
Տեղի կունենան Մայեր-Արոնյան, Մովսեսյան-Ֆրիդման, Հակոբյան-Նայդիչ, Սարգսյան-Բարամիձե պարտիաները:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել