
«Եթե քաղաքացիներն ասեն՝ այո, կպաշտպանենք բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի ներդրած հերթական տնտեսական եւ ֆինանսական ավանտյուրան»
Ազգային ժողովում շարունակվում է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցի բուռն քննարկումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ դեմ չէ կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն պետք է բացառել պարտադիր բաղադրիչը: Ըստ պատգամավորի` քաղաքացին ինքը պետք է որոշի՝ հավատու՞մ է այս իշխանություններին, բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին, թե՞ ոչ, ցանկանու՞մ է ապագայում ստանալ բարեկեցությունն ապահովող կենսաթոշակ, թե՞ առաջնորդվում է գործող համակարգով:
Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքներն ընդունվել են 2010-ին: Նաիրա Զոհրաբյանը քաղաքական մեծամասնությանը հորդորեց անընդհատ չհիշեցնել 2010 թվականը, որ իրենք կողմ են քվեարկել օրինագծերին:
«Մեր հիշողությունը շատ լավ է, ամեն ինչ հրաշալի հիշում ենք, բայց մենք որպես քաղաքական ուժ չէինք կարող կանխատեսել, թե այս կառավարությունը 2010-ից առ այսօր ինչ սոցիալական եւ տնտեսական աղետի եզրին կհասցնի երկիրը, որ այսօր խոսել իշխանության եւ այս կառավարության հանդեպ հավատի մասին՝ առնվազն ամենամեծ իլյուզիան է: Այո, մենք չէինք կարող 2010թ. կանխատեսել, որ 2014-ի նախաշեմին ունենալու ենք կործանված տնտեսություն, արտագաղթի խայտառակ տեմպ, այնպիսի կառավարություն, որին, հարցումների համաձայն, բնակչության 75 տոկոսը չի վստահում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա է զգացել այս կառավարության բարեփոխումների արդյունքները, այն է` կատաստրոֆիկ արտագաղթ, աղքատություն, գործազրկության աճ, օտարերկրյա ներդրումների բացարձակ նվազում եւ, որ ամենասարսափելին է, հույսի եւ հավատի կորուստ:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ երկրին եւ քաղաքացիներին վերաբերող հիմնական հարցերը պետք է որոշվեն հանրաքվեով, մինչդեռ առ այսօր որեւէ գերակա հարցի վերաբերյալ հանրության կարծիքը հաշվի չի առնվել: Նա որպես օրինակ նշեց Մաքսային միությանը միանալու հարցը:
«Հիմա եկեք հարցնենք՝ սիրելի քաղաքացիներ՝ ծնված 1974թ.-ից վերեւ, դուք հավատու՞մ եք բարեփոխիչ այս կառավարությանը: Ստանանք պատասխանը, եթե ասեն, որ հավատում են, գոնե ես, առնվազն ԲՀԿ-ի անունից, երաշխավորում եմ, որ կպաշտպանենք բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի ներդրած հերթական տնտեսական եւ ֆինանսական ավանտյուրան»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով չտապալել այս նախաձեռնությունը եւ չենթարկվել կառավարության ճնշումներին ու «մանիպուլյացիաներին»:
Մեկնաբանել