HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կոտրած տաշտակի առաջ...

Այս տարի էլ հայկական ֆուտբոլային թիմերը եվրոպական ակումբային մրցաշարերում անփառունակ ելույթներ ունեցան: Մեր թիմերից վերջինը՝ Երեւանի «Միկան», այսօր տանը պատասխան հանդիպումը կանցկացնի նորվեգական «Վոլերենգայի» հետ, որին Օսլոյում զիջել է 0:1 հաշվով: Սակայն անկախ «Միկայի» հաջորդ փուլ անցնել-չանցնելուց՝ 2011-2012 մրցաշրջանը հայկական ֆուտբոլի համար պետք է կրկին անհաջողների շարքին դասել: Այն, որ 2007-ից հետո մեր ակումբները միջազգային մրցաշարերում չեն կարողանում գոնե մեկ փուլ հաղթահարել, արդեն սովորական է դարձել երկրպագուների համար, որոնք առանձնապես հույսեր չեն կապում դրանց հետ: Աչք է ծակում հատկապես անատամ խաղը հարձակման գծում, ինչի պատճառով էլ վերջին 3-4 տարիներին երկրպագուները մերոնց կատարմամբ գոլերի կարոտ են մնացել: Այսպես՝ եվրոպական մրցաշարերին մասնակցող մեր թիմերը 2008-2011 թթ. իրար հետ միասին կարողացել են խփել ընդամենը 9 գոլ, ինչի  դիմաց ընդհանուր բաց են թողել 63 գնդակ: Հայկական ակումբային ֆուտբոլը եվրոպական ընտանիքում ներկայանում է հենց այս տխուր ցուցանիշով, ինչը մեր թիմերի իրական ուժի ամենավառ ապացույցն է: 

Պատահական չէ, որ նույնիսկ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է ասում, թե մեզ համար այժմ առաջնահերթը ազգային հավաքականի ելույթներն են: Եվ այս նախադասությունը մատի փաթաթան դարձրած՝ կրկնում են որոշ մարզական մեկնաբաններ ու լրագրողներ՝ իրենց կողմից ավելացնելով, թե նոր սերունդ է աճում, ակումբներում շատ են երիտասարդները, որոնց առայժմ չի հերիքում միջազգային փորձն ու վարպետությունը: Իհարկե, չի կարելի բացառել, որ այս ամենի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց ներկայացվող փաստարկները չեն կարող դիտվել որպես արդարացում, մանավանդ որ այդ երիտասարդներն ընդգրկված են տարբեր տարիքային խմբերի մեր հավաքականներում ու պարբերաբար խաղում են միջազգային մրցաշարերում:

Ուղղակի պետք է համարձակություն ունենալ եւ ասել ճշմարտությունը. Հայաստանի ներքին առաջնությունը ներկայացնող 8 թիմերից 5-ը ներկայացնում են Երեւանը, առաջին խմբի առաջնություն, ըստ էության, գոյություն չունի, քանի որ այնտեղ խաղում են միայն բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը: Լոռին, Արարատը, Արմավիրը, Կոտայքը, Արագածոտնը, որոնք ժամանակին սեփական թիմերն ունեին առաջնությունում, ջնջվել են ֆուտբոլային քարտեզից, ինչը նշանակում է այդ մարզերից ֆուտբոլային հնարավոր կադրերի կորուստ: «Քանակը որակ է ապահովում» արտահայտությունը պատահական չի ասված: Երեւանյան մրցաշարի վերածված ներքին առաջնությունը չի կարող ապահովել այդ որակը:

Պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականները համալրվում են գերազանցապես «Փյունիկի» ու «Բանանցի» ֆուտբոլիստներով, ինչից տրամաբանական հարց է ծագում. արդյո՞ք մյուս թիմերը թերանում են որակյալ ֆուտբոլիստներ պատրաստելու եւ ընտրանիներին մատակարարելու գործում, եթե հաշվի առնենք, որ ազգային հավաքականը ճանաչվել է «գերակա ոլորտ», իսկ դրան կադրերով ապահովում է երիտասարդականը, վերջինիս՝ պատանեկանները, սրանց էլ՝ ակումբների մանկապատանեկան դպրոցները: Եվ այս պարագայում որո՞նք են այդ մյուս թիմերի մոտակա եւ հեռահար նպատակները. առաջնությունում կամ գավաթի խաղարկությունում հաջող հանդես գալը, հնարավորության դեպքում մրցանակներ նվաճելն ու եվրագավաթներում գոնե մեկ փուլ հաղթահարե՞լը: Ու ի՞նչ անելիք ունի այս հարցում ֆեդերացիան: Եթե ազգային հավաքականին է տրվում առաջնահերթությունը, ապա կա՞ դրա զարգացումն ու առաջընթացն ապահովելուն ուղղված ռազմավարություն, որը մշակվել է ՀՖՖ-ի կողմից:

Անընդհատ խոսվում է անհաջող ելույթների կամ դրանց ինչ-ինչ արդարացումների, վաղվա լավ օրվա մասին, բայց բավականին քիչ է բարձրաձայնվում, որ Կառավարությունը պետբյուջեից տարբեր գումարներ է հատկացնում նույնիսկ ոմանց անհայտ որոշ մարզաձեւերի, սակայն ամենամասսայական ֆուտբոլը չի ընդգրկվում այդ ցանկում: Ո՞րն է պատճառը: ՀՖՖ գործկոմում կան ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ անդամներ, բիզնեսմեններ, նախկին ու ներկա հայտնի դեմքեր. նրանց համար դժվա՞ր է պաշտոնական պարզաբանում ստանալ կամ հարցին դրական լուծում տալ: Չնայած, մեծ հաշվով, ՀՖՖ-ին օգնում են ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն, եւ միգուցե Կառավարությունը հենց այս պատճառով է գումարները «խնայում» ռեգբիի, կանոեի, գեղալողի ու ուշուի համար, սակայն մյուս կողմից՝ այդ նույն Կառավարությունը իրեն ենթակա մարզպետարաններին չի պարտադրում պատշաճ ուշադրություն դարձնել շրջաններում ամենամասսայական մարզաձեւի զարգացմանը: Եթե, օրինակ, նախկին խորհրդային երկրներից շատերում պետության միջամտությամբ ամեն մի նահանգ իր սեփական թիմն ունի, ապա մեզանում բացակայում է դրա անհրաժեշտության գիտակցումը: Չնայած այստեղ էլ մեր մարզպետարանները կարող են արդարանալ, թե հատկացվող սուղ բյուջեով փորձում են լուծել առավել կարեւոր՝ սոցիալ-տնտեսական խնդիրներ եւ չեն կարող սեփական ֆուտբոլային թիմ պահելու շռայլություն թույլ տալ իրենց:

Այլ կերպ ասած՝ երբ սեփական բնակչության տարրական սոցիալական խնդիրները լուծել չկարողացող Կառավարությունը մարզաձեւին աջակցելու փող «չունի», իսկ փող ունեցող օլիգարխ-բիզնեսմեններն էլ թիմ են ստեղծում կամ եղածի հովանավոր դառնում՝ սեփական նախասիրություններից ու շահերից ելնելով, որոնք ամեն պահի կարող են փոխվել՝ հանգեցնելով թիմի լուծարմանը կամ սնանկանալուն, ահա այս պարագայում հայկական ֆուտբոլը կանգնում է կոտրած տաշտակի առաջ:            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter