
«ՊԵԿ-ը եւ դատախազությունը էդպես էլ «չմիջամտեցին» թալանը կանխելու համար»
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությանը, ՊԵԿ-ի քննիչին ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի փաստաբանների կողմից ներկայացվել են հիմնավոր փաստեր Կառավարչի և դատավորների միջև համաձայնեցված և կանխամտածված կերպով ընկերության մնացած գույքը անօրեն կերպով բռնագրավելու եւ «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲԸ-ի, այսինքն` Վլադ Մանգասարյանի, պահանջները բավարարելու մասին: Սակայն ՊԵԿ-ի և դատախազության կողմից ոչինչ չի ձեռնարկվել շարունակական բնույթ կրող անօրենությունը, այն է` արդեն սնանկության վարույթով ընկերությունում շարունակվող թալանը գոնէ ժամանակավորապես կասեցնելու համար: Ավելին, նույնիսկ քրեական գործի առկայության դեպքում էլ բազմաթիվ խախտումներով սնանկության գործով դատավորի մայիս 17-ի կայացարած որոշմամբ ընկերության տնօրեն Է.Եսայանին փոխարինած կառավարիչ Ղամբարյանի ստորագրությամբ մայիս 21-ին ընկերությունից ևս $1.200.000 արժեքով տարածքներ հանձնվեցին «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲԸ-ի (Վլադ Մանգասարյանի) կողմից նշված անձանց:
Այն, ինչի մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էր ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանը:
Եթե Է. Եսայանը հարկադրանքով կամ «30-ական արծաթադրամներով» է փոշիացրել ընկերության տարածքներն, ապա կառավարիչը գործում է «Սնանկության մասին» օրենքի քողի տակ և դրա համար վարձատրվում է նույն օրենքով սահմանված տոկոսներով, այսինքն` ընկերության տարածքների օտարման գործարքներով «օրենքով սահմանված տոկոսների չափով փայատեր է» Վլադ Մանգասարյանի հետ:
Դեռևս այս տարվա մարտին ես` Էդմոնդ Խուդյանս, դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Լոս Անջելեսում հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին, ավելի ուշ (մայիսին)` արդարադատության նախարարին` այն մասին, որ կազմակերպած խումբ է գործում և խնդրել եմ նրանց օգնությունը:
Պատասխան է ստացվել դատախազությունից, որ քրեական գործ է հարուցված, իսկ արդարադատության նախարարությունից պատասխան է ստացվել, որ իրավասու չեն միջամտել:
Չնայած քրեական գործը Էդմոնդ Խուդյանիս դիմումի հիման վրա չի հարուցվել, այլ, իբր, հարկայինի պետի 2010 թ. հուլիսի ինչ-որ գրության հիման վրա, որը փաստորեն 10 ամիս ուսումնասիրվել է մինչ քրեական գործի հարուցումը, այնուամենայնիվ, ընձեռնված հնարավորությունից եւ քննության օժանդակելու նպատակով, տրամադրել ենք լիարժեք փաստեր խմբակային հանցագործությունները բացահայտելու, կատարողներին կալանավորելու և երկու ամիս առաջ կառավարչի մասնակցությամբ կատարված թալանը կանխելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս հարցը «վերևներից» փակուղին են տանում:
Քննությունն իրականացվում է փակ դռների հետևում, սակայն Վլադիսլավ Մանգասարյանին և Էդուարդ Եսայանին մոտ կանգնած մարդկանցից տեղեկանում ենք, որ նրանց անգամ չեն հարցաքննել և տպավորություն է ստեղծվում, որ քրեական գործի հարուցում այլ նպատակ է հետապնդել, իսկ քննությունն այլ ուղղությամբ է տարվում:
Այդ նպատակներից մեկն, իմ կարծիքով, ընկերությանը սպասարկող հարկայինի պետին ապահովվագրելն էր: Քանի որ հարկայինի պետը, որն, ըստ քրեական գործ հարուցելու որոշման, իբր, 2010-ի հուլիսին զեկուցել է ընկերության կողմից հարկերը չվճարելու մասին, «Հարկերի մասին» օրենքի 30 հոդվածի հիմքով ընկերության գույքի հետագա օտարումը կասեցնելու և իր իրավասության շրջանակներում գույքի վրա արգելանք դնելու փոխարեն, գործելով Վլադ Մանգասարյանի «խնդրանքով», 120.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունների առկայության պայմաններում, 2010-ի սեպտեմբերին հրահանգ է տվել մի քանի հարկային աշխատողների, որ նստեն նոտար Աիդա Աբրահամյանի մոտ և իրականացվի ընկերության գույքի օտարման նոր գործարքներ, այդ թվում թիվ 22 բնակարանի օտարումը Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին:
Ի դեպ ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ է քննվում Լուսինե Գյուլխասյանի դիմումի հիման վրա, որը 06.12.2007 թ.-ին նոտարական կարգով կնքված պայմանագրով Ռուբեն Մանգասարյանից ձեռք է բերել թիվ 22 բնակարանի գնման իրավունքը: Քանի որ Ռուբեն Մանգասարյանը նույն օրը ընկերության հետ կնքած պայմանագրով գումար չէր վճարել ընկերությանը Լուսինե Գյուլխասյանից հենց բանկում ընկերության հաշվապահի ներկայությամբ գանձվել է $122.000, որը Է.Եսայանի կողմից նույն պահին մուտքագրվել է ընկերության բանկային հաշվեհամարին, սակայն 2010-ի սեպտեմբերին թիվ 22 բնակարանը անհատույց հանձնվել է Ռուբեն Մանգասարյանին:
Ըստ քրեական գործ հարուցելու որոշման, Ընկերության հարկային պարտավորությունը 03.05.2011թ.ի դրությամբ կազմում է ավելի քան 139.000.000 ՀՀ դրամ, սակայն միևնույն Հարկայինի պետը սնանկության գործով 06.12.2010թ. դրությամբ ներկայացրել է 104.000.000 ՀՀ դրամի պահանջ:
2010-ի հոկտեմբերից հետո ընկերությունը որևէ գույք չի օտարել քանի որ գտնվել է սնանկության վարույթում: Սա էլ հո Էդմոնդ Խուդյանի շահերին չի վերաբերում: Ով և ինչ հաշվիչով է հաշվում հարկային պարտավորությունների չափը, մի՞թե հարկային տեսչությունում 30%-ով պակաս են հաշվում հարկերը, թե Վլադ Մանգասարյանի հանդեպ է հարկայինը նման կերպ աշխատում: Մի՞թե հարկային մարմնի ղեկավարությունը կամ դատախազությունը չեն տիրապետում այդ թվերին և եղելությանը, թե` աչք են փակում:
Ըստ իս, ԱԱՀ-ի գումարի` 20%-ի գանձման փաստով գոնե ի դեմս պետության իմ բիզնեսում «անկաշառ և աչալուրջ գործընկեր» ունեմ և դրա վրա էլ եմ հույս դրել, սակայն արի ու տես, որ 30%-ն են անտեսում:
Եթե հարկայինի պետն իր դիրքերում լիներ, ապա «կանխամտածված սնանկություն» չէր լինի: Հարկայինի պետը 2010 թ.-ի դրությամբ գործող «Սնանկության մասին» օրենքով պարտավոր էր 2010-ի օգոստոսին դիմել ընկերության սնանկության համար, որի դեպքում ևս մի քանի հազար քմ տարածք չէր փոշիացվի, այդ թվում 1708 քմ մակերեսով շինությունը, որի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացված են քննիչին և կառավարչին, սակայն ոչինչ չի արվում:
Հետևապես քրեական գործը հարուցվել է հարկայինի պետի անօրինությունները քողարկելու նպատակով, ինչպես նաև բացառապես Էդմոնդ Խուդյանիս դեմ ցուցմունքներ հավաքելու իմաստով: Ես իմ յուրաքանչյուր ներդրած և մասամբ հետ ստացած լումայի կամ ցենտի համար օրինական հիմքեր ունեմ և պատասխանատու եմ, իսկ ընկերությանը թալանած և պետությանը գումարներ չվճարած անձինք որևէ դրամի պատասխանը չունեն, այդ իսկ պատճառով իրենց հովանավորների թիկունքում են գտնվում և չեն հարցաքննվում:
Իսկ հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու հիմնական և անվիճելի փաստով քրեական գործ չի հարուցվում, քանի որ այդ ժամանակ ընկերության տնօրենին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելն անխուսափելի կլինի: Նա ընտանիք ունի և ակամա կպատմի եղելությունը…
Իմ գործերով դատարաններում տիրող անօրինականությունների մասին այս տարվա մայիսին իմ փաստաբանը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին և ի զարմանս ինձ պատասխանը ստացվել է արդարադատության նախարարությունից, որ իրավասու չեն դատարանի որոշումներին միջամտելու:
Կազմակերպված սնանկության և դատավարության շրջանականերում դեռևս շարունակում է թալանը և վերը նշված պետական այրերը բացարձակապես «անտեսել» են իմ դիմումները, իսկ ՊԵԿ-ն իր քննիչներով և դատախազությունը էդպես էլ «չմիջամտեցին» թալանը կանխելու համար:
Այսօր ստեղծված իրավիճակը ապացուցում է այն, որ այս հարցը վերևներից փակուղի են տարվում, սակայն բոլոր օրինական միջոցներով իմ պայքարը շարունակելու եմ:
Էդմոնդ Խուդյան
Գլենդեյլ, ԱՄՆ, հուլիսի 21, 2011
Մեկնաբանել