
Հայ շախմատիստները հիասթափեցնում են
Հայ շախմատիստները շարունակում են հիասթափեցնել երկրպագուին իրենց անհաջող ելույթներով: Անթալյայում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում մեր թիմը 1-3 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն, որն իր վարկանիշով զիջում է Հայաստանին: Արոնյանը սեւերով եւ, իսկ Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղացին Մայերի եւ Բարամիձեի հետ: Մովսեսյանը սպիտակներով պարտվեց Ֆրիդմանին, իսկ Հակոբյանը՝ սեւերով Նայդիչին:
Մյուս հանդիպումներում գարնցվել են հետեւյալ հաշիվները. Եգիպտոս-Չինաստան՝ 1-3, Ադրբեջան-ԱՄՆ՝ 1,5-2,5, Թուրքիա-Ռուսաստան՝ 1-3, Հոլանդիա-Ուկրաինա՝ 2,5-1,5:
6 տուրից հետո առաջին տեղում Ուկրաինան է՝ 10 միավորով: Ռուսաստանը (9) երկրորդն է: Հոլանդիան ու Չինաստանն ունեն 8-ական միավոր, ԱՄՆ-ն, Հայաստանն ու Գերմանիան վաստակել են 6-ական միավոր:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում կխաղան Հայաստան-Թուրքիա, Ուկրաինա-Եգիպտոս, Ռուսաստան-Հոլանդիա, ԱՄՆ-Գերմանիա, Չինաստան-Ադրբեջան զույգերը:
Կկայանան, մասնավորապես, Արոնյան-Իպատով, Սոլակ-Հակոբյան, Սարգսյան-Յիլմազ, Ջան-Պետրոսյան պարտիաները:
Պատահական չէ, որ այս անգամ չի խաղում Սերգեյ Մովսիսյանը: Հայաստանի երկրորդ տախտակի վրա հանդես եկող շախմատիստը այս տարի աչքի է ընկնում անկայուն ու անհաջող ելույթներով: Վարշավայում ավարտված Եվրոպայի առաջնությունում Մովսեսյանը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 4 միավոր՝ կրելով 2 պարտություն: Անթալյայում նույնպես Սերգեյը հասցրել է արդեն 2 պարտություն կրել 6 պարտիայում՝ մյուս 4 մրցավեճերում բացառապես ոչ-ոքի խաղալով: 2 պարտություն ունի նաեւ Վլ. Հակոբյանը:
Ըստ էության, հայ շախմատիսների վրա ազդել է Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների խիստ գրաֆիկը: Եթե նույն Ռուսաստանն ու Ուկրաինան թարմացրել են իրենց կազմերը, ապա Արշակ Պետրոսյանի սաները կարեւորագույն մրցաշարերին մասնակցում են առանց կադրային փոփոխությունների, այնինչ հիմա հասկանալի է դառնում, որ նման ծանրաբեռնվածության պարագայում կարելի էր շեշտը դնել մեկ մրցաշարի վրա՝ մյուսին գործուղելով թարմացված կազմ, որում հանդես կգային հեռանկարային երիտասարդները:
Աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի ընտրանուն պատիվ չեն բերում նման ելույթները: Եթե այսքանից հետո մեր թիմը մրցանակային տեղ զբաղեցնի, պետք է գոհ լինենք: Իսկ մեծ հաշվով հավաքականը ձախողեց թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնությունները, որոնցում ամենամեծ սպասելիքներ ունեինք:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել