HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունեց Իրաքի արտգործնախարարին

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զիբարիի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունեց ԱԳ նախարարի այցը Հայաստան` նշելով, որ վերջին շրջանում  հայ-իրաքյան հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ երկու կողմից դրանց խորացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում: «Երեւանում Իրաքի դեսպանության վերաբացումը,  միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերական անցկացումը, գործարար համաժողովների կազմակերպումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները համագործակցության զարգացման  լայն հնարավորություններ են ստեղծում»,-նշեց փոխվարչապետը:

Երկկողմ  հարաբերությունների խորացման տեմպերը նա գոհացուցիչ համարեց` միաժամանակ ընդգծելով, որ փոխգործակցությունն առավել ընդգրկուն դարձնելու առումով դեռ անելիքներ կան:

Իրաքի ԱԳ նախարարն իր հերթին  գոհունակությամբ նկատեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում` համաձայնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկուստեք կարեւոր աշխատանքներ են  կատարվել: Նա վստահեցրեց, որ իր երկիրը հետեւողական է` Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում: «Բոլոր  դռները բաց են Հայաստանի հետ համագործակցության համար»,-ընդգծեց նա:

Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւորեցին օդային ուղիղ հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով  հարաբերությունների զարգացման հեռանկարներին` փոխվարչապետը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի համար առաջիկայում օրակարգային է հարցերի երեք խումբ` իրավապայմանագրային դաշտի ամբողջացում,  երկու երկրների միջեւ հաղորդակցության օպտիմալ սխեմաների  մշակում եւ կիրառում, այդ թվում` ուղիղ օդային հաղորդակցության հաստատում,  եւ  երրորդը` մուտքի արտոնագրային  ռեժիմի դյուրացում: 

Հոշիար Զիբարին վստահեցրեց, որ իրաքյան կողմը պատրաստակամ է աշխատանքներ իրականացնել նշված ուղղություններով: ԱԳ նախարարն առաջարկեց նաեւ հայ  գործարարների այց կազմակերպել Իրաք` տեղում փոխգործակցության  հնարավորություններին ծանոթանալու համար:

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց,  որ անցած ամիս Երեւանում կայացած  միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայկական կողմը ներկայացրել է հայ-իրաքյան գործարար  խորհրդի  կազմի մասին առաջարկություն, ըստ որի` խորհրդի կազմում ընդգրկվածների մեծ մասը գործարարներ են: Խորհուրդը  գործելու է մշտապես` անկախ միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերականությունից:

Տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter