2015-ի գարնանը Երևանը կդառնա Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
Մինչ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսում և Կազանում մասնակցում էին տարածաշրջանային երկու միավորների գագաթնաժողովներին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) Զագրեբում հայտ էր ներկայացրել 2015 թ.-ին հյուրընկալել եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը` դրանով իսկ Երևանը հռչակելով եվրոպական ուսանողական մայրաքաղաք:
Ս.թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական ուսանողական միության (ԵՈւՄ-հովանոց կազմակերպություն 39 երկրների 47 ազգային ուսանողական միությունների ավելի քան 15 միլիոն ուսանողների համար) 65-րդ կառավարման խորհրդի ժամանակ ընտրվեց ԵՈւՄ 68-րդ կառավարման խորհրդի հյուրընկալող կազմակերպությունը և երկիրը: 2015 թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստաի ուսանողական ազգային ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի ազգային ուսանողական միությունը (Իսրայել): Պայքարը բավական թեժ էր, քանի որ իսրայելական ուսանողական միությանն աջակցում էին միջերկրածովյան տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների ուսանողական ազգային միությունները: ՀՈւԱԱ-ն մեծ աջակցություն էր ստանում կենտրոնական, արևելյան, արևմտյան և հյուսիսային Եվրոպայի երկրների ուսանողական ազգային միություններից: ՀՈւԱԱ հյուրընկալման հայտի ներկայացումն իրականացրեց կազմակերպության միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Քոչարյանը: Բավական բովանդակալից ներկայացում, սուր հարցադրումներ` սկսած միջոցառման հյուրընկալման ֆինանասվորման հարցերից Հայաստանի կայացրած աշխարհաքաղաքական որոշումից` դեպի Մաքսային միություն, վերջացրած Ադրբեջանի ուսանողական միության ներկայության հարցերով:
Երկու միությունների ներկայացումներից հետո ԵՈւՄ լիիրավ անդամները որոշեցին հյուրընկալման հարցի քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի ձևաչափով: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրական հանձնաժողովը արձանագրեց.
- Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի օգտին 41 կողմ,
- Իսրայելական ազգային ուսանողական միության օգտին 26 կողմ,
- անվավեր 1,
- ձեռնպահ 2:
Այսպիսով՝ 2015 թ.-ի գարնանը Երևանը կդառնա ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ: Շնորհավորում ենք հայ ուսանողությանը և հատկապես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ողջ անձնակազմին: Սա մեծ ձեռքբերում և հատուկ նվեր է կազմակերպության 10-ամյա հոբելյանին ընդառաջ:
Այս մասին հայտնում են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել