HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Հայռուսգազարդի» ռուսիֆիկացման պատմությունը

Ինչպես հայտնի է, ռուսական «Գազպրոմը» պատրաստվում է գնել «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 % բաժնեմասը (մնացյալ 80 %-ը ներկայում պատկանում է «Գազպրոմին»): Վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ընթացքում: Գործարքը գնահատվում է 155 մլն դոլար:

Այնպես է ստացվել, որ Հայաստանի բոլոր 3 նախագահներն էլ իրենց լուման են ներդրել Հայաստանի գազատրանսպորտային համակարգը «Գազպրոմին» փոխանցելու գործում: «Ռուսիֆիկացման» գործընթացը սկսվել է 1997 թ.:

Մինչ այդ գազատրանսպորտային համակարգը կառավարում էր պետական «Հայգազարդ» կոնցեռնը, որը հասցրել էր զգալի պարտքեր կուտակել, բարվոք չէր վիճակը սպառողներին մատակարարված գազի դիմաց գումարների հավաքագրման հարցում:

Օտարման առաջին քայլը կատարվել է 1997 թ. հունվարի 18-ին, երբ վաչապետ Արմեն Սարգսյանը Մոսկվայում «Գազպրոմի» հետ համաձայնագիր կնքեց ՀՀ տարածքում գազամուղների կառուցման և շահագործման, ՀՀ տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության և երրորդ երկրներ դրա տարանցման մասին: Այդ համաձայնագրի հիման վրա նույն թվականի օգոստոսի 30-ին Երևանում կնքվեց (արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարության կողմից) հիմնադիր պայմանագիր «Հայռուսգազարդի» ստեղծման մասին՝ «Հայգազարդի» բազայի վրա:

Ըստ այդմ՝ նորաստեղծ ընկերությունը հիմնվեց 50 տարի ժամկետով, բաժնեմասերի 45 %-ը պատկանում էր ՀՀ կառավարությանը, 45 %-ը՝ «Գազպրոմին», 10 %-ը՝ ռուսական մեկ այլ ընկերության ՝ «Իտերային»: Այսպիսով՝ «Գազպրոմը» ոչ թե ակտիվներ է գնում, այլ մատակարարումների կայունության ու ներդրումների խոստման հիման վրա ստանում է հայկական գազատրանսպորտային համակարգի կառավարման իրավունք: «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը ստեղծման պահին 280 մլն դոլար էր:

Մինչ այդ ՀՀ էներգետիկայի նախարարությունը հաստատել էր հանրապետության գազամատակարարման վերականգնման ծրագիրը, որի շրջանակներում «Հայգազարդ» պետական կոնցեռնը տրոհվել էր «Հայգազարդ», «Հայտրանսգազ» և «Հայգազ» ՊՁ-ների: Սա կատարվեց հետևյալ նկատառումով: Քանի որ նախկինում կուտակվել էին պարտքեր, իսկ ռուսական կողմը չէր ցանկանում այդ պարտքերի  համար պատասխանատվություն ստանձնել, բոլոր կրեդիտորական պարտքերը փոխանցվեցին «Հայգազի» հաշվեկշռին: «Հայռուսգազարդն», այսպիսով, ստանում էր անհուսալի պարտքերից ձերբազատված «Հայգազարդը» և խողովակաշարերն ու գազապահեստարանը կառավարող «Հայտրանսգազը» (հաջորդ տարի այն վերանվանվեց «Տրանսգազ» ու մինչ այսօր էլ գտնվում է «Հայռուսգազարդի» կառուցվածքում): Իսկ «Հայգազն» այդպես էլ մնաց որպես էներգետիկայի նախարարության համակարգի պետական ձեռնարկություն՝ մշտապես աճող պարտքերով (դրանց հետագայում կուտակվեց նաև «Նաիրիտի» պարտքերի մի մասը):

«Գազպրոմի» հետ 1997 թ. կնքած համաձայնագիրն ու այդ ընկերությանը փոխանցված ակտիվները հիմք ծառայեցին, որ Հայաստանը ստանա գազ համեմատաբար էժան գներով, ինչպես նաև որոշ ներդրումներ կատարվեցին գազատրանսպորտային համակարգում (այդ թվում՝ մեծացվեց գազի պահուստարանը):

2001 թ. «Հայռուսգազարդը» սկսեց բնակչության գազիֆիկացման լայնամասշտաբ ծրագիր՝ ներգրավելով նաև բնակչության միջոցները: Գազատարը հասցվում էր մինչև բնակելի վայր, իսկ կոնկրետ բնակարանի գազիֆիկացման ծախսը հոգում էր բնակիչը: Արդյունքում՝ գազիֆիկացման մակարդակը 21 %-ից  հասցվեց 95 %-ի:

Թեև «Հայռուսգազարդի» հիմնադիր պայմանագիրը նախատեսված էր 50 տարվա համար, Հայաստանին գազի մատակարարման հարցում շուտով առաջացան խնդիրներ: Միջազգային շուկայում գազն անընդհատ թանկանում էր, իսկ Ռուսաստանը չէր համաձայնում Հայաստան մատակարարվող գազի գինը թողնել անփոփոխ:

2006 թ. Ռուսաստանը կրկնակի բարձրացրեց Հայաստանին առաքվող գազի սակագինը՝ սահմանելով 110 դոլար 1000 խոր.մետրի համար (միջազգային շուկայոմ գազի գինն արդեն բարձր էր 300 դոլարից):

Նոր գինը գոնե մի քանի տարի կայուն պահելու համար 2006 թ. Հայաստանը Ռուսաստանին 250 մլն դոլարով վաճառեց Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ բլոկը, որից 190 մլն դոլարը նախատեսված էր գազի գնի սուբսիդավորման համար: Արդեն 2008 թ. սուբսիդիայի գումարները սպառվեցին, ու Հայաստանը կրկին ստիպված էր համակերպվել գազի թանկացման հեռանկարի հետ:

Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկում ներդրումներ անելու կապակցությամբ «Հայռուսգազարդը» 2007 թ. բաժնետոմսերի լրացուցիչ (118 մլն դոլար) էմիսիա կատարեց, որոնք ամբողջությամբ գնեց «Գազպրոմը»: Արդյունքում՝ «Գազպրոմը» դարձավ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 58 %-ի սեփականատեր, իսկ մեր կառավարության մասնաբաժինը իջավ մինչև 35 %, «Իտերայինը»՝ մինչև 7%:

Նույն սխեման օգտագործվեց նաև Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված: 2007 թ. ապրիլին «Հայռուսգազարդը» ստացավ գազամուղի 40 կմ հատվածը (Մեղրի-Քաջարան)՝ պարտավորվելով կառուցել Քաջարան-Արարատ հատվածը: Գործարքի այլ մանրամասներ հրապարակված չեն, սակայն հայտնի է, որ «Հայռուսգազարդը» 186 կմ լրացուցիչ գազամուղի շինարարության նպատակով ներդրել է 52 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար): Դրանից հետո 2008 թ. «Հայռուսգազարդը» կրկին իրականացրեց բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիա ու բոլոր այդ լրացուցիչ բաժնետոմսերն անցան «Գազպրոմին»: Ընդհանուր առմամբ՝ 2006-2008 թթ. «Հայռուսգազարդն» իրականացրել է 550 մլն դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումներ, որոնք բոլորն էլ անցել են «Գազպրոմին»: Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է մինչև 900 մլն դոլար:

Բոլոր այս ոչ այնքան հրապարակային գործարքների ու գործընթացների արդյունքում 2008 թ. ընթացքում ձևավորվեց «Հայռուսգազարդի» բաժնետերերի հետևյալ համամասնությունը՝ «Գազպրոմ»՝ 75 %, ՀՀ կառավարություն՝ 20 %, «Իտերա»՝ 5 %:

2009 թ. մարտին «Իտերան» իր մասնաբաժինը վաճառեց «Գազպրոմին»: Նշենք նաև, որ 2008 թ. Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր կնքեցին այն մասին, որ գազի գինն այսուհետ ճշտվելու է յուրաքանչյուր տարի, ու դրանից անմիջապես հետո՝ 2009 թ., գազի գինը բարձրացավ 50 %-ով: Սրանով փաստորեն վերջ տրվեց 1997 թ. կնքված համաձայնագրին, որն առանց այն էլ արդեն չէր պահպանվում:

Այսպիսով՝ գազի գնի կայունությունն ապահովելու համար անցնող 25 տարում Հայաստանը Ռուսաստանին մաս-մաս զիջել է գազատրանսպորտային համակարգը (ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը), ինչպես նաև՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր Հայաստանի անկախությանն ու պետականությանը սպառնող ԱՄԵՆԱՄԵԾ 2 վտանգներն են՝ ա) «Գազպրոմը», բ) Հայաստանում ռուսական բազան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter