HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ռուսաստանը գիտի` ինչ անել

Արդեն երրորդ հարյուրամյակն է, որ Ռուսաստանում հնչում է «Ի՞նչ անել» ճակատագրական հարցը։ Ճակատագրական ոչ միայն (եւ գուցե ոչ այնքան) ռուսաստանցիների, որքան հարեւանների, հատկապես երբեւէ ռուսական տիրապետության տակ գտնված ժողովուրդների համար։

Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին առաջ եկավ բախտակից երկրները միավորող «մերձավոր արտասահման» անունը, ինչպես նաեւ ավելի ընդհանուր եւ չեզոք «ետխորհրդային տարածություն» տերմինը, բայց վերջերս լսեցի բոլորովին նոր ձեւակերպում՝ «ռուսական պատմական պատասխանատվության տարածություն»։

Վերջին դեպքում ռուսական մղումներն ու մտադրությունները՝ որպես աշխարհաքաղաքական հրամայականներ, միանգամայն հստակ եւ ընթեռնելի տեսք են ստանում։ Խոսքը ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ի՞նչ անել» կիրակնօրյա հաղորդման վերջին թողարկումներից մեկի մասին է, որի թեման էր. «Ետխորհրդային տարածություն. հին խնդիրներ, նոր իրողություններ»։

Ինչպես սովորաբար լինում է, հաղորդմանը մասնակցում էին պաշտոնյաներ, Դումայի պատգամավորներ, գիտնականներ եւ փորձագետներ՝ հիմնականում բոլորն էլ կայսրության ճակատագրով մտահոգ, ռուսական ենթադրյալ շահը ամեն ինչից վեր դասող մարդիկ, ուստի մասնակիցների անունները նշելը կարեւոր չէ։

Ինչպես հաղորդման վերջում նշեց վարողը՝ Վիտալի Տրետյակովը, խոսակցությունը քաոսային էր, եւ ես կփորձեմ ներկայացնել ոչ թե բանավեճի ընթացքը, այլ հիմնական թեմաներից մի քանիսը։

Առաջինը Արեւմուտքի հետ Ռուսաստանի եւ մյուս ետխորհրդային երկրների հարաբերություններն են։ Արդյո՞ք Արեւմուտքը ճանաչում է Ռուսաստանի ազդեցության իրավունքները ետխորհրդային տարածքի նկատմամբ։

Այս հարցը միարժեք պատասխան չունի, բայց պարզ է, որ Արեւմուտքը ջանքեր է գործադրում՝ արգելափակելու Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանն ուղղված գործողությունները։

Այդ առումով հատկապես ընդգծվեց ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությունը։ Հստակ է նաեւ, որ ետխորհրդային երկրներից շատերը տատանվում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ փորձելով համագործակցել եւ մեկի, եւ մյուսի հետ։

Ինչո՞ւ հենց հիմա հրատապ դարձավ այս թեման կամ ավելի ճիշտ, եթե հաշվի առնենք, որ այս հարցը վերջին 15 տարիներին միշտ եղել է նմանատիպ քննարկումների օրակարգում, ո՞րն է այս պահի առանձնահատկությունը։

Բանավեճի մասնակիցներից մեկը բնորոշեց ներկա պահը որպես «աշխարհաքաղաքական պաուզա», որի ընթացքում իբրեւ թե ծանրութեթեւ է արվում ստեղծված իրադրությունը, ինչ-որ բաներ վերագնահատվում են, եւ որին կարող է հաջորդել փլուզված կայսրության նախկին սուբյեկտների վերաինտեգրման ընթացքը։

Այժմ կարելի է արձանագրել, որ վերջապես Ռուսաստանը` որպես աշխարհաքաղաքական դերակատար, գտել է իր տեղը, ճշտել սեփական դիրքորոշումը եւ ճանապարհը, եւ դրա շնորհիվ ետխորհրդային երկրները ձգվում են դեպի նախկին «մեծ եղբայրը»։ Կան նպաստավոր հանգամանքներ եւ, իհարկե, խոչընդոտներ։

Մինչեւ հիմա վերամիավորման գաղափարները ձեւավորվել են խորհրդային կայսրության փլուզումից հետո մնացած հիմքերի վրա եւ այդ պատճառով էլ հաջողություն չեն ունեցել։

Հիմա ամեն բան սկսվում է նոր հիմքի վրա, նոր գաղափարներով։ Հիմքը կամ վերամիավորման նոր սկզբունքի սաղմերը տրված են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությամբ։

Քննարկվում է միասնական տարադրամի ստեղծման հարցը։ Ենթադրվում է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը եւս իր դերը խաղաց այս զարգացումների մեջ։

Բայց հիմնական բանը, որ ուրվագծվում է այս ամենի հորիզոնում, միասնական տնտեսական տարածությունն է։ Այդուհանդերձ, բանավեճի մասնակիցները միակարծիք չէին այն բանում, թե Ռուսաստանն իսկապես ունի գրավիչ գաղափար, ինչպես նաեւ այն հարցում, թե ինչը պետք է գերակշռի այդ գաղափարում՝ պրագմատի՞զմը, այսինքն՝ տնտեսական չափումը, թե՞ գաղափարաբանությունը («պետք են գաղափարներ»)։

Եզրակացությունը կարելի է ձեւակերպել այսպես. միասնական տնտեսական տարածության գաղափարը հարստացվում է ավելի «բարձր» գաղափարաբանությամբ։

Ըստ այդմ` վերամիավորումը թույլ կտա հաղթահարել գլոբալացման անցանկալի հետեւանքներից շատերը։ Ներկա գլոբալ համակարգը սպանում է ազգային պետությունները եւ ծնում ազգայնամոլություն։

Մեծ տերության հովանու տակ համախմբված ետխորհրդային երկրները կկարողանան աշխատանքի բաժանման գլոբալ շուկայում գրավել իրենց արժանի տեղը՝ միաժամանակ հասկանալով, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը սեփական ազգային ինքնությունը պահպանելու միակ իրատեսական ուղին է։

Ավելին, ոմանց կարծիքով` Ռուսաստանը պետք է ձգտի ստեղծել ինքնուրույն քաղաքակրթական տարածաշրջան՝ սեփական մշակույթով եւ ավանդությամբ («ինպես ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Հնդկաստանը»)։

Ահա վերամիավորման գաղափարը ամրապնդող փաստարկներից մի քանիսը։ Արդեն անցել է Մոսկվայի դեմ ուղղված ազգային-ազատագրական պայքարի փուլը։

Այժմ շատ ավելի կարեւոր են տնտեսական-սոցիալական խնդիրները, եւ նախընթաց ժամանակահատվածում ձեռք բերված սուվերենությունը այս փուլում նախկին խորհրդային երկրների համար դառնում է ռեսուրս, որը կարելի է վաճառել կամ փոխանակել։

Օրինակ՝ եթե Եվրամիություն մտնելու համար Ուկրաինան պետք է մոտենա եվրոպական երկրների մակարդակին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով։ Պատասխանը մեկն է՝ նման բան հնարավոր է միայն Ռուսաստանի օգնությամբ։ Ետխորհրդային երկրները արդեն հասկացել են, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում լուրջ ներդրումներ անել նրանց տնտեսության մեջ։ Այսինքն՝ այլեւս չկան նախկին հույսերը, թե Արեւմուտքը կօգնի։

Արեւմուտքը պահանջում է, որպեսզի ետխորհրդային երկրները աշխատեն եւ սեփական ուժերով հասնեն պահանջվող մակարդակին, բայց նախ՝ եվրոպական մակարդակին հասնելուց հետո ի՞նչ իմաստ ունի մտնել Եվրոպա, երկրորդ՝ արդեն ակնհայտ է, որ դա վեր է նրանց ուժերից. «Հիմա հարցը նրանց մոտ այլ կերպ է դրված. գուցե մեր անկախության մի մասը զիջենք Մոսկվային, եւ նա մեզ օգնի»։

Եւ այս փուլում նախկին խորհրդային երկրները արդեն պետք է վճռեն, թե ում հետ են, այլեւս տատանվելու ժամանակ չկա։ Ստացվում է, որ Ռուսաստանին բաժին են հասնում բոլոր թույլերն ու մերժվածնե՞րը։ Այո՛, բայց Ռուսաստանի հետ նրանք հնարավորություն կունենան ուժեղանալու։

Բացի այդ, Թուրքիան էլ է մտնում այդ տարածության մեջ, եւ դա կհասկացվի վաղ թե ուշ (ըստ երեւույթին, երբ Թուրքիան նույնպես վերջնականապես մերժվի Եվրոպայի կողմից — Հ.Բ.)։

Միասնական տնտեսական տարածության մասին առաջարկի միջուկը կազմում է ռուսական նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ տնտեսության իննովացիոն զարգացման հնարավորությունը։

Բայց այստեղ փորձագետների դիրքորոշումները տարբերվում էին։ Ոմանց կարծիքով՝ առայժմ Ռուսաստանը չի կարողանում նման եղանակներով ապահովել անգամ սեփական տնտեսության զարգացումը։

Մյուսները պնդում էին «իննովացիոն թռիչքի» հնարավորությունը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ նրան միանալու պատրաստ ուրիշ երկրների համար, քանի որ ներկա պայմաններում «ուրիշ եղանակ չկա»։

Հաղորդումը վարողի այն հարցին, թե այս պահին, երբ երկու կողմերն էլ սթափվել են, երբ կան որոշակի նախադրյալներ վերամիավորման համար, կա՞, գոյություն ունի՞ որեւէ վճռական, հեղափոխական քայլ, որը կարագացնի իրադարձությունների ընթացքը, պատասխանեցին՝ ո՛չ, ոչ մի հեղափոխություն, անհրաժեշտ է դանդաղ եւ համառորեն առաջ գնալ այդ ուղղությամբ։

Մինչեւ հիմա Ռուսաստանը հիմնականում աշխատել է այդ երկրների քաղաքական էլիտաների հետ, հիմա ժամանակն է շահագրգռել բիզնեսը եւ հասարակությունը, փորձել ռուսական մոտեցումներն առաջ մղել արդեն այդ երկրների ներքին քաղաքականության միջոցով։

Այստեղ կա մի մեծ վտանգ. ետխորհրդային երկրներում առաջ է եկել նոր սերունդ՝ արեւմտյան կրթությամբ եւ նոր մտածողությամբ։ Երիտասարդները հիմնականում չգիտեն ռուսերեն, կաշկանդված չեն խորհրդային անցյալի կապանքներով։ Եւ սա պահանջում է նոր ռազմավարություն, ետխորհրդային հասարակությունների (վերա)ռուսականացման նոր ձեւեր, ռուսերեն լեզվի եւ ռուսական մշակույթի պրոպագանդման եւ մասսայականացման նոր եղանակներ։

Որպես լավ օրինակ` ընդգծվեց Համայն Ռուսիո պատրիարքի դիվանագիտական առաքելությունը ետխորհրդային երկրներում՝ ռուսական ազդեցության վերականգնմանն ուղղված ակնհայտ ջանքերով։

Հասկանալի է, հիմնական նպատակը, եւ դա բացահայտորեն ընդգծվում էր, ռուսական ազգային շահն է։ Ամեն բան արվում է հանուն Ռուսաստանի պահպանության, բայց որպեսզի նախագիծը չբացահայտի իր նեոգաղութատիրական բնույթը, հարկ է ուշադրությունը սեւեռել նախագծի մյուս կողմի վրա։

Ետխորհրդային երկրների վերամիավորումը հիմնվում է ընդհանուր քաղաքական շահի վրա, այն թույլ կտա բացառել հակամարտությունները, ստեղծել մեծ ընդհանուր շուկա եւ նորարարական տնտեսություն, պահպանել ազգային ինքնությունը գլոբալ ճնշումներից եւ այլն։

Ես փորձեցի ներկայացնել հեռուստատեսային քննարկումը անկանխակալ ձեւով եւ առանց մեկնաբանությունների՝ մտադրություն ունենալով սեփական պարզաբանումները շարադրել հաջորդ հոդվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter