HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Ռուսական փակուղի

Նախորդ հոդվածում ներկայացրի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ի՞նչ անել» հաղորդաշարի վերջին թողարկումներից մեկը։ «Ետխորհրդային տարածություն. հին խնդիրներ, նոր իրողություններ» թեմայով քննարկման հիմնական եզրահանգումները սրանք էին. ետխորհրդային անորոշության ժամանակաշրջանն արդեն անցել է, եւ Ռուսաստանը՝ որպես տերություն, որպես աշխարհաքաղաքական դերակատար ունի սեփական հստակ դիրքորոշումը եւ նպատակները, գիտի իր անելիքները, տեսնում է իր հակառակորդներին, մրցակիցներին եւ հավանական դաշնակիցներին։

Իսկ հիմնական ուղերձը՝ ուղղված մի խումբ նախկին խորհրդային երկրների, կարելի է ձեւակերպել այսպես՝ եկել է վերամիավորման ժամանակը, թեեւ, իհարկե, այս ուղերձը բոլորի համար նույն բանը չի նշանակում։

Այս տեսանկյունից, նախկին խորհրդային հանրապետություններին կարելի է բաժանել երեք խմբի։ Առաջինում նախկին մերձբալթյան հանրապետություններն են, որոնք քանի տարի է դուրս են եկել ռուսական հասանելիության սահմաններից, թեեւ սա չխանգարեց բանավեճի մասնակիցներից ոմանց՝ խորհուրդներ եւ դասեր տալ նրանց (օրինակ` «նրանք Եվրոպայում չկարողացան կայանալ որպես ազգային պետություններ»)։

Երկրորդ խմբում նրանք են, ում նկատմամբ ռուսական ազդեցության ներկա պաշարները բավարար չեն՝ վստահ լինելու համար, թե նրանք հակված են Ռուսաստանի շուրջը վերամիավորման։

Սրանք ավելի շուտ պայքարի ասպարեզ են, քան պատրաստի դաշնակիցներ։ Լավ օրինակ է Վրաստանը, որի հետ Ռուսաստանի հարաբերություններն այս պահին նման հեռանկարի հույսեր չեն ներշնչում։

Հասկանալի է, Ուկրաինան ամենասկզբունքային նշանակություն ունեցող երկիրն է։ Բայց տեսանելի ապագայում նրա հստակ վերադարձը ռուսական ազդեցության ոլորտ այնքան էլ հավանական չի թվում։

Լուրջ աշխատանք է պահանջվում նաեւ միջինասիական տարածաշրջանում։ Հակառակ այն բանի, որ Ղազախստանը նորաստեղծ մաքսային միության անդամ է, նրա հետ կապված լուրջ տագնապներ կան։

Այս տարի ԵԱՀԿ-ի նախագահությունն անցել է Ղազախստանին, եւ այնտեղ կկայանա այդ կազմակերպության հերթական գագաթնաժողովը։ Սա մտահոգիչ հանգամանք է, քանի որ, բանավեճի մասնակիցների կարծիքով, վերջին տարիներին ԵԱՀԿ-ն դարձել է գործիք «ետխորհրդային տարածությունը գաղութացնելու համար», եւ պետք է ամեն բան անել, որպեսզի Ղազախստանը չենթարկվի Եվրոպային, չհեռանա Ռուսաստանից։ (Փաստորեն, ինքնին հասկանալի է համարվում, որ գաղութացված լինելը ետխորհրդային տարածության երկրների ճակատագիրն է, եւ միակ հարցն այն է, թե ով է գաղութացնողը։)

Ու թեեւ բանավեճի մասնակիցները համաձայն էին, որ վերամիավորման նպատակին հասնելու համար պետք է տրամադրվել երկարատեւ հետեւողական աշխատանքի («ո՛չ մի հեղափոխություն»), այժմ Ուկրաինայի եւ Ղազախստանի դեպքում պահանջվում է «քաղաքական ագրեսիա». այս առաջարկին առարկողներ չեղան։

Ամենայն հավանականությամբ, առավել վստահելի երկրների խմբին պատկանում է Բելառուսը, որի հետ հարաբերությունների արմատական բարելավումը համարվեց առաջնահերթ անելիքներից մեկը։

Զարմանալի չէ, որ հաղորդման ընթացքում Հայաստանի անունն առհասարակ չհնչեց։ Եթե բանավեճի մասնակիցները կարծում էին, որ նախկին խորհրդային երկրների համար սուվերենությունը ռեսուրս է, որը, «վաճառելու» կամ փոխանակելու նպատակով, հրապարակ հանելու ժամանակն է, որը մասամբ զիջելով Ռուսաստանին՝ կարելի է ակնկալել նրա օգնությունը, ապա, ինչպես գիտենք, Հայաստանը գրեթե նման ռեսուրսներ չունի. ամեն բան արդեն իսկ վաճառված եւ փոխանակված է, օրինակ, որպես «գույք պարտքի դիմաց»։

Հայաստանի վերադարձը ռուսական ազդեցության դաշտ, իսկ եթե սա մեղմ է հնչում՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի վերագաղութացումը, կարելի է համարել ռուսական ծավալապաշտական նկրտումների միանգամայն հաջող պիլոտային նախագիծ։

Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, շատերը վերամիավորման հիմքում տեսնում են միասնական տնտեսական տարածության գաղափարը։ Բայց այստեղ նույնպես բազմաթիվ հարցականներ կան։

Միասնական տնտեսական համակարգի ստեղծման հնարավորության եւ նպատակահարմարության մասին որոշ հեղինակավոր տնտեսագետներ խոսում էին Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։

Բայց հիմա նախկին խորհրդային երկրների այսպես կոչված «անցումային տնտեսությունները» կամ բաղկացած են խորհրդային շրջանի տնտեսության ավերակներից կամ այնքան տարասեռ ու մասնատված են, որ շատ դժվար է դրանք պատկերացնել նույն տնտեսական տարածության մեջ։ Հայաստանի տնտեսությունը դրա լավ օրինակն է։

Մյուս կողմից՝ ինչպես տեսանք, տեխնոլոգիական թռիչքների թեման մոդայիկ է ոչ միայն Հայաստանում։ Իհարկե, Ռուսաստանը նման հավակնությունների համար անհամեմատ ավելի շատ հիմքեր ունի, բայցեւայնպես՝ իննովացիոն տնտեսության գաղափարը (այն էլ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ նրան միանալու պատրաստ ուրիշ երկրների համար) ակնհայտ չափազանցություն է։

Իմ տպավորությունն այն է, որ բացառությամբ մի քանի ոլորտների, որոնք ժառանգվել են ԽՄ-ից եւ հետեւողականորեն զարգացվել ետխորհրդային շրջանում (ատոմային էներգիա, տիեզերական եւ ռազմական տեխնոլոգիաներ եւ այլն), Ռուսաստանի նվաճումները հիմնարար հետազոտությունների եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ունեն միայն տեղային բնույթ եւ շատ հեռու են արդյունաբերական մասշտաբներից։

Խորհրդային Միության ձախողումը՝ միանալու 1970-ականներին տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ասպարեզում սկսված հեղափոխական փոփոխություններին, ստեղծել է տեխնոլոգիական անջրպետ, որը ետխորհրդային շրջանում ոչ միայն չի հաղթահարվել, այլ ավելի մեծացել է։

Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաների (օրինակ՝ նանոտեխնոլոգիաների, որ նման քննարկումների ամենամոդայիկ թեման է) լայնամասշտաբ ներդրման համար ուղղակի բավարար պայմաններ չկան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը մնում է եւ կմնա հիմնականում հումք արտահանող երկիր, քանի դեռ ունի պահանջարկ վայելող հումք։

Ինչ վերաբերում է նախկին խորհրդային երկրների քաղաքական էլիտաներից դեպի հասարակություն եւ բիզնես անցում կատարելուն, ապա ռուսները հավանաբար մոռանում են, որ ի թիվս այլ բաների, հենց այդ էլիտաների հետ իրենց տեւական աշխատանքը (ասենք, կեղծված ընտրություններով եւ բռնությամբ իշխանության եկած «էլիտաներին» սատարելը, վերջիններիս միջոցով երկրի ունեցվածքին տիրանալը, քաղաքական որոշումներ պարտադրելը եւ այլն) հիասթափեցրել է կամ նույնիսկ մեծ հակակրանք ծնել Ռուսաստանի նկատմամբ, եւ շատ դժվար կլինի այդ հասարակությունների վստահությունը շահելը։

Սահմանափակ են թվում նաեւ ռուսերենի եւ ռուս մշակույթի պրոպագանդման հնարավորությունները։ Սա պահանջում է թե զգալի ներդրումներ, թե միանգամայն նոր ռազմավարություն այն դեպքում, երբ հենց Ռուսաստանի ներսում կան լրջագույն մշակութային խնդիրներ, երբ տարիներ շարունակ խոսվում է ռուսական մշակույթի ամերիկականացման, մշակույթի մակարդակի կտրուկ անկման եւ առհասարակ մշակութային ճգնաժամի մասին։

Բազմիցս նկատվել է, որ ծավալապաշտությունը, անընդհատ ծավալվելու մղումը՝ որպես գոյության եղանակ, բնորոշ է եղել ե՛ւ ցարական Ռուսաստանին, ե՛ւ Խորհրդային Միությանը, իսկ ռուսական եւ խորհրդային կայսրությունների փլուզման գլխավոր գործոնը անլուծելի հակասությունն էր կայսերական պետության եւ ռուս ազգի կամ հասարակության միջեւ։

Այս տեսանկյունից, կարելի է ենթադրել, որ ռուս ազգի կամ հասարակության ձեւավորման հետ կապված դժվարին խնդիրները կամ ուրվագծվող ճակատագրական հետեւանքները դարձյալ Ռուսաստանին ստիպում են վերադառնալ կայսերական պետության մոդելին։

Եթե ճիշտ է, որ Խորհրդային Միությունը եղավ Ռուսական կայսրության գոյատեւման ձեւը, ապա կարելի է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանի պահպանման հրամայականը նորից պահանջում բուն Ռուսաստանը շրջապատել դաշնակից երկրների պաշտպանական շերտով՝ ինչպես արվեց բոլշեւիկյան հեղափոխությունից հետո։

Իհարկե, այսօր Ռուսաստանը հայտնվել է բոլորովին նոր պայմաններում։ Խորհրդային Միության փլուզումից հետո իշխանության եւ հարստության նոր կենտրոններ են առաջանում Ասիայում՝ լիովին փոխելով վերջին մի քանի հարյուրամյակի արեւմտակենտրոն աշխարհի պատկերը, եւ Ռուսաստանն արդեն ոչ թե Արեւմուտքը հակակշռող բեւեռ է կամ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, այլ ինքն է հայտնվում է երկու հզոր բեւեռների միջեւ։

Հանգամանք, որ կարող է էլ ավելի մեծացնել կենտրոնախույս ուժերը երկրի ներսում։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով է Ռուսաստանը ընդունակ մրցակցելու Չինաստանի կամ Հնդկաստանի հետ՝ ստեղծելով «սեփական քաղաքակրթական տարածաշրջանը»։

Նկատենք միայն, որ ի տարբերություն այս երկրների, Ռուսաստանը չունի սեփական մինչարդիական (ոչ արեւմտյան) քաղաքակրթությունը, որի ավանդության վրա, թվում է, զգալի չափով հիմնվում է նրանց ներկա վերելքը՝ նորացված մշակույթով եւ քաղաքակրթական սկզբունքներով։

Այսպիսով, մի կողմից` ակնհայտ է, որ ետխորհրդային երկրների համար վերամիավորման կենտրոն դառնալու Ռուսաստանի հնարավորությունները շատ ավելի համեստ են, քան ներկայացվում է, իսկ մյուս կողմից՝ նույնքան ակնհայտ է, որ այդ հանգամանքը չի ստիպի «մեծ եղբոր» բարդույթով տառապող, իրեն միայն կայսերական պետության կարգավիճակում տեսնող տերությանը՝ հրաժարվելու իր հավակնություններից։

Իսկ Հայաստանին, որը անկարող եղավ ետխորհրդային շրջանում ստեղծելու ռուսական տիրապետությունը մեղմող քաղաքական, տնտեսական եւ առաջին հերթին մշակութային այլընտրանքներ, թերեւս ուրիշ բան չի մնում, քան եւս մի տեւական ժամանակաշրջան ծվարել «դարավոր բարեկամի» սառը շուքի ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter