HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ո՞վ է փոխարինելու գեներալ Մանվելին Էջմիածնում

Ապրիլի 2-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: «Երկրապահ» կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է:

Եւ նրան ազատելու հիմնական պատճառը հենց սա էր: Մարտի 13-ին պատասխանելով ինտերնետով իրեն ուղղված հարցերին նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր. «Ես շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա, չգիտեմ` ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարին»: 

Գեներալի ճակատագիրը կանխորոշված է, կարծես: Էջմիածնում փաստացի կառավարում էր Մանվել Գրիգորյանը: Գրեթե բոլոր պաշտոնների նշանակումները համաձայնեցվում էին նրա հետ: Էջմիածնում եւ Արմավիրի մարզում նա եւ նրա ընտանիքը (Մանվելի կինը` Նազիկ Ամիրյանը նույնպես պատերազմի մասնակից է) ծավալել է տնտեսական լայն գորրծունեություն: Տարիներ շարունակ մամուլում հայտնվում էին տեղեկություններ Էջմիածին քաղաքում վերջինիս կողմից կատարվող անօրինական գործողությունների մասին: Սակայն այդ ամենը իշխանություններին չէր ստիպում որեւէ քայլ անել: Եւ ահա գեներալին «գահընկեց» անելուց անմիջապես հետո իր իսկ շրջապատից հայտնվել են մարդիկ, ովքեր նրա դեմ «գործ» են սարքում: Գեներալի ամենամոտ մարդկանցից մեկը` Արա Մարուքյանը, ով տարիներ շարունակ, Մանվելի անունը տալով, Էջմիածնում ինչ ուզում` անում էր, ապրիլի 6-ին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ Մ. Գրիգորյանը եւ նրա օգնական Զոհրաբ Գալստյանը սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս գործով հարուցված է քրեական գործ: Արա Մարուքյանի տան շրջապատում մշտապես կանգնած են ոստիկաններ: 

Ո՞վ է փոխարինելու Մանվել Գրիգորյանին. այսօր այս հարցը կարծես թե հուզում է ոչ միայն էջմիածնեցիներին: 

Ապրիլի 7-10-ը հայրենիքում էր էջմիածնեցի Արթուր Ասատրյանը` «Պիպո» մականունով: Եկել էր Իտալիայից, որտեղ բնակվում է սեփական ինքնաթիռով, թիկնապահների մեծ խմբով: Նա մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

1998 թվականին, երբ Էջմիածնում իր դիրքերն էր ամրապնդում գեներալ Մանվել Գրիգորյանը, «Պիպոն» լքեց քաղաքն էլ, երկիրն էլ: Էջմիածնում ասում են, որ գեներալը, չհանդուրժելով միեւնույն քաղաքում իրենից բացի երկրորդ ուժեղ ձեռքի ներկայությունը, արել է ամեն ինչ` «Պիպոյին» Էջմիածնից «քշելու» համար: Օգտագործելով իր անսահմանափակ հնարավորությունները` գեներալը նրա դեմ էր հանել ոստիկանությանը: Ոստիկանական հետապնդումների համար, մեր աղբյուրի հավաստմամբ, հիմք է հանդիսացել տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպ, որն ավարտվել էր սպանությամբ: Միջադեպը երկու հակադիր խմբերի «ռազբորկա» էր, որի ընթացքում, հենց քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել էր պատահական մի անցորդ:

Արթուր Ասատրյանի էջմիածինյան կյանքի մասին ասում են, որ ճարպիկ, աչքաբաց ու համարձակ տղա էր: Համարձակությունն, ըստ էջմիածնեցիների, գերազանց մարզավիճակից էր գալիս: Նշենք, որ «Պիպոն» նախկին բռնցքամարտիկ է, 14 տարեկանում ստացել է սպորտի վարպետի կոչում:
Երեւանի նախկին Անասնաբուժական—անասնաբուծական (Զովետ) ինստիտուտի շրջանավարտ, ԽՍՀՄ մի շարք առաջնությունների հաղթող Արթուր Ասատրյանը գեներալ Գրիգորյանի հետ հնարավոր բախումներից խույս տալու համար 1998 թ. տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ, կարճ ժամանակ անց, հաջողության հասավ բիզնեսի մեջ: Սերտ կապեր հաստատելով Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ` վերջինիս հովանավորչությամբ իր բիզնեսը ծավալեց սրճարան-ռեստորանային ոլորտում: Նրան են պատկանում Մոսկվայի օդանավակայանների ու դրանց կից խորտկարաններն ու սրճարանները: 

Լուժկով-Ասատրյան բարեկամության արդյունքում վերջերս նա մի մեծ տարածք է ձեռք բերել Մոսկվայի կենտրոնում` առեւտրի կենտրոն կառուցելու համար: Մոսկվայում մի քանի տարի ապրելուց հետո տեղափոխվել է Իտալիա, որտեղ էլ ապրում է ներկայումս: 

Մեր մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` Արթուր Ասատրյանի բիզնեսի տեսակն ու աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն առեւտրի ու սպասարկման ոլորտով եւ սոսկ ռուսական շրջանակներում: Նա բիզնես ունի նաեւ եվրոպական երկրներում` Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա:

«Պիպոն» ամուր կապեր ունի նաեւ տարբեր երկրների պետական ու քաղաքական գործիչների հետ: «Իր պատգամավորներն» ունի Իտալիայի խորհրդարանում, որոնց միջոցով էլ 2007 թվականին թույլտվություն ձեռք բերեց Հռոմի հենց կենտրոնում Տիգրան Մեծի ժամանակները պատկերող Հայաստանի հուշապատ ու խաչքար կառուցելու համար: Դրա հանդիսավոր բացումը լուսաբանվեց նաեւ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրով:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հրավիրված միջազգային դիտորդներից ոմանք եւս «Պիպոյի» մտերիմներն էին: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել ու «Մարիոթ» հյուրանոց են ուղեկցել «Պիպոյի» հայաստանցի ընկերները` վերջինիս կարգադրությամբ:

Էջմիածնեցիների կարծիքն իրենց համաքաղաքացու մասին իրարամերժ էր: Ոմանք գտնում էին, որ ազնիվ ու լուրջ տղա է, ով ջահելության սխալներից դաս է քաղել եւ դարձել կազմակերպված, հասուն մարդ: Այլոց կարծիքով` նա սերտաճած է հանցավոր աշխարհին, ու փողերն էլ մաքուր չեն: 

Լուրը, թե իտալական մաֆիան 37-ամյա հային դոն է օծել, եւ որ այդ մասին DVD էլ կա, մեր աղբյուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Չեմ բացառում, որովհետեւ այն մասշտաբի հարցերը, որոնք նա է լուծում, առնվազն ձեր նշած կշռի մարդուն է հասու»:

Չի բացառվում նաեւ, որ Էջմիածնի քաղաքապետի առաջիկա ընտրություններում «Պիպոն» ունենա իր թեկնածուն: Եվ պատահական չէ յուրայինների շրջանում նրա արած հայտարարությունը, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամենամաքուր ընտրությունն արձանագրվելու է Էջմիածնում, ինչի երաշխավորն ինքն է լինելու: 

«Պիպոյի» կյանքի ամենաուշագրավ հանգամանքը նրա աստվածապաշտ լինելն է. ամեն օր եկեղեցի է գնում: Մայր Աթոռ, ուր այցելել էր Էջմիածին մտնելուն պես, ներս է մտել ծնկաչոք: Ականատեսի վկայությամբ` այն հատվածը, որտեղից պետք է ծնկաչոք ներս մտներ, նախապես ազատել էին կողմնակի աչքերից: Իսկ Վեհափառի ընդունելության ավարտին աղավնիներ են երկինք բաց թողնվել: Գարեգին Երկրորդ կաթողիկոսը «Պիպոյին» մատուռ կառուցելու արտոնություն է տվել Էջմիածնում նրա նորակառույց առանձնատան հարեւանությամբ:

Նշենք, որ եկեղեցի հիշեցնող, գմբեթներով առանձնատունն արդեն ավարտման փուլում է: Թե՛ կառուցապատման, թե՛ ներքին հարդարման աշխատանքներն իրականացնում են հայ եւ իտալացի բարձրակարգ վարպետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter