HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աշխարհը նոր չեմպիոն կունենա. Հայաստանը հավակնում է բրոնզին

Երեկ թուրքական Անթալյայում Հայաստանի շախմատի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն: Որքան էլ տարօրինակ է, սա մեր թիմի խոշոր հաշվով միակ հաղթանակն է: Ավելի թույլ թիմերի, ինչպիսիք են Եգիպտոսն ու Թուրքիան, հայ շախմատիստները հաղթել են 3-1 հաշվով: Երեկ սեւերով հաղթանակ տարավ Արոնյանը, իսկ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, Հակոբյանն ու Պետրոսյանն էլ առավելության հասան սպիտակներով:

Զուգահեռաբար կայացած խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Եգիպտոս-Ադրբեջան՝ 0-4, Գերմանիա-Չինաստան՝ 1,5-2,5, Թուրքիա-ԱՄՆ՝ 2-2, Ուկրաինա-Ռուսաստան՝ 1,5-2,5:

Այս վերջին հաղթանակից հետո հայ մարզիչ Յուրի Դոխոյանի սաները՝ Ռուսաստանի շախմատիստները, բարձրացան առաջին հորիզոնական եւ վերջին տուրից առաջ միանձնյա առաջատարն են 13 միավորով: Չինաստանը եւ Ուկրաինան ունեն 12-ական միավոր: Քանի որ չինացիները անհատական պարտիաներում վաստակել են 19 միավոր, նրանք երկրորդն են: Փաստորեն ընդամենը մեկ տուրում ուկրաինացիները նահանջեցին 2 տեղով: Հայաստանը 10 միավորով 4-րդն է, ԱՄՆ-ն (9)՝ 5-րդը: Ընդ որում՝ այս թիմերը ուկրաինացիների պես ընդհանուր 18,5 միավոր են վաստակել:

Այսօր անչափ լարված պայքար է սպասվում Հայաստան-Ուկրաինա դիմակայությունում: Զուգահեռաբար կկայանան Ռուսաստան-Եգիպտոս, ԱՄՆ-Հոլանդիա, Չինաստան-Թուրքիա, Ադրբեջան-Գերմանիա հանդիպումները: Քանի որ ռուսների ու չինացիների մրցակիցները հետնապահներն են, կարելի է գրեթե չկասկածել, որ նրանք կապահովեն իրենց անհրաժեշտ հաղթանակները: Փոխարենը լարված պայքար է ընթանալու 3-րդ տեղի համար: Եթե Հայաստանը հաղթի Ուկրաինային, կտիրի բրոնզե մեդալներին, իսկ եթե գրանցվի ոչ-ոքի, կամ Ուկրաինան հաղթի, ապա վերջինս նվազագույնը կպահպանի երրորդ տեղը, իսկ գուցեեւ ավելի բարձր տեղ բարձրանա՝ կախված չինացիների ու ռուսների ելույթներից: Բնականաբար, փոքր հնարավորություն կա, որ չինացիները հաջող հանդես չեն գա, եւ հաղթելու դեպքում մերոնք լրացուցիչ ցուցանիշով կշրջանցեն նրանց՝ բարձրանալով 2-րդ տեղ, ինչը գրեթե անհավանական է թվում:

Ցավոք, Հայաստանն այլեւս չեմպիոն չի լինի, քանի որ առաջին տեղն անհասանելի է մեզ համար: Աշխարհը նոր չեմպիոն կունենա: Ամեն դեպքում, մրցաշարի միջին հատվածում չինացիների, ադրբեջանցիների ու գերմանացիների հետ անհաջող պարտիաներից հետո մեր թիմը գոնե բրոնզին տիրելու հնարավորություն ունի. մնում է սպասել: 

Վերջում նշենք, որ այսօր կկայանան Արոնյան-Իվանչուկ, Կորոբով-Հակոբյան, Սարգսյան-Մոիսեենկո, Արեշչենկո-Պետրոսյան պարտիաները:

Լուս.՝ armchess.am  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter