
Կալոսնիկենց Գարիկը. 7-րդ սերնդի գյումրեցի դարբինը
Երկրաշարժից 25 տարի անց
«Դպրոցից փախնեի, գուքայի ստեղ: Բոյս չէր հասնի, էս կողքերը փետեր կը շարեին, օր բոյս հասնիր, էլնեի նայեի»,- հիշում է գյումրեցի Գարիկը: Նա դարբնություն հենց այդպես է սովորել:
29-ամյա Գարիկ Պապոյանը Կալոսնիկենց ցեղի 7-րդ սերնդի դարբին է: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ մենակ է աշխատում, հայրը` Գյումրիում հայտնի դարբին Կալոսնիկենց Գագիկը, մահացել է: Գյումրիում արհեստավորները շատ են, այդ թվում՝ նաև դարբինները, բայց դարբնությունը հենց Կալոսնիկենց պապենական արհեստն է:
«7-րդից տեղյակ ենք, թե դրանից առաջ ինչ է եղել, չգիտենք: Պապիս պապը ֆայտոնի կալոս է սարքե, ֆայտոն են սարքե, դրա համար մեզի կըսեն` Կալոսնիկենցից,- պատմում է Գարիկը:- Երկաթի հետ աշխատելը սկզբեն է դժվար, հետո կը սորվիս»:
Պոլիէթիլենով ծածկված ռադիոընդունիչի ձայնն է Գարիկի արհեստանոցում: Փոշուց «փրկելու» համար են ծածկել այն: Պապն է տեղադրել: Ռադիոընդունիչի կողքին խորհրդային տարիներից մնացած կիսամերկ աղջիկների լուսանկարներն են:
Օջախի պատին կավճով բջջային հեռախոսահամարներ են գրված: Գարիկի հաճախորդների համարներն են` առանց անունների. երբ գալիս են պատվեր տալու, Գարիկը գրում է, երբ պատվերն ավարտում է, ջնջում է և նոր պատվիրատուի համարն է ավելացնում: Դռան մոտ դրված տախտակին այլ համարներ են, այստեղ էլ հումք վաճառողներն են հեռախոսահամարներ թողնում:
Թեփից բոցկլտող կրակը թեժանում է` փոխանցվելով ածուխին: Գարիկը դնում է երկաթը, որ տաքանա:
«Ի՞նչ եք սարքում» հարցը տարօրինակ է թվում նրան: Ի՞նչ պիտի սարքի դարբինը. այն, ինչ կապ ունի երկաթի հետ` ճաղավանդակներ, կահույք, դարպասներ, դռներ, կենցաղային և նույնիսկ դեկորատիվ իրեր, երկաթե ծաղիկներ, որոնցից մեկը Փարիզում ապրող բարեկամներին է ուղարկել:
Վերցնում է նվեր ստացած դարբնի մուրճը և հեշտությամբ կլորացնում երկաթը: Հետո մյուս երկաթի ծայրն է սրում. դրա համար հատուկ գործիք ունի` պապից և «սովետից» ժառանգած:
Գարիկը վստահ է, որ դարբնությունը շատ հին արհեստ է. «Ով ինչ գործ էրել է, դարբինն է սարքե, բոլոր արհեստավորների գործիքներնե դարբինն է սարքե: Դարբինն օր չեղնի, սաղի գործերը կայնի կը»,-համեստորեն, բայց հպարտությամբ է ասում նա:
Գարիկը դարբնություն արել է նաև Ռուսաստանում, կրկնակի փող է վաստակել, բայց շուտով վերադարձել է տուն: «Հազիվ 3 ամիս մնացի, կարոտցել էի մերոնց»,- անկեղծանում է նա:
Գարիկն ասում է, որ երբևէ չի մտածել այլ մասնագիտություն ստանալու մասին. «Ինչ ելել, ըդիկ եմ տեսել, նամանավանդ օր կսիրեմ»: Գարիկը սովորել է Գյումրու մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում, ինչը նրան օգնում է, որպեսզի լավ գծագրի ու ըստ այդ գծագրի էլ «եփի» երկաթը: «Իսկ որպեսզի հետաքրքիր բան ստացվի, «հետաքրքիր պատկերացում պտի ունենաս»,- ասում է երիտասարդ դարբինը:
Գարիկի խոսքով՝ գյումրեցիների սարքած նմուշները միշտ էլ տարբերվել են Հայաստանի այլ քաղաքների դարբինների գործերից: Գյումրեցի դարբիններն ավելի ճաշակով են. «Գյումրեցիք իսկական գործ կուզեն»:
Գարիկենց տան կահույքը, դռները, բուխարին և բազմաթիվ այլ իրեր հենց նրա ձեռքի գործն են:
«Արդյոք դարբնությունը ընտանիք պահելու և նրանց կարիքները հոգալու բավարար միջոց է»,- հարցնում ենք»: Գարիկը պատասխանում է. «7 սերունդ ապրել է, մենքե կապրինք»:
«Մեկը կա՞, ում փոխանցելու եք էս արհեստը»,- հարցնում ենք: «Անպայման տղա կունենամ, օր փոխանցեմ»,- պատասխանում է նա: Գարիկն ամուսնացած չէ: Եթե աղջիկ ունենա և ոչ թե տղա, ինչպե՞ս է փոխանցելու իր արհեստը: «Կուզե 10 աղջիկ ունենաս, տղա պտի ունենաս,- ասում է Գարիկը և հիշում, որ իրենց տան կանայք էլ են դարբնություն արել, երբ տղամարդիկ դրսում են եղել,- մերս էլ է կվալտ զարկե, տատս էլ է կվալտ զարկե, նույնիսկ հղի-հղի կվալտ է զարկե: Համ պապս է թաք տղա, համ՝ պապաս, հերս բանակ է գնացե, տատս է օգնե պապիս»:
Դուրս ենք գալիս արհեստանոցից: Գարիկը բացում է դռան մոտի պահարանը ու ցույց տալիս մի սև գլխարկ. «Պապս է կախել ու մինչև հիմա ըդպես մնացել է, հեչ մեկս ձեռք չենք տա»:
Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել