HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձեք նախարարի մոտ ընդունելություն խնդրել…

Պահեստազորի սպաների նամակը « Հետքին»

Հարգելի  խմբագիր,

Որպես նախկին զինծառայող «պահեստի  սպա»` արդեն  5-6 տարի է, ինչ զորացրվել եմ տարիքիս պատճառով: Թոռնիկներիս խնդրանքով, քանի որ երեխաների պաշտպանության օրն էր, գնացինք ՊՆ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը` «բակում» մասնակցելու: Երանի չգնայի... Ա~յ թե շենք  է... Բախտակից ընկերներիս հանդիպեցի, ասացին` բա որ ներսը տեսնես, ի~նչ ճոխություն, ուղղակի աննկարագրելի է: Ինչ խոսք, ուրախ եմ, բայց ներսս ալեկոծվում է: Արդյոք  ժամանա՞կն էր կառուցել այսպիսի հսկայական մի շենք, ծախսել ահռելի գումարներ, երբ երկիրդ չքավորության մեջ խարխափում է, բնակչության 30 տոկոսը գլխին տանիք չունի ու ստիպված լքում է երկիրը: Ի՞նչ է՝ պայմանները վա՞տն էին....

Ինչ-ինչ, բայց մենք հո լավ գիտենք, որ պատճառը ամենևին էլ պայմանները չեն:

Հիմա մեր մասին... Հավաքվել ենք 4-5 նախկին սպաներ, գլուխներս կախ նայում ենք, թե ինչպես 25-30 տարեկան կրտսեր սպաներն իրենց կանանց ու երեխաների հետ անհոգ զվարճանում են: Իհարկե, շատ լավ է, երբ սպան ապահովված է, հոգս չունի, բայց չէ՞ որ մենք շատերին ճանաչում ենք, մեր ենթակայության տակ են ծառայել, ու թե ինչպես են նրանք բնակարան ստացել, արդյո՞ք այդ բնակարանի անհրաժեշտությունը նրանք ունեին: Այդ բոլորը մեզ հայտնի է, ուրիշ խոսք, թե մենք ինչու ենք մինչև այժմ լռում... Դուք մեզանից լավ գիտեք: Վախենում էինք, որ մեզ հերթացուցակից դուրս կթողնեն: Նրանք ումի՞ց կամ ինչի՞ց պիտի վախենան: Անաստված, անօրեն մարդիկ են...

Հերիք է, որոշեցինք ոչ մի բանի առաջ կանգ չառնել: Մենք բավականին տվյալներ ունենք թե նախկին և թե ներկա վարչության պետերի (իմիջիայլոց, Մելոյանին արդեն զորացրել են, իսկ հաջորդին ավելի բարձր պաշտոնի են նշանակել) և նրանց ապoրինությունների վերաբերյալ, որոնք «զբաղվում» էին կարիքավոր զինծառայողներին բնակարանների բաշխման հարցերով: Վաթսունն անց մարդիկ ենք` 15-16 տարի հերթագրված, որ մինչև հիմա չեն տվել, էլ ինչի՞ց վախենանք: Սրանք թքած ունեն, ի՞նչ վաստակ, ի՞նչ բան: Փող չունես՝ մեզ հետ չես, մեզ հետ չես՝ ուրեմն մեր դեմ ես: Մեզ հետ լինեիր՝ փող էլ կունենայիր, անտուն էլ չէիր մնա...

Հոգնել ենք դիմելուց, միևնույն է, պատասխանը մեկն է.

-Երբ զորացրվածների համար կառուցենք, կստանաք: Կատարյալ ապուշություն...

Օրենքով զորացրելուց առաջ բնակարանով պիտի ապահովեին, բայց օրենքն էլ իրենց ուզածով երբ ուզեն, շուռ են տալիս: Գոնե մի հասկանալի օրենք ընդունեին: Ասենք՝ կարիքավոր զորացրված զինծառայողներին գնդակահարել... Այս խորհրդարանում հաստատ կընդունեին, ու հարցը կփակվեր: Չէ, սրանք սադիստ են, տանջամահ անելու հաճույքից իրենց չեն զրկի: Փորձեք նախարարի մոտ ընդունելություն  խնդրել... Աստծո մոտ ճանապարը ավելի կարճ է... Շուտով կհասնենք... 

Տղերքից մեկն ասում է, թե վախենում եմ սրանց այդտեղ էլ հանդիպել, սրանք ձևերը գիտեն, այնքան փող ունեն, որ Աստծուն էլ կկաշառեն... Մեղա քեզ, տեր Աստված…

Վերջերս փորձեցինք սպառնալ, թե կդիմենք նախագահին, քմծիծաղով հակադարձեցին՝ խորհուրդ կտանք դիմել հաջորդին, կարող ա մի բան ստացվի…

Հարգելի խմբագիր, խնդրում ենք մեր նամակը տպեք Ձեր  թերթում, որպեսզի այդ լկտիները «միգուցե» մի քիչ զգաստանան, մարդանան: Վերջերս հեռուստացույցով Զեյթունում ինչ-որ ադմինիստրատիվ շենք էին վաճառում, բա եթե սրանց մեջ մի քիչ կարեկցանք լինի, քաղաքում այդպիսի տարածքներ՝ ինչքան ասես, գոնե մի երկուսը կվերցնեին, կբաժանեին պահեստազորի կարիքավոր սպաներին, գոնե առանց տանիքի չէինք մնա ...

Հարգանքներով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «ԲՈՄԺ» հատուկ պարգև-կարգավիճակի արժանացած պահեստազորի թվով հինգ սպաներ

Վաչագան Ալոյան, Վրեժ Հարությունյան, Սերյոժա Մանուկյան, Սոնա Աղաջանյան, Գուրգեն Բաբայան

Մեկնաբանություններ (1)

Հովնան
Պաշտպանության նախարարը եզակի պաշտոնյաներից մեկն է, որից ժողովուրդը դեռ լիովին չի հիասթափվել: Մի?թե սա էլ է մյուսների նման: Եթե նա իր համակարգում բնակարաններ վաճառող գյադաներին չհեռացնի ու դատի չտա, ուրեմն ինքն էլ է մյուսների նման: Միամիտ բան ասացի, բայց որոշ միամտություններ հիմա մոդա են մեր երկրի ոչ բարով ղեկավարների գործելակերպում, պարզ է` թոզ փչելու գործ կա մինչև ընտրությունները: Դե փչեք տեսնենք, պարոնայք, գոնե այս հինգ վաստակավոր սպաների գլխավերևում տանիք տեսնելու հեռանկարով փչեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter