HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան պատերազմի վետերան. «Որդուս սեփական տնից եմ ուզում ճանապարհել բանակ»

Մարութ Վանյան, Հայկ Ղազարյան

Արցախում ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում բնակարանաշինությանը: Սակայն բազմաթիվ մարդիկ դժգոհ են մնում կամ նեղանում են՝ բնակարանաբաշխությունն անարդար համարելով:

«Շատ անգամ են խոստացել, բայց չեն տվել, ասում են՝ տներ ավելի կարիքավորներին ենք հատկացրել»,- ասում է Արցախյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Կարեն Հարությունյանը:

Կարեն Հարությունյանը կնոջ ու երեխաների հետ տարիներ շարունակ վարձով է ապրում ու սպասում է բնակարան ստանալու իր հերթին. «Այսքան ժամանակ ապարդյուն էինք սպասում»:

Նա իր մարտական ուղին սկսել է հայտնի «26 պոստից»: Մասնակցել է Չարեքտարի, Կիչանի, Սրխավանդի, Ղազարի, Չլդրանի, Մաղավուզի, Վաղուհասի, Առաքյուլի, Աղդամի մարտերին: Առաջին անգամ վիրավորվել է «26 պոստում»՝ ականետի արկի բեկորից, երկրորդ անգամ՝ Աղդամի Բոյ-Ախմեդլու կոչվող վայրում: Դա 1993-ի դեկտեմբերի 28-ն էր: Մահամերձ վիճակում տեղափոխել են Երևան, որտեղ 7-8 վիրահատություն են կատարել: «Կլինիկայից կլինիկա էին տեղափոխել: Ուղիղ ինը ամիս «կալոպրիյոմնիկ» կպցրած էի ապրում»,- պատմում է Կարենը:

5-րդ վաշտի մարտիկը երկու որդի ունի, ավագը շուտով կզորակոչվի: Հայրը շատ է նեղվում, որ տղային բանակ պիտի ճանապարհի ուրիշի տնից: Կարենի որդիները մարզիկներ են՝ բռնցքամարտիկներ: Բոլոր ծնողներին բնորոշ հպարտությամբ նա խնդրում է կրտսեր որդուն ցույց տալ մեդալները:

Կարենի կինը՝ Ջուլիետան, փախստական է Բաքու քաղաքից: «Կարենի մայրը՝ սկեսուրս, չէր հավատում, որ երկրորդ վիրավորումից հետո երեխաներ կունենա»,- ասում է Ջուլիետան: Ջուլիետան բակապան է աշխատում. «Երբեմն չեմպիոններս կամ ամուսինս առավոտվա չորսին հետս գալիս են օգնելու»:

Կարենը «Ջրմուղ կոյուղու» ֆիլտր-կայանում է աշխատում: Նա մասնագիտությամբ նկարիչ է. «Ամոթ էր պատերազմից խուսափելը, թեև ռազմական գործից ոչ մի գաղափար չունեի: Ընթացքում սովորեցի, նույնիսկ դասակի հրամանատար նշանակվեցի»:

Կարենի հետ հարցազրույցի տեսանյութը՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter