HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու կառավարությունը հրաժարական չի տա

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստան ներկրվող գազի գինը Ռուսաստանը բարձրացրել է ոչ թե 2013թ. հունիսին, երբ «Հայռուսգազարդը» համապատասխան պահանջով մտավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այլ 2011թ., այսինքն՝ Հայաստանում համապետական ընտրությունների նախօրեին: Նախարարն անուղղակիորեն ասաց, որ թանկացման պահից սկսած մինչև իր` Աժ ամբիոնի մոտ կանգնելը թե՛ անձամբ ինքը, թե՛ կառավարությունը, մեղմ ասած, մոլորեցրել է սեփական հասարակությանը` շարունակաբար պնդելով, թե գազի գնի թանկացում չի եղել մինչև 2013թ. հունիսը: Այդ մոլորեցման համար ոչ ինքը` նախարարը, և ոչ էլ կառավարությունը հասարակությունից ներողություն չխնդրեցին ու կարծես թե չեն էլ պատրաստվում խնդրել: Ո՛չ նախարարը, ո՛չ էլ կառավարությունը, գոնե ձևականորեն, այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էին գաղտնի պահում այդ հանգամանքը, իրականում ինչի՞ համար էր պետությունը կուտակում 300 մլն դոլար պարտքը, և որո՞նք էին այդ ամենը թաքցնելու իրավական հիմքերը:

Արմեն Մովսիսյանն ու կառավարությունն, իհարկե, չէին խոստովանելու, որ գաղտնապահության պատճառը թանկացումից հետո իրար հաջորդած ընտրություններն էին և վախը, որ թանկացման շուրջ հենց այդ ժամանակ բարձրացող աղմուկը, դրա հետևանքները բացարձակապես անհամատեղելի էին վերընտրվելու կամ վերարտադրվելու՝ իշխանության պլանների հետ: Նրանք չէին կարող խոստովանել, որ իշխող կոալիցիան պետությանը 300 մլն պարտքի տակ է գցել` ըստ էության միայն իշխանությունը պահելու համար, և հենց դրա գինն է, որ Հայաստանի ազգաբնակչությունը, շարքային հարկատուները ստիպված են վճարել իրենց գրպաններից՝ պետական սեփականության գույքը կամ ունեցվածքը մասերով օտարելու միջոցով:

Սակայն բացատրությունները, թեկուզ ձևական ու իրականությունից հեռու, անհրաժեշտ էին սեփական երկրի քաղաքացու, հասարակության նկատմամբ տարրական հարգանքի նշույլը պահելու համար: Դա անհրաժեշտ պետք է լիներ ոչ այնքան բուն հասարակությանը, որը կարծես թե իմունիտետ է ձեռք բերել խաբվելու նկատմամբ, այլ հենց իշխանությանը և կառավարությանը, որովհետև խոսքը վերաբերում է պետական իշխանության հանդեպ հանրային վստահությանը:

Կիևում Եվրամայդանից հասարակական զանգվածը հիմա, որպես ստեղծված ճգնաժամի լուծման միջանկյալ տարբերակ, պահանջում է Ուկրաինայի կառավարության հրաժարականը: Պատճառն իրականում ոչ այնքան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց վերջին պահին կառավարության հրաժարվելն էր, որքան դրա հետ կապված հասարակության վստահությունը չարաշահելը: Ուկրաինայի հասարակությունը չի ուզում ներել մի կառավարության, որը խոստացել էր մի բան, բայց արեց ճիշտ հակառակը, այսինքն` մի կառավարության, որը խաբել էր իրեն:

Դա սոսկ ներքին զգացողություն չէ, այլ ստանձնած պարտավորության, հասարակության հետ կնքված պայմանագրի  խախտում, որովհետև այդ կառավարությունը կազմած քաղաքական ուժին հասարակության մեծամասնությունը վստահություն էր տվել առաջին հերթին հենց այն պատճառով, որ չի փոխվելու եվրաինտեգրացիոն քաղաքականությունը, և այդ համաձայնագիրը կառավարությունը ստորագրելու է ցանկացած պարագայում:

Հասարակությանը ապատեղեկացնելը կարող է արդարացվել միայն մեկ դեպքում. եթե այն բխում է հենց հասարակության կամ պետության շահերից, անվտանգությունից: Եվ դա միակ դեպքն է, որը ենթագիտակցաբար ընդունում է առողջ հասարակությունը և համակերպվում դրա հետ: Ուկրաինայի կառավարությունը չի կարող համոզել, որ սեփական հասարակությանը մոլորեցրել և խոստումը չի կատարել նրա անվտանգությունից կամ շահերից ելնելով: Նույնը չի կարող և չի էլ ուզում անել Հայաստանի կառավարությունը` գազի թանկացումը մոտ 2 տարի գաղտնի պահելու հետ կապված: Որևէ երկրում նման գործադիր իշխանությունից անմիջապես հրաժարական կպահանջեին: Ուկրաինայում պահանջում են, որովհետև հենց հասարակությունն է ընտրությունների միջոցով ձևավորել իշխանությունը և անուղղակիորեն` կառավարությունը: Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև այդ կառավարությանը վստահության քվե է տվել ոչ թե հասարակությունը, այլ օլիգարխիան, թաղային հեղինակությունները, վարչական ապարատը: Կառավարությունը նրանց չէ, որ մոլորեցրել է և միայն նրանց առջև է իրեն հաշվետու զգում:

Բայց եթե գործադիր իշխանությունը վստահություն չի փնտրում հասարակության մեջ ու չունի նրա կարծիքի հետադարձ կապի անհրաժեշտությունը, ուրեմն չի  կարող նաև վստահություն ակնկալել իր իրականացրած, նախագծած ծրագրերի, վարած քաղաքականության նկատմամբ: Օրինակ` որքան էլ հեռուստատեսությամբ գովազդի 2014 թ. ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, այն չի կարող ընդունվել և ստանալ հասարակության աջակցությունը, որը միշտ համոզված է լինելու, որ կառավարությունը խաբում է իրեն և այդ համակարգը ներդնում է ոչ թե իր աժանապատիվ ապագան ապահովագրելու, այլ գումարները շորթելու նպատակով: Հասարակությունը համոզված է լինելու, որ կառավարությունը որոշել է Հայաստանը մտցնել Մաքսային միություն ոչ թե իր և Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես ներկայացվում է հիմա, այլ որովհետև դրանով է վճարվում իշխանությունը պահելու և դրա շարունակականությունը երաշխավորելու գինը: Գուցե կառավարության անդամների, վարչապետի համար բացարձակապես միևնույն է` իրենց նախաձեռնություններին կվստահի՞ հասարակությունը, թե՞ ոչ: Բայց դրա արդյունքում վերջինս կորցնում է ամենանվիրականը` սեփական պետությունը` ֆիզիկապես, բարոյապես ու հոգեպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter