HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հերթական անհաջողությունը. հայ շախմատիստները ձեռնունայն են տուն վերադառնում Անթալյայից

Ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի ընտրանին, ինչպես եւ Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունում, մնաց ձեռնունայն՝ վերջին տուրում պարտվելով Ուկրաինային՝ 1,5-2,5: Վճռորոշ եղավ սեւերով հանդես եկող Հակոբյանի պարտությունը Կորոբովից, մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 

Մյուս պարտիաներն ավարտվեցին այսպես. Ռուսաստան-Եգիպտոս՝ 2,5-1,5, ԱՄՆ-Հոլանդիա՝ 2-2, Չինաստան-Թուրքիա՝ 3-1, Ադրբեջան-Գերմանիա՝ 1-3: Եթե մեր թիմը հաղթեր Ուկրաինային, կգրավեր երրորդ տեղը, սակայն դա տեղի չունեցավ: 

Թիմերը դասավորվեցին հետեւյալ կերպ.

1.Ռուսաստան - 15 միավոր
2.Չինաստան - 14
3.Ուկրաինա - 14
4.ԱՄՆ - 10
5.Հայաստան - 10
6.Հոլանդիա- 9
7.Գերմանիա- 8
8.Ադրբեջան - 7
9.Թուրքիա - 3
10.Եգիպտոս - 0 

Հայ շախմատիստների ելույթները կարելի է գնահատել անբավարար: Աշխարհի այլեւս նախկին չեմպիոն մեր թիմը չցուցադրեց այն խաղը, որը նրանից սպասում էր երկրպագուն: Թիմը պարտվեց Չինաստանին, Գերմանիային, Ուկրաինային, ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ: Եվ սա այն դեպքում, երբ մեր ընտրանին իր թիմային վարկանիշով զիջում էր միայն ռուսներին ու ուկրաինացիներին, չնայած նախկինում ապացուցել է, որ վարկանիշը կարեւոր չէ, երբ չլինելով էլո-առաջատար, դարձել է օլիմպիական եռակի ու աշխարհի չեմպիոն: 

Մեր առաջատարը՝ Լեւոն Արոնյանը, անցկացրեց 8 պարտիա եւ վաստակեց 6 միավոր՝ 75-տոկոսանոց արդյունք, ինչը լավագույն ցուցանիշն է առաջին տախտակի վրա: Պահեստային խաղացողներից լավագույնն էլ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանն էր. 4 միավոր՝ 6 խաղում (66,7 %):

Լուս.՝ armchess.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter