HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ և արդար ընտրությունները` որպես դեմոկրատիզացիայի փուլ

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Հաճախ, երբ խոսք է գնում իշխանափոխության անհրաժեշտության մասին, նշվում է, թե միայն իշխանափոխությունը բավարար չէ, եւ պետք է մտածել` ինչ է լինելու դրանից հետո, քանզի կարող է այնպես պատահել, որ իշխանափոխությունից հետո ավելի վատ կլինի։ Դեմոկրատացման թեմայով զբաղվող քաղաքագետները նշում են, որ ոչ դեմոկրատական երկրներում իշխանափոխությունը ժողովրդավարության կայացման գործընթացում կարեւորագույն փուլերից մեկն է։ Ուստի, կարող ենք ասել, որ ժողովրդավարության կայացման համար իշխանափոխությունը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է։ Եվ այդ փուլը հաջող անցնելը դեռեւս երաշխիք չէ, որ կհաղթահարվեն հաջորդ փուլերը։ Յուրաքանչյուր փուլի հաղթահարման համար անհրաժեշտ է կոնկրետ նախապայմանների եւ գործընթացների առկայություն։

Օրինակ, եթե բռնապետին գահընկեց անելու համար անհրաժեշտ է պրոդեմոկրատական լայն միասնական ընդդիմադիր շարժման առկայություն, ապա դեմոկրատիայի կայացման կամ կոնսոլիդացիայի փուլում չկա վերջինիս անհրաժեշտությունը, նույնիսկ հակառակը. դրա առկայությունը կարող է վտանգավոր լինել այդ փուլի համար։

Բռնապետին գահընկեց անելը չի պահանջում ընդդիմության ներսում գաղափարախոսական բազմազանության առկայություն։ Հակառակը, ընդդիմադիր խմբերը պետք է մի կողմ դնեն իրենց գաղափարախոսությունները, որպեսզի դրանք չխանգարեն միասնական ընդդիմության ձեւավորմանը եւ կոնկրետ խնդիր լուծելուն ուղղված օրակարգի եւ գործողությունների պլանի մշակմանը։ Այս փուլը սովորաբար ավարտվում է ազատ եւ արդար ընտրությունների՝ ժողովրդավարության այդ կարեւորագույն ինստիտուտի հիմնադրմամբ։ Եթե վերոնշյալ փուլի ժամանակ պայքար մղողները մտածեն, որ բռնապետին գահընկեց անելը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը անիմաստ է (եթե չի երաշխավորվում, որ դրանց արդյունքում իշխանության կգա որեւէ «առաջադեմ», «առողջ» ուժ), ապա կա մեծ վտանգ, որ այս փուլը  այդպես էլ չի հաղթահարվի։

Բանն այն է, որ ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրությունների ինստիտուտի հիմնադրումը առանձին կուսակցության, խմբի անելիքը չէ, այլ պրոգրեսիվ դեմոկրատական հանրության գործն է։ Այս փուլում չկա մրցակցություն, այլ կա համագործակցություն տարբեր խմբերի եւ անհատների միջեւ հանուն բոլորի համար մեկ, ընդհանուր արդյունքի։ Իսկ երկիրը կառավարող «ադմինիստրացիան» արդեն ձեւավորվում է մրցակցության պայմաններում հանրության մեծամասնության կողմից։

Եթե վերոնշյալ փուլում դեմոկրատական հանրությունը խնդիր դնի ցանկացած գնով երաշխավորել «առողջ ուժի» իշխանության գալը, դա կնշանակի, որ վերջինս ամենեւին դեմոկրատական հանրություն չէ, քանզի մերժում է ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտը, երբ նախապես ցանկանում է որոշել հաղթողին եւ բացառում այլ ուժի իշխանության գալը։

Պետք է նշել, որ իրականում, հարյուր տոկոսանոց երաշխիք չկա, որ իշխանափոխության փուլը հաջող ավարտին հասցնելուց հետո չի արձանագրվելու ետընթաց։ Բայց իշխանափոխության համար պայքարողները կարող են սահմանել այն շրջանակները, սահմանները, որոնք որեւէ դեպքում իրավունք չունի անցնել այն ուժը կամ ուժերը «իշխանություններ» դառնալու պարագայում եւ դրանով իսկ ստեղծել նպաստավոր պայմաններ, համապատասխան մթնոլորտ, որ ինչ ուժ էլ որ հաղթի, չկարողանա գործել ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքների դեմ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, այն կուսակցությունը, որը կգա իշխանության, կփորձի խախտել այդ սահմանները, ապա դեմոկրատական հանրության կողմից դա կընկալվի որպես դավաճանություն եւ լուրջ դիմադրության կարժանանա։  Այդ սահմանների հիմքերը տրված են ՀՀ Անկախության հռչակագրում եւ Սահմանադրության մեջ, սակայն դրանք պետք է մանրամասնել, շոշափելի դարձնել եւ ընդունել որպես շարժման հռչակագիր, մանիֆեստ։ Փաստացի, իշխանության հնարավոր չարաշահումը էապես նվազեցնող գործոնը հենց իշխանափոխություն անելու փուլում պրոդեմոկրատական ընդդիմության, հանրության ձեւավորումն է։ Այդ հանրությունն է թելադրելու է «խաղի կանոնները», ստեղծելու հաղթական մթնոլորտ։ Այդ հանրությունն է վերջիվերջո տապալելու իշխող վերնախավին եւ ստեղծելու դեմոկրատական ինստիտուտներ։ Եվ նման պայմաններում քիչ հավանական է դառնում, որ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով պրոդեմոկրատական հանրության կողմից դեստրուկտիվ, հակադեմոկրատական համարվող ինչ-որ ուժ իշխանության գա։ Ի դեպ, այդպիսի ընտրությունները բացառում են ձայն գնելու միջոցով հաղթանակը, ինչի վերաբերյալ շատերը մտահոգություն ունեն։ Ընտրակաշառքի կամ ադմինիստրատիվ ռեսուրսի լայն կիրառման փաստն արդեն իսկ վկայում է, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն։

Նաեւ հարկ է նշել, որ դեստրուկտիվ, հետադիմական ուժերի իշխանության չգալուն մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ իշխանափոխության փուլում արդեն ձեւավորված են լինում, կամ ձեւավորվում են պրոդեմոկրատական շարժման մաս կազմող առաջադիմական դեմոկրատական կուսակցություն/կուսակցություններ։ Հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ իշխանության կարող է գալ ոչ այդքան առաջադիմական, սակայն վաղուց գոյություն ունեցող մի կուսակցություն, որը պայքարի ժամանակ հանդես էր գալիս իշխանափոխության օգտին։ Այդպես եղավ, օրինակ, «արաբական գարնան» պարագայում, երբ հանրությունը բռնապետերին գահընկեց անելուց հետո ընտրություններով իշխանության բերեց դեմոկրատական վարքագծով առանձնապես չփայլող իսլամիստներին։ Յուրաքանչյուր դեպքում պետք է հիշել, որ իշխանափոխությունը դեմոկրատիզացիայի փուլերիրց մեկն է, որն ահրաժեշտ է հաղթահարել։ 

Մեկնաբանություններ (2)

Վահան
Հաճախ, երբ «խոսք է գնում» իշխանափոխության անհրաժեշտության մասին, նշվում է....Էտկար, խոսքդ ավելի տեղ կհասնի եթէ սա սխալ հաերենը չգործսծեք:
Վահան
Ժողովրավարությունը, շարունակվող մի փուլ է՝ ոչ թէ վերջակետ, որից հետո լինում են այլ փլեր: Իսկ, ձեր կարծիքով, ի՞նչ են այդ ապագա փլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter