HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-ից 21-ը Վաշինգտոնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի սկզբում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ  Միշել Ֆլուրնոյի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը և  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այնուհետև տեղի են ունեցել հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակությունները` ՀՀ պաշտպանության նախարարի  առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` միջազգային անվտագության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Սելեստ Վոլանդերի համանախագահությամբ:

Պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացումը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտական և ենթասպայական կազմերի վերապատրաստման ոլորտներին առնչվող ծրագրեր:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքներից բխող անհրաժեշտ կարողությունների զարգացման նպատակով նախանշել են հետագա համագործացության նոր ուղիներ: 
Ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվել են ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քուրթ Ամենդին, սպառնալիքի նվազեցման և արտահանման վերահսկման  հարցերով փոխտեղակալ  Էնն Գենզերին:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման, ՀՀ զինված ուժերի` խաղաղապահ գործողություններին մասնակցության, ռազմական կրթության, մարդասիրական ականազերծման վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ:

Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները: 

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Արլինգտոնի ազգային հուշահամալիր և ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի» հուշակոթողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter