Գևորգ Կոստանյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին` Գևորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:
Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:
Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազն անդրադարձել է 01.06.2013թ.-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին` ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները, այնպես էլ՝ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել