HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք չէ շղթայել կամովին մեկնած ձեռքը

Ռազմիկ Մարկոսյան

Վերջին շրջանում լարված քաղաքական իրավիճակն ինչ-որ չափով ստվերեց դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված ցավալի միջադեպն ու դրա շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունները: Բայց խնդիրը բաց է ու բավական ենթատեքստային, և մեր ժողովրդի բարոյական կերպարով մտահոգ հատվածը չպետք է լռի  կամ  մեղմացնի  իր  բողոքի  ձայնը:  

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածը ողբերգություն է: Ինչպե՞ս է դա պատահել, ի՞նչ պայմաններում, Վարդան Պետրոսյանը խախտե՞լ է երթևեկության կանոնները` դեռևս պարզ չէ: Բայց դեպքին անմիջապես արձագանքող ակտիվ ու անուս լրագրողների սև գործի հետևանքներն ու մեր դատաիրավական համակարգի աշխատողների գործողությունների անօրինականությունն արդեն իսկ վեր են կասկածից: Վերջիններս եթե անգամ, ի տարբերություն լրագրողների, արհեստավարժ են ու կարող են իրավականորեն հիմնավորել իրենց հակաիրավական գործողությունները, ապա որևէ կերպ չեն կարող հերքել, որ այդ գործողությունները հակամարդկային են ու անբարոյական: Մի բան անվիճելի է.Վարդան Պետրոսյանը կանխամտածված հանցանք չի գործել: Իսկ իրավապահների գործելաոճն այս պարագայում ինքնին կանխամտածված հանցագործություն է:

Բացառիկ երևույթ է, որ արտերկիր մեկնած հայ դերասանը կարողանա իր մասնագիտությամբ կայանալ այնքան, որ ֆրանկոֆոնիայի մայրաքաղաք Փարիզում բեմ հանի իր ֆրանսերենը, ծափահարությունների ու հիացմունքի արժանանա ու անդադար վերադառնա հայրենիք` նվիրաբերվելու: Հայաստանից մեկնածները հիմնականում և լավագույն դեպքում՝ նյութական արժեքներ բերում ու հոգևորը տանում են այստեղից: Ոչ այն պատճառով, որ դրսում հոգևոր արժեքներ չկան: Պարզապես, Հայաստանն է նրանց հայրենիքը:

Վարդան Պետրոսյանը, եթե ոչ միակ, ապա այն սակավաթիվ մտավորականներից է, որոնք հոգևոր արժեքներ են բերում Հայաստան: Դժվար է հիշել արտերկիր մեկնած որևէ արվեստագետի, որ այսքան կապված լինի Հայաստանի հետ:  

Ամեն ներկայացումից հետո հանդիսատեսին թվում էր, թե Վարդանի ասելիքը սպառվեց: Բայց նա վերադառնում էր կրկին ու կրկին: Գալիս էր ամենևին չօտարացած: Գալիս, ասում էր. «Փարիզը ձերն է, Ռոբեր Օսեյնը ձերն է, վերցրեք, ձեզ համար եմ բերել»: Գալիս, վարակում էր արցունքախառն ծիծաղով, հույսով, լավատեսությամբ:

Վարդանը դահլիճում մի յուրատեսակ բաց ու անմիջական մթնոլորտ էր ստեղծում: Հանդիսատեսը հեռանում էր` կյանքի նկատմամբ հայացքը փոխած, ինքն իրեն ավելի լավ ճանաչած, նաև` շատ մոտիկից ճանաչած սիրելի դերասանին, որը բեմի վրա, անկախ իր կերպավորումներից, խաղում էր ինքն իրեն: Վարդանի երկրպագուները կարծես անձամբ ճանաչում էինք նրան: Թող ներվի, որ անցյալով եմ խոսում նրա մասին: Պարզապես գիտեմ, որ մեր իմացած Վարդան Պետրոսյանին մենք էլ չենք տեսնելու բեմի վրա, եթե անգամ նա հենց այսօր ներվի ու ազատ արձակվի կալանավորական խցից: Վարդանը մարդու, քաղաքացու այն տեսակն է, որին թեկուզ ակամա հանցանքի համար ոչ մի օրենք ու դատարան չի կարող պատժել այնպես, ինչպես որ իր խղճի օրենքը: Կատարվածն արդեն իսկ ցմահ դատապարտություն է նրա համար:

Մշակույթի երեսուն գործիչներ երաշխավորագրով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և Կոտայքի մարզի դատախազին` վթարից տուժած, առողջական ծանր վիճակում գտնվող Վարդան Պետրոսյանի կալանքը, որպես խափանման միջոց, այլ միջոցով փոխարինելու խնդրանքով: Կալանքի մասին որոշումը վերանայելու մասին առաջարկով ՀՀ դատախազությանն է դիմել նաև երկրի նախագահը: Բայց բանից պարզվում է` մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ: Ինչպիսի՜ զավեշտ … 

Մեր օրինապահ մարմիններին կոչ եմ անում, որ օրենքի տառին գերի դարձած իրենց եռանդը դրսևորեն հարյուրավոր չբացահայտված ծանր հանցագործությունները բացահայտելու գործում: Ես չեմ պնդում, թե Վարդանին պիտի ազատեն պատասխանատվությունից: Բայց ճանապարհային երթևեկության կանոնները ստեղծողն անգամ կարող է վթարի մասնակից լինել: Ոչ ոք ապահովվագրված չէ նման իրավիճակից: Մի՞թե չի կարելի գործողություններ ձեռնարկելիս նկատի ունենալ Վարդան Պետրոսյանի վաստակը: Չէ՞ որ խոսքը ոչ միայն տաղանդաշատ արտիստի, այլև  օրինանավոր քաղաքացու, բարեպաշտ մի մարդու մասին է, որը միշտ մեր կողքին է եղել, դժվար պահերին օգնել է մեզ կառչած մնալ հոգևոր արժեքներից, որ չվհատվենք, չզրկվենք ինքներս մեզնից: Ո՜նց ենք քարկոծում ու բողոքում օտարներից, երբ մեր հայրենակիցների, մեր հոգևոր ու մշակութային արժեքների հետ վատ են վարվում: Կամ` ինչպիսի՜ մեծահոգություն կդրսևորեինք, եթե որևէ օտարերկացի մտավորական կամ արվեստագետ նման իրավիճակում հայտնվեր մեր երկրում: Երևի Վարդանը պիտի իրեն մի քիչ օտարի պե՞ս պահած լիներ: Կամ գուցե իր արվեստով պիտի զբաղեցրած-շեղած- մոլորեցրա՞ծ լիներ մեր ժողովրդին:

Վարդան Պետրոսյանը բեմի վրա շատ է քարկոծել մեզանում տիրող բռի անօրինականությունն ու անարդարությունը: Ցավոք, այս անգամ նա այդ բանն արեց իր առողջության, կարելի է ասել` իր կյանքի հաշվին:

Մենք հույս ու մխիթարություն ենք պարտք Վարդանին: Նրա ահավոր խղճի խայթին պետք չէ գումարել «ՀՀ օրենսդրական» դաժանությունն ու չինովինկական ոխակալությունը:

Որդեկորույս ընտանիքների համար մխիթարանքի խոսքեր գտնելը դժվար է: Համբերություն եմ մաղթում նրանց: Բայց պատահարին զոհ գնացած Էդգարին ու Էդուարդին անձամբ չճանաչողների մեջ կարո՞ղ է արդյոք լինել մեկը, որի սիրտը նրանց համար այնքան կցավա, որքան Վարդան Պետրոսյանի սիրտը: Եվ պետք չէ  Վարդանի կյանքը տղաների մահվանն հակադրել:  

Մեր ժողովրդի կողմից այնքան սիրված, իր տեսակի մեջ միակ, տաղանդավոր դերասանի հետ այսպես ցավալիորեն դաժան վարվողներին ուզում եմ հիշեցնել, որ այս արդարամիտ ու արդարախոս մտավորականի նկատմամբ ոխակալ վրեժխնդրություն դրսևորելիս նկատի ունենան, որ այն մեծ սերը, որ Վարդան Պետրոսյանը բեմ է հանել տարիներ շարունակ, այդ սիրո մեջ իրենք էլ բաժին են ունեցել, և երբ ասում էր՝ «Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ», նկատի ուներ բոլոր հայերին: Նրա սերը երբեք խտրական չի եղել, և մենք իրավունք չունենք նրան մենակ թողնելու այս չարաբաստիկ անպատեհության, այս ակամա դժբախտության պահին:

Իսկ ի՞նչ կանեին մեր իրավապահները, եթե Վարդանը զոհված լիներ այդ ավտովթարի ժամանակ: Գուցե կդատեի՞ն նրան հետմահու…

Վարդան Պետրոսյանին հոգեպես կորստյան մատնելը մեր ժողովրդի համար անցանկալի հետևանքներ կունենա, քանի որ Վարդանը մեզ համար սոսկ դերասան չէ: Նա խորհրդանշում է մեր երկրից հեռացած հայերի հնարավոր վերադարձը Հայաստան: 

Հ.Գ. Գիտեմ, որ Վարդանն աղոթում է Էդգարի և Էդուարդի հոգիների համար: Վստահ եմ, որ նա այդ անելու է ամբողջ կյանքում: Նրա աղոթքներին միացնում եմ իմ աղոթքները՝ վթարի անմեղ զոհերի, բոլոր տառապող հոգիների համար:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Նիւթի առարկայ ողբերգական արկածից ի վեր, հազուադէպ է լսել այսպիսի պատշաճ եւ հաւասարակշռուած արտայայտութիւններ : (Բացի՝ այստեղ եւս արտացոլացող մի քանի չափազանցեալ արժեւորումներէ. սակայն այդ ալ ոչինչ, շնորհիւ մնացեալին) --- Հայդուկ Շամլեան, Գանատա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter