HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալ տասնամյակում կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ դրական փոփոխություններ չեն արձանագրվել. ԹԻ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ 

10 տարի առաջ, 2003 թվականի դեկտեմբերի 9-ին  Մեքսիկայի Մերիդա քաղաքում հատուկ այդ առիթով կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան (ուժի մեջ մտավ 2005 թ. դեկտեմբերին), որը մինչ այդ, նույն տարվա հոկտեմբերի 31-ին ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Այսպիսով, դեկտեմբերի 9-ը հռչակվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

Անցած տասնամյակի գլխավոր նվաճումը կարելի է համարել թերևս այն, որ, եթե  նախկինում կոռուպցիայի հիմնախնդրի մասին խոսում էին շշուկով և հանրության ճնշող մեծամասնությունը միայն մոտավոր պատկերացում ուներ այդ չարիքի և դրա հետևանքների մասին, ապա այժմ այդ հիմնախնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է: Ներկայումս մարդկությունը հստակ ընկալում է, որ կոռուպցիան տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Նրա բարձր մակարդակը խթանում է աղքատությունը, բյուջեի թալանը զրկում է մարդկանց որակյալ կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Վերջապես, պետության զավթումը օլիգարխիկ կլանների կողմից և քաղաքական կոռուպցիան, մանավանդ, ընտրական գործընթացներում, զրկում են մարդկանց ապագայի նկատմամբ հավատից և, կազմալուծելով ժողովրդավարության ինստիտուտները, թուլացնում են պետությունը` սպառնալով պետականության կորստով:

Հետաքրքիր զուգադիպությամբ 10 տարի առաջ այս նույն օրերին (դեկտեմբերի 20-ին) ուժի մեջ մտավ Հայաստանի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Վեց տարի անց, հենց նույն օրերին ընդունվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Բնական հարց է առաջանում, թե ինչ փոխվեց այս տարիների ընթացքում, ինչպիսի ձեռքբերումներով և կորուստներով ենք ունեցել և ուր ենք գնում:

Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հասարակությունը շատ ավելի լավ է իրազեկված կոռուպցիայի երևույթի մասին, քան տասը տարի առաջ: Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007 թթ. և 2009-2012 թթ.) իրականացման ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ: Քաղաքացիներն ավելի ակտիվ են օգտվում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և շարժումներ ավելի ու ավելի հաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը: Շնորհիվ գույքի և եկամուտների հայտարարագրման ավելի մեծ թափանցիկության՝ հանրությունն ավելի հաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցվածքի խնդիրը: Վերջապես, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը:

Դժբախտաբար, ավելի մեծ է ձախողումների և չօգտագործված հնարավորությունների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)[1] Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հավասար էր 36-ի[2]  և Հայաստանը այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եվ եթե այն ԱՊՀ անդամ երկրների թվում լավագույն ցուցանիշն է, ապա Եվրամիության երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն զիջում է նույնիսկ Միության անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Հունաստանին (40)[3]: Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եվրասիական ինտեգրումը նախընտրած Հայաստանը ապագայում կարձանագրի լուրջ հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ:

Հայաստանը շարունակում է զիջել նաև իր հարևան Վրաստանին (ԿԸՀ 2013 թ. ցուցանիշը`49, դասակարգման աղյուսակում կիսում է 55-56 տեղերը), այնինչ 10 տարի առաջ՝ 2003թ.-ին Հայաստանը զգալիորեն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով[4] Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղյուսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: Հարկ է նաև նշել, որ 2003-2011 թթ. ՀՀ ԿԸՀ ցուցանիշի դինամիկան ունեցել է նվազման միտում՝ 2003-2008 թթ. մնալով նույնը՝ 3.0, սկսած 2008թ.-ից այն դանդաղորեն նվազել է ՝ հասնելով իր նվազագույն արժեքին (2.6) 2010-2011 թվականներին:

ԹԻ-ի մեկ այլ՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների ընկալումները և կարծիքները Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ նախորդ տարիների համեմատ նույնպես էական փոփոխությունների չեն ենթարկվել: Հարցվածների 43 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում վերջին երկու տարիներին աճել է և միայն 19 տոկոսի կարծիքով այն նվազել է: Երկրի իշխանությունների գործունեությունն՝ ուղղված կոռուպցիան նվազեցնելուն ոչ արդյունավետ է գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ արդյունավետ է գնահատել միայն 21 տոկոսը: Հարցվածների 69 տոկոսը դատական համակարգն ընկալում է որպես ծայրահեղ կոռումպացված կամ կոռումպացված, 66 տոկոսը այդպիսին է համարում ոստիկանությունը: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և շատ քիչ են հավատում, որ իրենք ինչ-որ դեր ունեն այդ պայքարում: Այդ ցուցանիշներով Հայաստանը հարցման մեջ ներգրավված 107 երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Մասնավորապես՝ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների ընդամենը 43 տոկոսը, որը 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Միջազգային այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նույնպես լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում չեն արձանագրել:

Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է արձանագրել, որ անցած տասնամյակը Հայաստանի համար չդարձավ լուրջ ձեռքբերումների տասնամյակ, և չարձանագրվեցին որակական լուրջ դրական փոփոխություններ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր հայտարարություններում, այդպես էլ չեն հաղթահարվել, և իշխանությունների մոտ շարունակում է բացակայել դրանք հաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչության անտարբերությունը և հանդուրժողականությունը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկա քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխություն, որին կարելի կլինի հասնել միայն հասարակության ակտիվ պայքարի արդյունքում:    



[1] ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս և դասակարգում է երկրները, ելնելով նրանից, թե որքան կոռումպացված է ընկալվում տվյալ երկրի հանրային ոլորտը (պետական և համայնքային պաշտոնյաներ և ծառայողներ): Այն բաղադրյալ համաթիվ է՝ հանդիսանալով միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներից և ուսումնասիրություններից ստացված տվյալների կոմբինացիա:

[2] 0-ից 100 սանդղակի վրա, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը բացարձակ չկոռումպացված

[3] 2013 թ. ԿԸՀ դասսակարգման աղյուսակը 91 միավորով գլխավորում են Նոր Զելանդիան և Դանիան:

[4] Մինչև 2012 թ. ԹԻ-ն իր Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելիս կիրառում էր այլ մեթոդաբանություն և հաշվարկի այլ սանդղակ (0-ից 10՝ ներկա 0-ից 100-ի փոխարեն): Այդ իսկ պատճառով ԿԸՀ 2012-2013 թթ. ցուցանիշները համեմատելի չեն նախորդ ժամանակահատվածի (1995-2011) ԿԸՀ ցուցանիշների հետ:Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter