HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետը` փողատեր պատգամավորների մասին. «Ոչ ասում են, ոչ խոսում են, ոչ էլ օրենքներ են ընդունում»

Վաղը` դեկտեմբերի 10-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն կգումարի արտահերթ նստաշրջան`նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային հարցերից մեկն էլ  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի ընդունումն է:

Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետ Արսեն Ավդալյանը նշեց, որ թեեւ իրենք շատ խնդիրներ ունեն, սակայն լավատես է պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացման հարցում:

«Չգիտեմ դուք ոնց կընդունեք, բայց նման մարդկանց աշխատավարձը ավելի շատ պետք է բարձրացվի: Օրինակ` պատգամավորն իր 300 հազար դրամ աշխատավարձով չի կարողանում այցելել այն համայնքները որտեղից իրեն ընտրել են»,-նշեց համայնքապետը:

Համայնքապետի խոսքերով`իր ասածը փողատերերին չի վերաբերում, քանի որ նրանք այդ աշխատավարձի հույսին չեն, սակայն կան պարտաճանաչ պատգամավորներ, որոնք կցանկանան իրենց ընտրողին գոնե 2 ամիսը մեկ անգամ հանդիպել:

«Հնարավորություն ունեցողին ինչ կա, վաղը-մյուս օրը էլի իր հարցերը կլուծի. կգնա Ազգային ժողովում կնստի ու վեր կկենա կգա: Մեկ ա` ոչ ասում են, ոչ խոսում են, ոչ էլ օրենքներ են ընդունում: Կնոպկա սեղմող են»,-հավելեց Արսեն Ավդալյանը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով՝ հանրապետության նախագահի պաշտոնյայի դրույքաչափը 436.460 դրամ է, ոստիկանության պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը՝ 402.810 դրամ, ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ 373.540 դրամ, ԱԺ նախագահի տեղակալի, փոխվարչապետի պաշտոնային դրույքաչափերը կազմում են 357.810 դրամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի դրույքաչափերը՝ 331.595 դրամ, մարզպետինը՝ 258.190 դրամ, նախարարի առաջին տեղակալինը՝ 247.700 դրամ, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնյայի դրույքաչափերը՝ 294.700 դրամ եւ այլն:

Եթե փաթեթն ընդունվի, ապա ՀՀ նախագահը 2014թ. հուլիսի 1-ից կստանա 1.322.800 դրամ աշխատավարձ, ԱԺ նախագահն ու վարչապետը՝ 1.190.520 դրամ, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, վերահսկիչ պալատի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը՝ 992.100 դրամ, ԱԺ նախագահի տեղակալը՝ 925.960 դրամ, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, կառավարության աշխատակազմի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, մասնագիտացված դատարանի նախագահը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝ 793.680 դրամ, իսկ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, մարզպետները, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, նախարարի առաջին տեղակալը եւ այլոք՝ 661.400 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter