HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հերմինե Նաղդալյանի բերանով խոսեց Հովիկ Աբրահամյանը. խնդիրը վերաբերում է ձկնաբիզնեսին

Արարատյան ջրավազանում բավարար չկանոնակարգված ջրօգտագործման արդյունքում ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար կառավարությանն առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում: Այդ թվում` Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալները կտրուկ նվազեցնելու նպատակով, առաջարկվում է օգտագործել գործող տնտեսական մեխանիզմները` ուժեղացնելով դրանց կարգավորիչ դերը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ԱԺ-ում ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նախարարը նշեց, որ վերանայվում է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5%-ը:

Օրենքի նախագծով՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրվող խնդրո առարկա հաշվարկային ծավալը բարձրացվել եւ սահմանվել է արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50%-ի չափով: Նախարարն ասաց, որ ժամանակին տրված արտոնությունը հիմա հանվում է կիսով չափ, իսկ իր կարծիքով՝ ընդհանրապես, արտոնություն չպետք է տրվի, որպեսզի տնտեսվարողներն ազատ մրցակցեն:

Արամ Հարությունյանն ասաց, որ պայմանները չեն խստացվում եւ բացասական հետեւանքներ չեն կարող ունենալ ձկնաբուծական տնտեսությունների վրա: Նա հավելեց, որ ապօրինի ջրօգտագործման ծավալները  զգալի չափով նվազեցնելու նպատակով օրենքով 0-ական չափաքանակների (սահմանափակումների) կամ Հայաստանի ջրային օրենսգրքի համաձայն՝ ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում, սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը բարձրացվել են: Եռապատիկ դրույքաչափի փոխարեն օրենքի նախագծով նախատեսվել է տասնապատիկը` Արարատի եւ Արմավիրի մարզերի, հնգապատիկը` մյուս տարածքների համար:

Օրինագծին ընդդիմացավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա կարծես թե խոսում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից, քանի որ վերջինս է զբաղվում ձկնաբուծությամբ եւ հենց նա պետք է անհանգստանար վճարների բարձրացման համար:

ԱԺ փոխնախագահը մտահոգված էր, որ նոր վճարները կարող են թանկացնել ձկան ինքնարժեքը, ինչը կարող է վնաս հասցնել ձկնաբիզնեսին եւ արտահանման դեպքում մրցակցությունից դուրս թողնել հայաստանյան տնտեսվարողներին:

Արամ Հարությունյանը հավաստիացրեց, որ ձկան գինը կարող է տատանվել ոչ ավելին, քան 2-3% -ը:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ Արարատյան դաշտավայրում լուրջ խնդիրներ են առաջացել եւ վճարների բարձրացումը կստիպի ձկնաբիզնեսով զբաղվողներին, որ իրենց գրպանում զգան այդ խնդրի կարեւորությունը:

Քննարկումը կշարունակվի վաղը. ԱԺ աշխատանքային օրն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter