HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սառը ցնցուղ, կամ ինչու է ցնցվում դատական համակարգը

Մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը ցնցել է ողջ դատական համակարգը: Պատճառն այն է, որ զեկույցը ոչ միայն նկարագրում է Հայաստանի դատական եռաստիճան համակարգում կոռուպցիոն ողջ շղթայի կառուցվածքն ու մեթոդաբանությունը, ներկայացնում կաշառքի հաստատված «սակագները», այլև նկարագրում արդարադատության խորհրդի  և Վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրվող խախտումները, կիրառվող երկակի ստանդարտները, դատական համակարգի օրենսդրական խնդիրները:

Այսինքն՝ այն ամենը, ինչի մասին գիտեն բոլորը, սակայն որոնք առ այսօր որևէ մեկը չի փորձել հիմնավորված և մոդելավորված կերպով հանել ջրի երես ու խոսել դրանց մասին պարզ ու հասկանալի լեզվով:

Եվ ահա ոլորտին առնչվող բոլոր ինստիտուտները, կառույցները իրենց սուրբ պարտականությունն են համարում ոչ միայն անդրադառնալ այդ զեկույցին, այլև հնարավորինս համոզիչ ջախջախել օբմուդսմենի այս նախաձեռնությունը: Դատական դեպարտամենտն, օրինակ, լավ կազմակերպված PR, բայց «սիրողական մակարդակով գրված» որակեց զեկույցը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ այն գրված է «ասում են...» տրամաբանությամբ, հետևաբար որևէ գործնական նշանակություն չունի: Գրեթե նույն գաղափարն է ընկած նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` ՄԻՊ-ին ուղղված բաց նամակում, որտեղ նա Կարեն Անդրիասյանին խնդրում է իրենց տրամադրել զեկույցում նշված պատկերն ապաւցուցող կոռուպցիայի գոնե մեկ փաստ: Այլ կերպ ասած` Կոստանյանն անուղղակիորեն ՄԻՊ-ին մեղադրում է հեքիաթասացության մեջ:

Սակայն զեկույցը ցեխոտելու առումով բոլոր հնարավոր սահմաններն անցավ ոչ ավել ոչ պակաս ՀՀ դատավորների միության խորհուրդը, այսինքն՝ այն կառույցը, որը ամենից շատ պետք է շահագրգռված լիներ դատավորների օրինական գործունեության համար նպաստավոր դաշտի ստեղծման և դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների վերացման հարցում: Սույն խորհուրդն, ահա, ՄԻՊ-ի զեկույցը որակել է հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակապես չհամապատասխանող և, «դատական իշխանության և դատավորի բարձր կոչումը նսեմացնող»: Ավելին, խորհրդի կարծիքով զեկույցը պարունակում է հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ, որը, ուշադրություն դարձրեք`«միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը»: Փաստորեն խորհուրդը գտել է դատական համակարգի նկատմամբ հանրային, մեղմ ասած, բացասական կարծիքը ձևավորող հիմնական մեղավորին, որը ոչ թե ինքնին այդ համակարգում արմատացած բարքերն են, կոռուպցիան, հովանավորչությունն ու կաշառակերությունը, այլ մարդու իրավունքների պաշտպանն՝ իր զեկույցով հանդերձ:

Հիստերիայի հասնող այսպիսի գնահատականները, սակայն, ոչ թե ստվերում են ՄԻՊ-ի զեկույցը, այլ ավելի արժևորում այն և ուղղակի ապացուցում, որ նա հարվածել է կոնկրետ թիրախին, մատը դրել օրգանիզմում կուտակված ու շարունակաբար մեծացող թարախապարկի վրա: Եվ հենց այդ հարվածի ցավն է, որ նման ցնցումների մեջ է գցել ոլորտի պատասխանատու օղակներին: Մինչդեռ իրականում ՄԻՊ-ը որևէ արտառոց բան չի արել, և նրա զեկույցը առավել քան հիմնավոր է ու համոզիչ: Նախ` օմբուդսմենը, արտահերթ զեկույց հրապարակելով, գործել է բացառապես իր իրավասոթյունների շրջանակում: Օրենքը և որևէ այլ իրավական ակտ չի պարտադրում և չի էլ կարող պարտադրել զեկույցի որևէ ձևաչափ, կազմելու մեթոդաբանություն, ուղղվածություն: ՄԻՊ-ը ազատ է այն գրելու և ներկայացնելու այնպես, ինչպես ինքն է ուզում:

Երկրորդ` օմբուդսմենը հանցագործներ բացահայտող կառույց չէ, որ նրանից ակնկալում են կոնկրետ փաստերի ներկայացում, ինչը նշանակում է կոնկրետ մեղավորների բացահայտում: Դա ոստիկանության, դատախազության, դրանից հետո դատական համակարգի գործառույթն է: Հետաքրքրականն այն է, որ նախկինում, երբ Կարեն Անդրեասյանը հանդես էր գալիս տարբեր մարմիններում մարդու իրավունքների  պաշտպանության հետ կապված խնդիրների մասին նմանատիպ զեկույցներով` նշելով կոնկրետ դեպքեր ու խախտման մեխանիզմներ, նրան մեղադրում էին իր իրավասություններից դուրս գալու, պարզ ասած` քիթն իրեն չվերաբերող հարցերում խոթելու մեջ: Հիմա, երբ շեշտը զեկույցում դրվել է իրավիճակի նկարագրության և վերլուծականության վրա, ընդ որում՝ ոչ ընդգծված ձևով, նրան մեղադրում են ոչ կոնկրետության, ընդհուպ հիմնազրկության և ոչ կոմպետենտության մեջ:

Այս զեկույցի նպատակը բացարձակապես մեղավորներ գտնելը չէ, այլ արդեն բոլորին քաջածանոթ իրավիճակի խորքային վերլուծությունը և կոռուպցիոն այն մեխանիզմների բացահայտումը, որոնք փաստացի ոչնչացել են Հայաստանում արդարադատության համակարգն ու դրա նկատմամբ հասարակական վստահության նշույլները: Այս զեկույցը ոչ թե քննադատելու, այլ լրջորեն ուսումնասիրելու տեղիք է տալիս, այսպես կոչված, արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման մասին մեծ-մեծ բրթողների համար, որոնք, խնդրի էությունը, պատճառահետևանքային կապերը թողած, ընկել են կոսմետիկ վերափոխումների` բովանդակազուրկ միջոցառումների ետևից` անընդհատ շեշտը դնելով օրենսդրության կատարելագործման վրա:

Հանրապետության նախագահը տարին գրեթե 4 անգամ խորհրդակցություն է հրավիրում իրավապահ և դատական համակարգերի բարեփոխումների ինչ-որ ծրագրերի, պլանների ընթացքի մասին, տալիս ինչ-որ հանձնարարականններ, երբեմն-երբեմն անձամբ մատնանշում ապօրինություններ, խոսում կոնկրետ դեմքերի ու պատասխանատուների մասին: ՄԻՊ-ի այս զեկույցը առաջին հերթին նրան է անհրաժեշտ` հասկանալու համար, թե քանի գրոշի արժեք են ունեցել իրականացված բարեփոխումների այդ ծրագրերը, և այն իրավիճակը, որն այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն են ներկայացրել ոլորտի պատասխանատուները:

Երրորդ` մեղադրանքները, թե զեկույցը կոնկրետ փաստերից զուրկ է, ոչ միայն չափազանցություն է, այլև պարզ խաբեություն, որովհետև այն ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ փաստեր է պարունակում: Զեկույցի առաջին հատվածը, որը վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշումներին և կաշառքի, այսպես կոչված, սակագներին, հիմնված է դատավորների շրջանում կատարված անանուն հարցումների վրա: Դա միակ միջոցն է, որով կարելի է թափանցել կոռուպցիոն ողջ ցանցի ակունքները և իրավիճակը բացահայտել ներսից: Այս մասով զեկույցի առանձնահատկությունը և գլխավոր արժեքն այն է, որ հարցումն անցկացվել է ոչ թե հասարակության շրջանում, երբ կարող էին խանգարել սուբյեկտիվ վերաբերմունքը, կանխակալ կարծքիը, այլ դատավորների, այսինքն՝ այն անձնաց, ովքեր ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին ու որոնց մեծ մասը նույնքան զզված է այդ համակարգից, որքան շարքային քաղաքացին: Որովհետև, ըստ էության, նրանց նկարագրածը հենց իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ արժանապատվությունը նսեմացնող, հողին հավասարեցնող համակարգ է:

Ու հենց սրա ֆոնին է, որ դատավորների խորհուրդ կոչված այդ կառույցի հայտարարություններն ու որակումները ոչ միայն ակնհայտ կոնյուկտուրային են, այլև շովինիստական: Եթե ոչ դատավորների, ապա էլ ու՞մ իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելուն է կոչված այդ խորհուրդը, և, առհասարակ, ո՞րն է նրա գոյության իմաստը: Իսկ եթե նրանք արդարադատության խորհրդի, Վճռաբեկ դատարանի կողմնակալության, օրինախատումների փաստեր են ակնկալում զեկույցից, ապա կարող են ցանկալին իրականության տեղ ընկալելու փոխարեն ընթերցել դրա համապատասխան բաժինները, մասնավորապես՝ վերադաս դատական ատյանում քննության փուլում գտնվելու պատճառաբանությամբ, կարգապահական հանձնաժողովի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու, գործերը քննության փուլում վերաքննիչ դատարանում կամ դեռևս նույն դատավորի վարույթում գտնվելու ժամանակ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթներ կամ խորհրդի կողմից որոշումներ կայացնելու դեպքերի մասով: Կամ երբ նկարագրվում է, թե ինչպես է լինում, որ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում այնպիսի խախտումների դեպքերում, որոնց համար վարույթ է հարուցվում ստորադաս ատյանի դատարանի դատավորների նկատմամբ:

Փաստերը ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ իրավահարաբերությունների շրջանակի ու խախտումների տեսակների պարագայում առավել քան բավարար են` խորհրդի անդամների, Վճռաբեկ դատարանի անդամների գործունեությունը վարչական, քրեական իրավախախտումների տիրույթում լրջորեն ուսումանսիրելու համար: Եվ հենց այս «գերանները» թողած` մարդիկ ահա ընկել են զեկույցում «փուշ» են ման գալիս: Ավելի լավ ապացույց այն բանի, որ լճացած համակարգը պատրաստ չէ բովանդակային վերափոխումների, չի կարող լինել, քան հենց այսպիսի բացահայտ մերժողական, ընդհուպ թշնամական վերաբերմունքը:

Հ.Գ. Խնդիրը բացարձակապես ՄԻՊ Կարեն Անդրեասյանին միակողամանի պաշտպանելը չէ: Նրա նախկին զեկույցներից շատերը, իհարկե, չեն եղել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի, ցանկության դեպքում այս զեկույցում ևս կարելի է թերություններ գտնել:  Սակայն տվյալ դեպքում իրողություններին պարզ և ուղիղ հայացքով նայելու հանգամանքն ավելի էական է, քան ինչ-որ ենթատեքստեր փնտրելը: Սա այն դեպքն է, երբ հասարակությունը, քաղաքական ուժերը պարտավոր են ամբոջական պաշտպանության տակ առնել պաշտպանի նախաձեռնությունը, որովհետև հաստատված բարքերի, կարծրատիպերի պարագայում միայն դա է մղելու բարեփոխումները ձևական դաշտից բերել որակական ու բովանդակային դաշտ, եթե, իհարկե, իշխանության մոտ դեռ մնացել է ադեկվատության բավարար չափաբաժին:    

Մեկնաբանություններ (5)

Վեհարի
Եթե դատավորները իսկապես ենթարկվեին միայն օրենքներին և անկախ լինեին ապա դատավորների խորհուրդ կոչված ոհմակը ստեղծվելու կարիքը չեր լինի: Կարիք չեր լինի հարձակվել հարկատուների և արդարության վրա:
Սամվել
երբ որսորդի գնդակը դիպչում է որսին,այն ցնցվում է
Լևոն Թոքմաջյան
Ի՞նչ կաշառքի փաստ են ուզում... Տո ոչ մի գերհզոր քննչական խումբ ոչ մի կաշառքի փաստ չի կարող բացել: Բայց բացահայտ, պարզ գործերում լրիվ ապօրինի, կամայական վճիռներ 10 նյակ հազարներով: Կոնկրետ օրինակներ են ուզու՞մ՝ խնդրեմ՝ ԵԱՆԴ1914 քաղ գործով Մկրտումյան պարագխի ղեկավարությամբ վաճառել են իմ տունը Շվեդիայում ապրողին, առոչինչ գործարք վավերացնելով ապա ԵԿԴ /2594 գործով անկարող եղան նույն Շվեդիայում ապրողից ինձ պատկանող գումարը գանձել գույքի առկայության ու արգելանքի պարագայում: Էս էլ ա՞ հիստերիա... Ինչի՞ համար են էս կամայականությունները եթե ոչ դրամ շորթելու: Լավ եթե պատճառը ընչաքաղցությունը չի՞ այլ՝ ինձ անհայտ պատճառո՞վ դէ թող Դատարանը ՀՀ քաղ. օր-ի 18 հոդվածով վնասս հատուցեն, պատիվները փրկեն..... Շատերին զվարճացրի երևի...
Լևոն Թոքմաջյան
Առակս ցուցանե... որ եթե համատարած դատական կամայականություններից ալամ աշխարհում՝ Մկրտումյանից ու իշխանական բուրգից բացի, որևէ մեկը դրամաշորթության տրամաբանական հետևություն չանի՞ կամ կաշառակերության հոտ չառնի՞ ո՜հ, այդ ատեն թող Կարեն Անդրիասյանը «հիստերիկ» հորջորջվի.... Ես վճիռ գիտեմ որ տիեզերական մարմինների փոխադարձ ձգողության ուժի փաստը Մկրտումյանը տրամաբանորեն չի հաստատել կազմելով հետևյալ սիլոգիզմը: Արձանագրություն չկա, չկա և փաստ: Լուսնի երկրի շույջը պտտվելու վերաբերյալ Վովա Գասպարյանի դուքանի կողմից արձանագրություն չկա, ուստի՝ ձգողականություն էլ չկա: Էդ դեպքում իրանք էլ են հիս....: Ծանոթություն. Վովայի դուքանի կտրիչները որ մեջը բան չունենան սպանես էլ արձանագրություն չեն կազմի: Իմ ջուրը Շվեդացու քննիչ ախպերը կտրեց կանչեցի որ փաստեն՝ չեկան, ասին. «..խի մենք քու պիսարն ենք» Ուստի բոլոր փաստերը կարան բուրգաբնակների գլխում մենակ ծնվեն: «....Տալլերը՝ գլխում և տալլերը գրպանում, դրանք տարբեր բաներ են:» Էմանուիլ Կանտ
hasmik
konkret mezanic vchrabeky 20.000 dollar en uzel,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter