
68 քաղաքացի մնում է առանց բնակարանի եւ կորցնում 1,5 մլրդ դրամ
Երկար տարիներ արտերկրում ապրելուց տկն Ամալյայի դուստրը գումար է ուղարկում ծնողներին, որպեսզի վերջիններս իր համար բնակարան գնեն, ու նա տեղափոխվի Հայաստան:
Նախնական պայմանագիր կնքելով «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ի հետ Մամիկոնյանց 51/2 կիսակառույցում իր դստեր համար բնակարան ձեռք բերելու հույսով՝ տիկին Ամալյան երեք տարի սպասում էր բնակելիի շինարարության ավարտին:
Շինարարությունը ոչ միայն արդեն մեկ տարի ուշանում է, այլեւ շենքը առգրավվել է բանկի կողմից եւ հանվել հարկադիր աճուրդի՝ ընկերության՝ բանկին ունեցած վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով: 68 բնակիչ, վճարելով բավականին խոշոր գումար, այսօր իր ձեռքին ունի միայն նախնական պայմանագիր: Ոմանք էլ «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ին վճարել են գումարի 100%-ը, չնայած ըստ պայմանագրի՝ գումարն ամբողջությամբ պետք է վճարվեր շենքի եւ սեփականության վկայականների հանձնման ժամանակ:
Մամիկոնյանց 51/2 կիսակառույցի խնդիրը միակը չէ Հայաստանում: Երեւանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանի խոսքերով՝ այս դեպքը դեռ բարվոք վիճակում է. «ՍՊԸ-ի եւ քաղաքացիների միջեւ բանակցություններ են գնում, բոլոր կողմերը շահագրգռված են այս հարցը լուծել: Ավելին ասեմ, Երեւան քաղաքում չեք կարող գտնել այնպիսի շենք, որը գրավի տակ չլինի: Նախնական պայմանագիր կնքելով՝ քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, որովհետեւ երբեք չես կարող իմանալ, թե վաղը ինչ կլինի»:
«ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը թե քաղաքացիներին, թե «Հետքի» հետ զրույցում վստահեցնում է, որ իրենք «ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի»: Նրա խոսքերով՝ շենքում կան դեռեւս չվաճառված բնակարաններ եւ պարտքեր ունեցող բնակիչներ, որոնց վճարելիք գումարը բավական է, որպեսզի թե մարվի բանկի պարտքը, թե ավարտվի շինարարությունը: Սակայն այն, որ շենքը գրավադրված է «Զարգացման հայկական բանկում», հանվել է հարկադիր աճուրդի եւ սկսվել է «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու գործընթաց, հույս չի ներշնչում, որ շենքի ազատ բնակարանների համար նոր գնորդներ կգտնվեն, իսկ արդեն 50, 60, 70% վճարած քաղաքացիները կրկին ռիսկի կդիմեն եւ կվճարեն բնակարանների արժեքի 100%-ը՝ առանց սեփականության վկայականի:
Քաղաքացիները բանկ-ՍՊԸ հարաբերությունների եւ շենքի գրավի մասին տեղյակ չեն եղել: Երեւանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Վերա Աբաջյանը, ով վավերացրել է «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ի եւ քաղաքացիների միջեւ կնքված պայմանագրերը, հաստատում է, որ օրենքի խախտում չի եղել, քանի որ կնքվածը ընդամենը նախնական պայմանագիր է: Ըստ նոտարի՝ իրականում ոչ մի նշանակություն չունի՝ պայմանագրով զգուշացվե±լ է գրավի փաստի մասին, թե± ոչ, որովհետեւ այդ փաստն այս պահին ոչինչ չի փոխի: Բնակիչներից մեկը, սակայն, նշում է, որ եթե իրեն զգուշացնեին գրավի մասին, նա այդ շենքում բնակարան ձեռք չէր բերի: «Ես օրենքին չեմ տիրապետում եւ չգիտեմ, թե նրանք պետք է զգուշացվեին, բայց կարծում եմ, որ որեւէ լուրջ բացթողում չի եղել: Ճիշտն ասած՝ ես ուշադիր չեմ եղել, չգիտեմ: Տեսեք, ես մինչեւ ձեր ասելը չգիտեի, որ նոտարներից մեկը պայմանագրի մեջ ներառել է գրավի մասին իրազեկման կետ, մյուսը՝ ոչ, էլ ինչպե±ս պիտի գործարք լիներ իմ եւ նոտարի միջեւ»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը:
Քաղաքացիներն այժմ պատրաստ են վճարել ամբողջ գումարը՝ առանց սեփականության վկայական ստանալու, միայն թե երաշխավորված լինեն, որ շենքի շինարարությունը կավարտվի, եւ իրենք կստանան իրենց բնակարանները: Նրանք գիտակցում են, որ օրենքով պաշտպանված չեն, սակայն ասում են. «Մենք Սամվելին էլ կօգնենք, բանկի վարկն էլ կհավաքենք, կտանք, միայն մենք ստանանք մեր բնակարանները»:
«Ես բնակարանս վաճառել եմ, որպեսզի այդ գումարով նոր բնակարան ձեռք բերեմ, երեք տարի է՝ ապրում եմ վարձով: Երբ ուշացրին շենքի հանձնումը, մենք ըմբռնումով մոտեցանք, որովհետեւ ճգնաժամ էր եւ այլն, բայց այս դրությունը արդեն չափից դուրս է»,- ասում է Գագիկը:
«Ես տնտեսագիտական կրթություն ունեմ եւ իմ հաշվարկներով՝ 68 քաղաքացուց ստանալով 1,5 մլրդ դրամ եւ 1,3 մլն դոլար «Զարգացման հայկական բանկից»՝ Սամվել Հովհաննիսյանն ի վիճակի էր ավարտին հասցնել շինարարությունը»,- ասում է քաղաքացիներից մեկը:
Սամվել Հովհաննիսյանը՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետը, անբիծ կենսագրություն չունի: Նա անգամ հինգ ամսով կալանավորվել է մարդ առեւանգելու եւ փրկագին պահանջելու համար, սակայն գործը կարճվել է, եւ նա ազատ է արձակվել: «Հետքի» հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանը խնդրեց իր անունը չկապել Երվանդ Զախարյանի հետ, քանի որ «իրեն անծանոթ ցանկացած մարդ իրեն ավելի շատ է օգնել, քան խնամի Երվանդ Զախարյանը»:
Այսօր Սամվել Հովհաննիսյանն ապրում է «Հաղթանակ» զգոսայգու կանաչ տարածքների հաշվին կառուցած իր առանձնատանը եւ տուժած 68 քաղաքացիներին հույս տալիս, թե ամեն ինչ կկարգավորվի:
Հիշեցնենք, որ կառուցապատող «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն 2007 թ. նախնական պայմանագրեր կնքելով՝ վաճառել է դեռեւս անավարտ շենքի 68 բնակարան եւ ստացել 1,5 մլրդ դրամ: Շենքը պետք է շահագործման հանձնվեր 2010-ի ամռանը, սակայն մինչ օրս այն կիսակառույց է: «Զարգացման հայկական բանկը» 2 անգամ վարկ է տվել «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ին (1.000.000 եւ 300.000 ԱՄՆ դոլար) եւ 2009 թ. դատի է տվել ընկերությանը՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար: Մայիսին քաղաքացիները պատահաբար տեղեկացել են, որ կիսակառույցը հանվել է հարկադիր աճուրդի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել