HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Իրականում ի՞նչ արժե իրանական գազը

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պնդում է, որ Իրանը Հայաստանին գազ առաջարկում է 1000 խոր. մետրը 400 դոլարով: Այդ մասին նա հայտարարել է թե ԱԺ ամբիոնից, թե հարցազրույցներում: Ի պատասխան՝ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարեց, թե հնարավոր են զեղչեր, սակայն գոնե պետք է բանակցել այդ հարցի շուրջ:

2013 թ. 9 ամսում Հայաստանն Իրանից ներկրել է 317 մլն. խոր. մետր գազ, որը Հայաստան ներկրած գազի 18,5%-ն է: Ըստ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկատվության՝ Իրանից ներկրված գազի 1000 խոր. մետրը գնահատված է 181 դոլար, այն դեպքում, երբ Ռուսաստանից ներկրվող գազի արժեքը 260 դոլար է (ռուսական գազը թանկ էր նույնիսկ մինչև հուլիսի 7-ի թանկացումները): Այսինքն՝ իրանական գազը գնահատված է 1.4 անգամ էժան, քան ռուսականը:

Հայաստանը Իրանից գազ ստանում է էլեկտրաէներգիա արտահանելու պայմանով՝ 1 խոր մետր-3 կվտ/ժամ բանաձևով: Այս բանաձևի շրջանակում Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիան գնահատված է 6 ցենտ (մոտ 25 դրամ): Այսինքն՝ Հայաստանն Իրանին էլեկտրաէներգիան վաճառում է ներքին գներով` փոխարենը ստանալով էժան գազ: Էլեկտրաէներգիայի 6 ցենտ մակարդակը ևս համարվում է ցածր, ավելի քան 1,5 անգամ զիջում է եվրոպական գներին (եվրոպական երկրներում արդյունաբերությանը մատակարարվող էլեկտրաէներգիան արժե 8-15 ցենտ, միջինը՝ մոտ 9.5 ցենտ): Եթե հայկական էլեկտրաէներգիայի արժեքը վերահաշվարկենք եվրոպական գներով (1կվտ/ժամը՝ 9 ցենտ), ապա իրանական գազի արժեքը կկազմի 270 դոլար 1000 խոր. մետրի համար:

Այստեղից պարզ է դառնում Իրանի դեսպանի ակնարկն այն մասին, թե Հայաստանին լավություն են անում գազի հարցում: Հնարավոր է նաև՝ «Գազպրոմի» հաշվարկների հիմքում հենց դա է ընկած. եթե Իրանի հետ 270 դոլարով ենք առևտուր անում, ապա ինչո՞վ է Ռուսաստանը վատ Իրանից:

Իրանը, Հայաստանից բացի, գազ արտահանում է նաև Թուրքիա՝ 505 դոլարով: Թուրքիայի համար Իրանը գազի երկրորդ խոշոր մատակարարն է՝ Ռուսաստանից հետո: Սակայն գնի հարցում Թուրքիայի ու Իրանի միջև մշտական կոնֆլիկտ գոյություն ունի:  Թուրքիան 2009 թ. արդեն Իրանի դեմ հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան և շահել դատը, նմանատիպ սպառնալիքներ հնչում էին նաև անցյալ տարի, ուստի Իրանը ստիպված եղավ զիջումների գնալ: Սակայն Իրանի տնտեսությունը Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով թուլացել է, երկիրը սուր կերպով զգում է արտարժույթի պակաս: Դրանով էլ պայմանավորված է Իրանի ձգտումը՝ Հայաստանին գազ մատակարարել ոչ թե ապրանքափոխանակության կարգով, այլ կանխիկ հաշվարկներով, անգամ՝ զեղչված գներով: Իսկ այդ զեղչված գինն, ամենայն հավանականությամբ, հենց 270 դոլարն է: Սա հետաքրքիր է այնքանով, որ Հայաստանը կարող էր հանգիստ հրաժարվել ռուսական թանկ մատակարարումներից, որի պատճառով 300 մլն դոլարի պարտք է կուտակել: Նույն գնով մենք կարող էինք գազ ստանալ Իրանից՝ առանց «Գազպրոմի» ճնշումներին ենթարկվելու: Սակայն իզուր չէ «Գազպրոմն» իր ձեռքը վերցրել Հայաստանի գազատրանսպորտային համակարգը՝ հեռատեսորեն Հայաստանին զրկելով այլընտրանքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter