
Ըստ վարչապետի` 2014թ. առանձնահատկություններից առաջինը Մաքսային միությանը անդամակցելն է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014թ. պետական բյուջեի ընդունումից առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ եւ նշեց գալիք տարվա առաջնահերթությունները: Վարչապետի խոսքով` 2014թ. առանձնահատկություններից առաջինն այն է, որ ձեռնամուխ ենք եղել միանալու Մաքսային միությանը: «Սա նշանակում է, որ մեզ սպասում է մեծածավալ աշխատանք` օրենսդրական փոփոխություններ, միջազգային պայմանագրերի վավերացում, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը մեր կարծիքով կարող է էական եւ շոշափելի արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ արդյունաբերական քաղաքականությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ: Օրինակ` դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոնյակագործության, գինեգործության ոլորտներում վերջին 3 տարիների ընթացքում արտահանման ծավալները երկնիշ աճի են արձանագրել, եւ այդ միտումները պահպանվելու են:
«Մաքսային միությանը անդամակցելով` մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթեւ արդյունաբերական ոլորտում, եւ ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել երկու ոլորտներին վերաբերող ծրագրեր: Առաջինը կոշկագործության ծրագիրն է, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ, երկրորդը` տեքստիլ արդյունաբերության ծրագիրը, որը նույնպես մշակվել է մասնավոր հատվածի մասնակցությամբ եւ ֆինանսավորմամբ: Այս երկու ոլորտների զարգացումն արդեն իսկ հաշվի են առնում այն հանգամանքը, որ մենք Մաքսային միության տարածքներում կարող ենք վերականգնել արտահանման նախկինում եղած մեծ ցուցանիշները»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ հաջորդ առաջնահերթությունը բիզնես միջավայրի բարելավումը պետք է լինի` չնայած այս բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է առաջընթաց, եւ Համաշխարհային բանկի ռեյտինգով` 188 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը: Վարչապետն ասաց, որ այս ցուցանիշը գոհացուցիչ չէ, եւ 2014թ. անելիքներ ունեն 3 ուղղություններով: Առաջինը հարկային եւ մաքսային վարչարարության էական բարելավումն է, երկրորդը` դատական համակարգի կատարելագործումը եւ երրորդը` շինարարության ոլորտում թույլտվությունների մեխանիզմների կատարելագործումը, որպեսզի Հայաստանում ներդրումները լինեն ավելի ձեռնտու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել