HY RU EN

Ալավերդու էկոլոգիական վիճակի բարելավումը` արհեստական խոտածածկույթով

Դեկտեմբերի 10-ին Ալավերդի համայնքի ավագանին արտահերթ նիստով քննարկեց համայնքի 2014 թ.-ի բյուջեն: Քննարկմանը ավագանու 15 անդամներից սկզբում ներկայացել էին 7-ը: «Քաղաքից բացակայողներ կան, ճանապարհին էլ կան, ընթացքում կմիանան»,- քվորում չապահովող նիստն սկսելուց առաջ ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Մի քանի րոպե անց նիստերի դահլիճ մտան ևս 2 ավագանիներ: Ավագանու նիստը շարունակվեց 9 ավագանիների մասնակցությամբ: Բյուջեի քննարկումներին  չմասնակցած ավագանիներն արտահերթ նիստում 2014թ.-ի բյուջեին տալիս էին ոչ թե գնահատականներ, այլ քաղաքապետից ուշացած պարզաբանումներ էին խնդրում:

Ավագանիներ Գագիկ Էվոյանը, Արամ Խաչատրյանը, Կամո Վարոսյանը, Կարեն Գալստյանը, Սամվել Ջանինյանը և Մերուժան Աբելյանը այդպես էլ չմասնակցեցին համայնքի 2014թ.-ի բյուջեի քննարկմանը: Ավագանու անդամների մեծ մասը չէր ներկայացել նաև նոյեմբերի 29-ին բյուջեի հանրային քննարկմանը: Նույն օրը երեկոյան «Անկյուն+3» հեռուստաընկերության ուղիղ եթերում դարձյալ քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ավագանու անդամի բացակայությամբ էր ներկայացնում Ալավերդու 2014թ.-ի բյուջեն: Թեև համայնքի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրի  գերակա ուղղություններից մեկը  Ալավերդու էկոլոգիական վիճակի և շրջակա միջավայրի բարելավումն էր, Արտավազդ Վարոսյանը 2014թ.-ի բյուջեի իր կանխատեսումներում շրջանցել էր Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման նախահաշվային փաստաթղթերի ֆինանսավորման խնդիրը:

Դրան հակառակ, նա 2014թ.-ի  բյուջեի  բնապահպանական ծրագրով  28,5 մլն դրամ էր նախատեսել  քաղաքի 2 թաղամասերի բակային խաղահրապարակների արհեստական խոտածածկի համար, այն դեպքում, երբ քառամյա ծրագրով թաղամասերում փոքր մանկական խաղահրապարակներ կառուցելուն քաղաքապետը պետք է անդրադառնար միայն լրացուցիչ միջոցների առկայության դեպքում: Ավագանին ուշադրության չարժանացրեց այս խնդիրը:

Քաղաքապետ Վարոսյանն ավագանուն տեղեկացրեց, որ համայնքի 2014թ.-ի բյուջեի եկամուտները կկազմեն 466 մլն դրամ: Եկամուտներում դոտացիան կկազմի  208,6 մլն դրամ, բնապահպանական սուբվենցիաները` 120 մլն դրամ, տեղական հարկերի և տուրքերի եկամուտները նախատեսվում է 80,5 մլն դրամ: Բյուջեով հաջորդ տարի տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ կավելանա 7 մլն դրամով: Տեղական տուրքերից  ծխախոտի և ալկոհոլային  խմիչքների եռամսյակային սակագները հաջորդ տարի 7 հազար դրամից կբարձրանա  7,5  հազար դրամ:  Համայնքի անունը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար 2014թ.-ի բյուջեով սահմանվել է լրացուցիչ 80 հազար դրամ տուրք: Երեք հազար քմ-ից ավելի մակերես ունեցող կառույցների շինարարության թույլտվության համար սահմանվել է 100 հազար դրամ: «Մյուս բոլոր վճարները ՊՈԱԿ-ներում մնացել են անփոփոխ»,- հայտնեց  Արտավազդ Վարոսյանը:  

Վերջինս ավագանուն տեղեկացրեց, որ բյուջեի ծախսային մասով 254,7 մլն դրամ է նախատեսված 311 աշխատողների աշխատավարձի համար: Միջին աշխատավարձը կազմելու է 68 հազար 258 դրամ: Բյուջեի շոշափելի մասը կազմում են բնապահպանական 120 մլն դրամ սուբվենցիաները, որի 70%-ն ուղղվելու է բնապահպանական, 30%-ը`առողջապահական միջոցառումներին: «Այդ միջոցներն ինչի՞ վրա են ծախսվելու»,- քաղաքապետին հարցրեց ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը: Ա. Վարոսյանը պատասխանեց, որ բնապահպանական ծրագրի 40 մլն դրամով  նախատեսվում է  կառուցել Էնգելս թաղամասի զբոսայգին, 4 մլն դրամով կկատարվեն Ս./Սարահարթ թաղամասի  մշակույթի պալատին հարող տարածքի բարեկարգման և կանաչապատման  աշխատանքներ, 28,5 մլն դրամով երկու խաղահրապարակներ կծածկվեն  գորգածածկույթով, 10 մլն դրամով  ձեռք կբերվեն  աղբարկղեր:

Առողջապահական ծրագրով 2014թ.-ին առաջին անգամ կիրականացվի Ալավերդու տղամարդկանց շագանակագեղձի և կանանց կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա: Բյուջեով քաղաքի աղբահանության համար 55 մլն  դրամ էր հատկացնել աղբահանության գործում թերացող «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ին: «Բյուջեն կնպաստի բիզնես միջավայրի աշխուժացմանը: Կապիտալ ծրագրերի առումով հայտարարվելու է 86 մլն դրամի մրցույթ, իսկ ընթացիկ գործունեությունն ապահովող  գնումների ծավալը 50 մլն դրամ է»,- հայտնեց  քաղաքապետը:  «Էնպիսի լծակ գոյություն ունի՞, որ մրցույթներում շահեն մեր քաղաքի կազմակերպությունները, ոչ թե  ասենք Ղափանից մեկը»,- հարցրեց  ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը: Քաղաքապետն ասաց, որ  դեռ անցյալ տարի հայտնաբերել է, որ  Ալավերդու տարածքում գործող որևէ տնտեսավարող սուբյեկտ գնումների աջակցության կենտրոնում  գրանցված չէ: Նա  ալավերդցի տնտեսավարողներին հորդորել է` գրանցվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում` մրցույթներին մասնակցելու համար: Այլ պարագայում,  ալավերդցի  տնտեսավարողները կարող են մասնակցել մինչև 1 մլն դրամ գնումների մրցույթին:   

Ավագանու անդամ Վրեժ Մելքոնյանը խնդրեց քաղաքապետին մեկնաբանել, թե ինչպես է պատկերացնում բյուջեով նախատեսված 1,360 մլն դրամը զբոսաշրջության զարգացմանը տրամադրելու գործընթացը: «Ծրագիրը  հեռանկարային է: Առաջին փուլում Ալավերդի համայնքում հիմնադրվելու է զբոսաշրջային կենտրոն գրասենյակ, մեր գումարը շատ փոքր ներդրում է ավելի մեծ գումար պահանջող ծրագրի մեջ: Հիմնական ներդրողը պետբյուջեն է և Լոռու մարզի գործընկեր  ֆրանսիական «ՊԱԿԱ ռեգիոնը»,- պատասխանեց քաղաքապետը: Ավագանու անդամ  Նարեկ Հախինյանը  քաղաքապետից ճշտեց, թե չի՞ ավելացել քաղաքի փողոցների լուսավորությունը: «Տիրելու է աշխատանքային նույն ռեժիմը»,- պատասխանեց  քաղաքապետը: Սրանով ավարտվեց ավագանու հետ բյուջեի քննարկումը եւ համայնքի ավագանու 15 անդամներից 9-ը միաձայն հաստատեց Ալավերդու 2014թ.-ի բյուջեն: