HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիբրիդայնության» հաղթահարման հրամայականը

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան

Հայաստանյան քաղաքական դաշտում ի հայտ եկավ մի նոր սուբյեկտ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հանրությանը ներկայացնելով «պայմանագրի» կառավարման խորհուրդը՝ նախաձեռնությունը լիարժեք կերպով մուտք գործեց քաղաքական ասպարեզ, մեդիա տարածք։ «Քաղաքացիական պայմանագրի» տեքստից կարելի է հասկանալ, որ, ըստ էության, վերջինիս հիմնական նպատակներից է՝ նպաստել Հայաստանում սաահմանադրականության, օրինականության հաստատմանը։ Ընդհանրապես, նման նպատակ հետապնդող որքան շատ սուբյեկտներ լինեն, այդքան ավելի շատ «գործիքներ» կունենա ռադիկալ դրական փոփոխություններ ցանկացող հանրությունը։ «Հուսադրող» է նաեւ «պայմանագրի» կազմը, որի մեծամասնությունը կազմում են քաղաքացիական եւ քաղաքական ընդդիմադիր պայքարի հարուստ փորձ ունեցող երիտասարդ ինտելեկտուալներ։ Եվ պետք նկատել, որ, ընդհանուր առմամբ, «պայմանագրականների»  տեքստում գերիշխում է դեմոկրատական, առողջ բովանդակությունը։

Սակայն, ի սկզբանե, այս ամենում կա մի լուրջ խնդիր, որն, ի դեպ, շատ տարածված է Հայաստանում։ Նախաձեռնողները նշում են, որ «պայմանագիրը» կուսակցություն չէ, բայց թե ինչ տեսակի կազմակերպություն է, չի նշվում։ Եվ անհասկանալի է մնում, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ինչ է՝ հասարակական կազմակերպություն է (NGO), սոցիալական շարժում է (social movement), շահեր պաշտպանող խումբ է (interest group), թե ինչ-որ այլ տիպի կազմակերպություն։ Ասվում է, որ այն միավորում է, նախաձեռնություն, սակայն դա պարզություն չի մտցնում, քանի որ նորից հարց է առաջանում՝ ի՞նչ նախաձեռնություն է դա, ինչպիսի՞, ի՞նչ տեսակի միավորում է, ո՞րն է դրա կարգավիճակը։ Այս անորոշությունը մեծապես բարդացնելու է հանրության գործը, երբ վերջինիս, փորձելով օգտագործել այդ «գործիքը» պարզելու է, որ չի հասկանում, թե ի՞նչ է վերջինս իրենից ներկայացնում եւ արդյունքում չի կարողանալու այն պատշաճ կերպով «օգտագործել»։

Ամեն դեպքում, փորձենք ուսումնասիրելով «պայմանագրի» տեքստը հասկանալ՝ ի՞նչ է «պայմանագիրը»։ Նախ, պետք է նշել, որ այն կազմակերպություն է, քանզի հռչակել է նպատակներ, ունի անդամներ, կառավարող մարմին, կանոնադրություն հիշեցնող տեքստ եւ այլն։  «Քաղաքացիական պայմանագիրը» ունի շատ կոնկրետ քաղաքական դիրքորոշում արտահայտող որոշակի դրույթներ։ Որպես օրինակ կարելի է հիշատակել պետության արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից մեկը, որ «քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ոչ Եվրոպական միությանը ոչ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը»։ Պայմանագրի տեքստում հռչակված է նաեւ կոնկրետ քաղաքական խնդիր՝ «քաղաքական ասպարեզում գործնական խնդիրը սույն պայմանագրի շրջանակներում՝ իշխանությունը ստանձնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմի ձեւավորումն է, եւ այդ թիմի կողմից իշխանության եւ դրանից բխող պատասխանատվության ստանձնումը»։ Ըստ ՀՀ օրենսդրության եւ ընդհանրապես, ըստ ժողովրդավարության տարբեր տեսությունների նման նպատակ իրենց առջեւ կարող են դնել միայն կուսակցությունները, ուստի, առնվազն այս մասով, կարող ենք ասել, որ «պայմանագիրը» «կուսակցական է»։

Մյուս կողմից, պայմանագրի կառավարման խորհրդի անդամները հայտարարում են դրույթներ, որոնք կապ չունեն կուսակցության գործառույթների հետ։ Օրինակ, նրանք հայտարարում են, որ ընդունելի են համարում թավշյա հեղափոխության միջոցով իշխանության գալը, եթե ընտրական ինստիտուտը չի գործում։ Ոչ մի կուսակցություն («party» (կուսակցություն) անգլերեն  բառի հիմքում «part» մաս, հատված նշանակող բառն է) չի կարող թավշյա հեղափոխություն անել, դա նրա գործառույթը չէ, դա հեղափոխական կազմակերպության գործառույթն է։  Ըստ ՀՀ օրենսդրության կուսակցությունը իշխանության կարող է գալ միայն ընտրությունների միջոցով։ Իսկ եթե ընտրական մեխանիզմը չի աշխատում, ապա միայն հանրությունը, որին պատկանում է իշխանությունը, եւ ոչ թե որեէ կուսակցություն, իրավունք ունի հաստատել այդ մեխանիզմը։ Պետության հիմնարար ինստիտուտների հիմնումը՝ իշխանության կրող սուբյեկտի՝ ժողովրդի գործառույթն է։ Որպես կանոն, ժողովուրդն իր այդ գործառույթը իրականացնում է քաղաքացիական դիմադրություն ցուցաբերելու, սոցիալական շարժում, հեղափոխական կազմակերպություն ձեւավորելու միջոցով։

Կարծում եմ, որ քաղաքական, հասարակական ինստիտուտների հետ կապված վերոնշյալ անհստակության, «հիբրիդայնության» երեւույթի հաղթահարումը պետք է լինի դեմոկրատական հանրության առաջնային խնդիրներից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter