HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանի ուղերձ-հայտարարությունը՝ ԼՂՀ ԱԱԾ-ին

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահի հայտարարությունը

Վերջին օրերին ինձ անընդհատ զանգում են «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամներ տարբեր գյուղերից և հայտնում, որ իրենց հրավիրում են գյուղապետի մոտ և հարցնում կուսակցության անդամակցության մասին:

Հայտնում են նաև, որ գյուղապետերին այցելում են ԼՂՀ ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում կուսակցականների մասին, ապա սկսվում է տարբեր տեսակի ճնշումները կուսակցականների վրա: Ես նոր հեռախոսով խոսացի Դաշուշենի գյուղապետի հետ, վերջինս տեղեկացրեց, որ իրեն «վերևից են»  նման ցուցումներ տվել: Գյուղապետը հաղորդեց, որ իրենց գյուղում չեն իմացել, որ կուսակցությունը  «հակակառավարական է», այլ բնակիչներն ուղղակի հավանել են կուսակցության ծրագիրը, մասնավորապես՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման և գյուղական աղքատության կրճատման բաժինը: Գյուղապետն ինձ հետ զրույցում հաստատեց, որ իրեն այցելել են ԼՂՀ ԱԱԾ-ից՝ ԱՎԿ դաշուշենցի անդամների ցուցակով հանդերձ: Օրեր առաջ նման դեպք եղել էր նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում:

Մեր կուսակցությունը վերջին շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալում և հանդես գալիս հայության ինքնիշխանությունը սահմանափակող գործողությունների դեմ: Ամենևին զարմանալի չէ, որ ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր փորձում է իրեն հատուկ մեթոդներով վախեցնել կուսակցությանն անդամագրված բնակիչներին: ԼՂՀ ԱԱԾ-ն ղեկավարում է Վիկտոր Քոչարյանը, խորհրդային տարիներին ադրբեջանական ՊԱԿ-ի աշխատակից, որը ժամանակին ակտիվորեն գործել է Ղարաբաղյան շարժման դեմ: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս գործիչը և նրա ղեկավարած ծառայությունը կրկին ակտիվացել է հայության ինքնիշխանության համար պայքարող ուժերի դեմ:

Եթե Վ. Քոչարյանը կամ նրա ծառայակիցները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող են հրաժարվել իրենց պաշտոններից և հիմնել կուսակցություն կամ անդամագրվել իշխող կուսակցություններից մեկին, ոչ թե փորձեն գործել այնպես, ինչպես 80-ականների վերջերին կամ 90-ականների սկզբներին: Այն ժամանակ ձեզ ներեցին, հիմա գուցե այդպես չստացվի:

Հիշեցնում եմ Վիկտոր Քոչարյանին, որ ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները ենթակա են հարգանքի բոլորի կողմից, ինչ պաշտոն էլ նա զբաղեցնի: Եթե որոշ մարդկանց համար դեռ թանկ են Ադրբեջանին մատուցած ծառայությունները և Արցախում իրենց պահում է միայն կերակրատաշտին մոտ լինելը, ապա խորհուրդ եմ տալիս գոնե ենթարկվել այն օրենքներին և Սահմանադրությանը, որն Արցախի ժողովուրդն է ընդունել: Անտեսելով այս ամենը՝ դուք ինքներդ ձեզ դնում եք օրենքից դուրս՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Քաղաքացիների՝ քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություններին անդամագրվելու իրավունքը սահմանադրորեն հաստատված և համընդհանուր ճանաչում ստացած նորմ է: Եթե ոմանք դեռ չեն կարողանում հաղթահարել խորհրդային մտածելակերպը, ապա մեր կուսակցությունը պատրաստ է հատուկ նրանց համար Արցախի Սահմանադրության և սահմանադրական իրավունքի վերաբերյալ դասընթացներ կազմակերպել: Եթե հայության ինքնիշխանության դեմ տարվող վերջին ժամանակների քաղաքականությունը ոգևորել է այս մարդկանց, ապա իմացեք, որ ձեր ոգևորությունը հանգցնելու, հայության ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստ ուժեր դեռևս կան:

Միևնույն ժամանակ կոչ եմ անում ԱԱԾ բոլոր այն ծառայակիցներին, որոնք չեն աշխատել խորհրդային/ադրբեջանական ՊԱԿ-ում, որոնց համար թանկ է ազգային անվտանգությունը և հայ ազգի ինքնիշխանությունը, լինեն սկզբունքային և չկատարեն հակասահմանադրական հրամաններ:

Հայկ Խանումյան, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

Ստեփանակերտ, 13/12/2013թ. 

Լուսանկարը` Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter