«Այս պայմաններում երթևեկելով` մենք վտանգում ենք մարդկանց կյանքը»
Դեկտեմբերի 11-ից սկսած ձյունը դժվարանցանելի է դարձրել Երևան-Գառնի ճանապարհը: Ճանապարհի մեծ մասը պատված է մերկասառույցով, ինչի պատճառով խցանումներ են առաջանում նույնիսկ այն վայրերում, որտեղ երբևէ խոչընդոտներ չեն եղել երթևեկության համար: Ճանապարհների անանցանելիությունով պայմանավորված` վարորդները որոշել էին դեկտեմբերի 13-ին դադարեցնել Երևան-Գառնի երթուղու երթևեկությունը, միչև պատասխանատու կառույցները կմաքրեն ճանապարհները:
Երևան-Գառնի երթուղին սպասարկող հասարարակական փոխադրամիջոցի պատասխանատու Ռոմիկ Հակոբյանը դեկտեմբերի 12-ին հայտնեց, որ իրենք զանգահարել են Կոտայքի մարզպետարան եւ պահանջել մաքրել ճանապարհները, բայց նրանց ի պատասխան, մարզպետարանում տեղեկացրել են, որ այդ հարցերով պետք է զբաղվեն գյուղապետարանները: «Մենք, այս պայմաններում երթևեկելով, վտանգում ենք մարդկանց կյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց Երևան-Գառնի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Մհեր Մանուկյանը: Նա նաև հավելեց, որ իրենք հարկադրված են աշխատանքի դուրս գալիս, որովհետև շատ են Երեւան մեկնող ուսանողներն ու աշխատողները:
Ճանապարհների սանմաքրման վերաբերյալ Կոտայքի մարզպետարանի բացատրությունն ստանալու համար այսօր զանգահարեցինք մարզպետի ընդունարան, որտեղից տեղեկացրին, որ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել մաքրել երթուղին, սակայն այսօր մաքրման աշխատանքները կկազմակերպեն և մինչև երեկո ճանապարհի բոլոր հատվածներն անցանելի կլինեն:
Նունե Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել