HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամեծ հանցագործները գրում են օրենքներ, որոնք իրենց կատարած հանցագործությունները դարձնում են օրինական

Ջանինա Սեգնինին (Giannina Segnini) Կոստա Ռիկայում hրատարակվող «La Nacion» թերթի հետաքննական թիմի ղեկավարն է: Նոյեմբերին նա պարգևատրվեց Լատինական Ամերիկայի ամենահեղինակավոր` Գաբրիել Գարսիա Մարկեսի շքանշանով՝ լրագրության ասպարեզում բարձր որակ և վարպետություն ցուցաբերելու համար:

Այս հարցազրույցում նա պատմում է կաշառակերության մասին կատարած իր հետաքննությունններից, որոնք օգնեցին Կոստա Ռիկայի երկու նախկին նախագահներին բանտ ուղարկել: Նրա խորհուրդն է՝ հետամուտ լինել հետաքննական լրագրությանը: 

«Ֆիննական նախագծի» և «Ալկատելի» կաշառակերության մասին Ձեր հետաքննությունները օգնեցին բանտ ուղարկել Կոստա Ռիկայի երկու նախկին նախագահներին: Ինչպե՞ս բացահայտեցիք այս պատմությունը:

Աշխատանքը կատարեցինք մեկ թիմի նման՝ իմ ընկեր Էռնեստո Ռիվերայի հետ: Մենք հետաքննեցինք 2004 թվականին տեղի ունեցած երկու տարբեր դեպքեր, ինչը շարժման մեջ դրեց քրեական հետաքննությունները՝ ընդդեմ երկու նախկին նախագահների:

Առաջին դեպքը Կոստա Ռիկայում հայտնի է «Ֆիննական նախագիծ» անվամբ, որը վերաբերում էր Ֆինլանդիայից դեղագործական մի ընկերության՝ 39 միլիոն ԱՄՆ դոլարի չափով սարքավորումների ձեռքբերմանը: Մենք հաստատեցինք, որ ֆիննական ընկերության ներկայացուցիչը Կոստա Ռիկայում բնակարան է տվել որպես կաշառք Կոստա Ռիկայի Հանրային Առողջության ինստիտուտի նախագահ Էլիսյո Վարգանին: Որպես կոնգրեսի անդամ նա օգնել էր ստեղծել մի օրենք, որը հնարավոր դարձրեց «Ֆիննական նախագիծը»:

Մենք մուտք գործեցինք բանկային հաշիվներ, որտեղ ֆիննական գումարը հավաքված էր և վերլուծեցինք նրանց գործողությունները: Պարզեցինք, որ մի ընկերություն առնչվել է նախկին նախագահ Ռաֆայել Էնգել Կալդերոնի հետ և նույնպես գումար է ստացել: Պարզեցինք նաև, որ այս ընկերության հաշիվներից և ֆիննական գումարից բացի, կար փողի մեկ այլ աղբյուր. մի գյուղական իրավաբանական  ընկերություն մեկ ու կես միլիոն դոլար էր պահել Պանամայում գրանցված ընկերության հաշիվներում: 

Փորփրելով իրավաբանական ընկերության կապերը և իրավական հաշվետվությունները՝ մենք պարզեցինք, որ այդ ընկերությունը կառավարում էր հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական խոշոր ընկերության՝ «Ալկատելի» պայմանագրերը:

Ավելի ուշ հաստատվեց, որ իրավաբանական ընկերությունն է պաշտոնյաներին վճարել կաշառքների մեծ մասը, որպեսզի շարժական պայմանագրեր ստանա «Ալկատելի» համար հեռահաղորդակցության Ներդրումային ընկերության ինստիտուտի (Investment company institute)՝ այդ ժամանակ հանրային մենաշնորհից: Պաշտոնյաների թվում էր նաև Կոստա Ռիկայի նախկին նախագահ Միգել Էնգել Ռոդրիգեսը:

«Ֆիննական նախագծի» և «Ալկատելի» պատմության մասին գրելիս ո՞րն էր Ձեր կարևոր ձեռքբերումը: Ի՞նչ մեթոդներ եք օգտագործել այդ տեղեկատվությունը ստանալու համար: 

Հետաքննությունը տևեց  մոտ մեկ տարի, և այդ ընթացքում եղել են շատ ձեռքբերումներ և բացահայտումներ: Ինձ համար եղել են մասնավորապես երկու կարևոր պահեր: Երբ մենք գտանք մի օրինական փաստաթուղթ, որը ֆիննական ընկերության՝ «Կորպորասիոն Ֆիշչելի» մի ծառայողի կապում էր Էլիսեո Վարգասի (Կոստա Ռիկայի Հանրային առողջության ինստիտուտի նախագահ) բնակարանի ձեռքբերման հետ: Մյուսը մենք հայտնաբերեցինք համացանցում: Այն ցույց տվեց, որ «Կորպորասիոն Ֆիշչել»-ի նախագահը ՝ Վոլտեր Ռեյչ Ֆիշչելը, պանամյան այն ընկերության նախագահն էր, որը վճարել էր այդ տան համար: 

Ի՞նչ հիմնական դասեր քաղեցիք «Ֆիննական նախագծի» և «Ալկատելի» հետաքննություններից:

Ամենակարևոր դասերը, որոնք ես սովորեցի այս դեպքից, հետևյալն էին. 

  • Ամենամեծ հանցագործները գրում են օրենքներ, որոնք իրենց հանցագործությունները դարձնում են օրինական: Սա այն է, ինչ որ ես անվանում եմ պարզ կոռուպցիա:
  • Կան գաղտնի և բարդ կոռուպցիոն ցանցեր, որտեղ նույնիսկ ղեկավարները հրապարակավ քարոզարշավ են իրականացնում թափանցիկության համար՝ ստանալով այնքան, ինչքան կարող են ստանալ իրենց կառավարությունից: Նույնիսկ ոչ ամենածայրահեղ դավադրության տեսությունը մենք կարող էինք պատկերացնել նախքան այս հետաքննությունը , թե որքա՞ն ընդարձակ և խորն են արմատավորված այս կոռումպացված ցանցերը:
  • Շատ կոռուպցիոն ցանցեր և կաշառված ղեկավարներ այնքան ագահ են, որ վնասում են մարդկանց թիկունքից: Այս մարդիկ շատ հաճախ դառնում են հետաքննության կարևոր աղբյուր:
  • Կոռումպացված անհատները շարունակում են օգտագործել իրենց կանանց և բարեկամների անունները:
  • Չնայած Սեպտեմբերի 11-ից հետո հաստատված միջազգային կոնկրետ կարգին՝ բանկերը չեն դրսեւորում պատշաճ ջանասիրություն՝ բացահայտելու այն դրամական միջոցների ծագումը, որ ստանում են: Նրանցից շատերն ընդունում են մի հասարակ պայմանագրային ստորագրություն, որը կարող էր կեղծվել: 

Գլխավոր լրագրողական դասերն էին ՝

  • Հաջողությամբ մուտք գործեցինք և ուսումնասիրեցինք տվյալների բազաները, որը հարմար միջոց է դեպքի մասին տեղեկատվություն գտնելու համար: Գործի համար մեծ ներդրում է բացահայտել այդ տվյալների աղբյուրները և հետազոտել դրանք: Ամենավատ փորձը այն միակ բանն է, որը դու չես փորձում: Երբեմն մենք խուսափում ենք ակնհայտը անելուց և ճիշտ է, որ կան կեղծ փաստեր: Մենք փնտրեցինք «Կորպորասիոն Ֆիշչելի» նոտարների ռեգիստրները, չնայած դժվար է հավատալ, որ նրանք օգտագործել են իրենց անձնական փաստաբաններին բնակարանների ձեռքբերման օրինական գործընթացում:
  • Շատ հաճախ ավելի լավ է քո երկրի մասին ներկայացնել հաշվետվություններ դրսից: Եթե փաստը դու փորձում ես գտնել երրորդ երկրից, գուցե արժե փորձել հենց այնտեղից: Մենք գտանք ավելի արժեքավոր տեղեկատվություն այս դեպքի մասին Պանամայում, քան Կոստա Ռիկայում:
  • Բացահայտելը, թե փաստաթղթերի քանի՞ պատճեն կարող է լինել, և որտե՞ղ են գտնվում օրիգինալ պատճենները, շատ ավելի կարևոր է, քան զեկուցելը:

Ո՞րն էր այն ուղին, որը Ձեզ տարավ դեպի հետաքննական լրագրություն:

Ես միշտ ցանկացել եմ լինել հետաքննող լրագրող. ավելի ճիշտ՝ ես երբեք չեմ պատկերացրել լրագրության այլ տեսակ: Անարդարությունը ստիպեց ինձ տանջվել, նույնիսկ հիմա՝ 20 տարի հետո, անելով սա՝ ես համոզված եմ, որ հետաքննական լրագրության անկախությունը ամենալավ ճանապարհներից մեկն է՝ հետևելու և բացահայտելու ճշմարտությունը: 

Ինչպե՞ս է թվային և առցանց մեդիայի աճող կարևորությունը (հատկապես հրատապության գործոնը) ազդել հետաքննական լրագրության որակի և կիրառելության վրա: 

Թվային և առցանց լրագրությունը չի վերաբերում միայն հրատապությանը: Թվային լրագրությունը տեխնոլոգիաների մասին չէ. այն նույն փորձառու լրագրությունն է՝ հարստացված տեխնոլոգիաներով և ձեւավորմամբ:

Շատ խմբագիրներ նախապատվություն են տալիս թվային գործիքների օգտագործմանը՝ ստորադասելով լրագրության չափանիշը և բովանդակության որակը: Չհասկանալով, թե ո՞րն է ավելի կարևոր, նրանք ներկայանում են որպես «առցանց խմբագիրներ» և սոցիալական մեդիային ավելի շուտ հարմարված «համայնքի ղեկավարներ», որոնք ամբողջ օրը թվիթում են, սակայն անհրաժեշտ փորձ չունեն և խստապահանջ լրագրող չեն:

Բայց շուտ հարմարվողները չեն մեղադրվում: Նրանք անում են հնարավոր ամեն ինչ՝ զբաղեցնելու այն տարածությունը, որը փորձառու լրագրողները բաց են թողել՝ վախենալով տեխնոլոգիայի ուժից: Կապված լինելով սուրճի կաթիլների հետքերով իրենց նոթատետրի հետ՝ նրանք մերժում են փոփոխությունները և նորարարական փորձերը:
Այս իրավիճակի հետևանքը նույնքան ակնհայտ է, որքան՝ վտանգավոր: Նվազեցնելով բովանդակության որակը (կորցնելով խստապահանջությունը անփորձ մարդկանց ձեռքում)՝ խմբագիրները ոչնչացնում են այն միակ իրական արժեքը, որ ունի մեդիան՝ վստահությունը:

Տվյալների վրա հիմնված շա՞տ մեթոդներ եք կիրառել Ձեր հետաքննական պատմություններում: Եթե այո, ապա ի՞նչ տեսակի տվյալներ եք դուք օգտագործում և ինչպե՞ս:

«La Nacion» թերթի հետաքննական բաժնում չորս տարի առաջ մենք տվյալների լրագրության մի եզակի փորձնական նախագիծ սկսեցինք: Մոդելն այն էր, որ հավաքեինք և համախմբեինք հանրային տվյալների բազան՝ դրանցից հետաքննական պատմություններ ստանալու համար: Մենք սկսեցինք աշխատել երկու մեծ շտեմարանների զարգացման վրա և հանդիպելով մեծ քանակության տվյալների ՝ հայտնաբերեցինք թաքնված պատմություններ:

Մենք հետաքննող լրագրողների միակ թիմն ենք աշխարհում, որը համախմբում է տարբեր բնույթի հանրային տվյալների բազան միայն մեկ նպատակով՝ տվյալների հետաքննական լրագրությամբ զբաղվելու համար: Վերջին չորս տարիների ընթացքում մենք ավտոմատացրել ենք այն ուղիները, որոնցով հավաքում, «մաքրում» եւ մշակում ենք այդ տվյալները: 

Խոսեք Ձեր մոտուցումների մասին: Եղե՞լ է որևէ անսովոր դեպք Ձեր հետազոտությունների իրականացման կամ թեմաների ընտրության ընթացքում: 

Ավանդական հետաքննական լրագրությունն առաջնորդվում է թեմայի ուսումնասիրության գիտական մեթոդներով: Մենք սովոր ենք վարկածներ սահմանել՝ հետագայում ապացուցելով դրանք կամ հրաժարվելով դրանցից: Մենք դեռևս անում ենք դա, մենք ուսումնասիրում, վերլուծում և վիզուալիզացնում ենք հսկայածավալ տվյալներ՝ գտնելու համար տարօրինակ վարքագծի օրինակներ:

Ավանդական հետաքննական լրագրությունը շատ է կախված լրահոսից: Շատ աղբյուրներ կան, որոնք  ցանկանում են վերահսկել լրագրողների օրակարգը՝ իրենց ձեռնտու ինֆորմացիայի հոսքի միջոցով: Տվյալների հետաքննական լրագրության միջոցով մենք կարող ենք հասանելի դարձնել տեղեկատվության ամբողջ «տիեզերքը», ոչ թե միայն այն, ինչ ոմանք ցանկանում են տարածել: 

Որո՞նք են այն առանցքային տարրերը, որոնց շնորհիվ հետաքննականան պատմությունը ճշգրիտ «քլիք» է դառնում: Ի՞նչ պիտի պարունակի հետաքննական նյութը, և ի՞նչ չպետք է բաց թողնել:

Հետաքննական պատմությունը պետք է լինի համոզիչ: Հետաքննական լրագրության մեջ չկան «գուցեների» կամ «հավանականությունների» սենյակներ: Եզրակացությունները պետք է գտնեն լրագրողները, կամ նույնիսկ ավելի ցանկալի է, որ դրանք գտնվեն համատեղ աշխատող լրագրողների, գիտնականների եւ փորձագետների բազմադիսցիպլին թիմի կողմից: 

Հետաքննական պատմությունը պետք է մանրամասնի և ցույց տա բոլոր փաստերը, որոնք նպաստում են այդ եզրակացություններին հանգելուն: Որոշ բացառություններով՝ հետաքննական պատմությունը  հիմնված չէ վկայությունների վրա, մի կողմ թողնենք անանուն աղբյուրները: Վկայությունները, սովորաբար, անորոշ են, կասկածելի, ոչ հաստատուն և, ընդհանրապես, ոչ վստահելի:

Հետաքննության նյութը պետք է համապատասխանի իր լսարանին և պարզորոշ բացատրի, թե ինչպե՞ս են բացահայտումներն ազդում մարդկանց կյանքի վրա: Որոշ պատմություններ կարճ են տևում և կորցնում են ազդեցությունը ընդհանուր քաղաքականության, ընթացակարգերի և մարդկանց ապրելակերպի վրա:

Ո՞րն է ամենամեծ վտանգը հետաքննական լրագրության համար, և ի՞նչ խորհուրդ կարող եք տալ մյուսներին:

Հանրային տեղեկատվության սահմանափակ մատչելիությունն է, անկասկած, ամենատարածված վտանգը հետաքննական լրագրության համար: Ես միշտ խորհուրդ եմ տալիս օգտագործել ցանկացած իրավական հնարավորություն՝ հանրային տեղեկատվություն պահանջելու համար, եթե նույնիսկ այն ժամանակի վատնում է:

Բազմաթիվ լրագրողներ նույնիսկ ծանոթ չեն իրենց երկրների իրավական դաշտին: Նախքան տեղեկատվություն պահանջելը մենք պետք է մանրամասնորեն իմանանք դրա իրավական բնույթը եւ պետության պարտավորություններն ու պայմանները՝ դրանք հանրային դարձնելու: Եթե չկա տեղեկատվության ազատության մասին օրենք, ինչպես Կոստա Ռիկայի պարագայում է, մենք դեռևս կարող ենք օգտագործել այլ օրենսդրություն, ինչպիսին Սահմանադրությունն է, Վարչական օրենսգիրքը կամ գնումների մասին օրենքը և այլն:

Լրագրողական մոտիվացիան նույնպես շատ կարևոր թեմա է ինձ համար: Լրագրողը, ով գործում է վրեժի, կողմնակալության կամ անձնական շարժառիթներով, երբեք հնարավորություն չի ունենա հետաքննական լրագրությամբ զբաղվելու: Մենք պետք է երևան հանենք անարդարությունը իր բոլոր դրսեւորումներով, բայց մենք չպետք է ունենանք կողմնակալ օրակարգ, կոնկրետ մարդ՝ իբրեւ թիրախ, կամ նպատակ ունենանք ոչնչացնելու մարդկանց համբավը: Սա չէ մեր առաքելությունը: Կանխակալ լրագրությունը շատ դեպքերում ընկալվում է որպես հետաքննական լրագրություն:
Մեդիան ունի հրատապության խնդիր և շատ քիչ ժամանակ է հատկացնում հետաքննական լրագրությանը: Լրագրողները պետք է համոզեն իրենց խմբագիրներին և նույնիսկ օգտագործեն իրենց ազատ ժամանակը՝ ցույց տալու, որ հետաքննական լրագրությունն այն իրական հավելյալ արժեքն է, որը մեծացնում է իրենց օրակարգի նկատմամբ վստահությունը:

Ի՞նչ այլ խորհուրդներ կտայիք երիտասարդներին, սկսնակ հետաքննող լրագրողներին:

Հետաքննական լրագրությունը հրապուրիչ, հեշտ արահետ չէ: Այն լրացուցիչ համառ աշխատանք է պահանջում՝ հասկանալու բարդ իրավիճակները:

Եթե դու չես հետևում քո կրքին և անձնական համոզմունքներին, դու, հավանաբար, հետաքննական լրագրությունը կհամարես որպես մի խելագար, անարդար փորձաշրջան և հեշտությամբ հենց ճանապարհին կհիասթափվես: Ամեն անգամ, երբ դու հաջողությամբ ավարտում ես քո պատմությունը եւ որպես պատասխան ստանում միայն ճնշում, հիշիր, որ դու դա չես անում քո խմբագրին, ընկերությանը, որտեղ աշխատում ես կամ համակարգին հաճոյանալու համար, այլ քո համոզմունքների համար:

Ծափահարությունները և պարգևները հաճելի են, բայց մի աշխատիր դրանց համար: Եթե դու միայն դրան սպասես, ավելի լավ է այլ տեսակի լրագրությամբ զբաղվես:
Մի ակնկալիր սովորել ամեն ինչ ֆորմալ թրեյնինգների ժամանակ: Դու ես միայն պատասխանատու քո իսկ մասնագիտական զարգացման համար: Կան հազարավոր ազատ գործիքներ համացանցում՝ համապատասխան ձեռնարկներով և տեսահոլովակներով, որոնք դու կարող ես փորձել և հարմարեցնել ինքդ քեզ:
Մի վախեցիր տեխնիկական լեզվից: Այն այնքան դժվար չէ, որ դու չկարողանաս հասկանալ, եթե ունես կամք և ժամանակ ես ծախսում դրանք սովորելու համար:

Սկսիր դիմել այլ տեսակի աղբյուրների: Պետական գործիչները և ղեկավարները սովորաբար ավելի քիչ մանրամասներ գիտեն, քան միջին դասի ղեկավարները կամ տեխնիկական անծանոթ աղբյուրները, ինչպիսիք են, օրինակ, ՏՏ ոլորտի պաշտոնյաները կամ ունկնդիրները: Անշարժ գույքի գործակալները, թանկարժեք իրեր վաճառողները, նախկին ընկերությունների ֆինանսական ղեկավարները և, վերջիվերջո, հաստատությունները հավասարապես լավ աղբյուրներ են: 

Անգլերենից թարգմանեց` Կիմա Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter