Հայի մտածելասիստեմը կամ ինչքան ժամանակ էր պետք առողջապահության նախարարի խոստացածը նորից քննարկելու համար
Երվանդ Խոսրովյան
Գերմանիա, քաղ. Դորտմունդ
Կարդալով մամուլում տարածված տեղեկությունները՝ ավելի համոզվեցի, թե հայ մամուլը (մեծամասամբ) որքան կարող է ապատեղեկատվություն տարածել, խնդիրները «թարս» շուռ տալ:
Հարգելիներս, Լեւոնի Գերմանիա մեկնելիս ի վեր՝ ես տեղյակ եմ ամբողջ բուժման ընթացքին՝ երբ, որտեղ, ինչ բուժում է ստացել եւ ինչ արդյունք է եղել:
Նախ՝ Բադեն-Բադենում (քանի որ Լևոնը սկզբից ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Բադեն-Բադեն էր մեկնել) բուժումը շարունակելուց հետո իմ առաջարկով տեղափոխվեց Դորտմունդ, քանի որ այդ քաղաքում ծանոթ մեկը չկար, որ գոնե թարգմաներ կամ որոշ հարցերով օգներ:
Դորտմունդում համարյա մեկ ամիս այս հիվանդանոցից մյուսը գնալով՝ փորձում էինք ճշգրիտ բուժման առաջարկներ ստանալ, տարբեր բժիշկների կարծիքն իմանալ, բայց ապարդյուն, բժշկի հետ ժամադրությունները մեկ շաբաթ կամ տասը օր էին տեւում, ու օրերն անցնում էին: Քիմիաթերապիան անիմաստ էր, քանի որ դա ավելի շատ վնասում է առողջ օրգանիզմը, քան կանխում կամ ոչնչացնում մետաստազները: Մի խոսքով՝ քիմիաթերապիան լավ բիզնես է:
Լևոնն իմ տանն էր մնում, ամեն ինչ արվում էր, որ ամեն ինչ լավ լինի:
Չեմ ուզում անդրադառնալ բոլոր հիվանդանոցներին ու ներկայացնել, թե որտեղ ինչ են ասել: Ուզում եմ միայն այն պահից սկսել, երբ Լևոնն ուժեղ ցավեր ու սրտխառնոց ունեցավ ու ստիպված եղանք նրան հիվանդանոց տանել, որտեղ էլ շտապ պառկեցրին ու սկսեցին հետազոտությունները: Նոյեմբերի 29-ի երեկոյան էր: Անկախ բժիշկների եզրակացությունից՝ հույս ունեինք, որ որոշակի չափով կառողջանա կամ հիվանդությունը կմեղմանա, եւ նա կվերադառնա Հայաստան: Բժիշկները, սակայն, ոչ մի հույս չտվեցին: Նրանք ճիշտ էին, մենք չէինք ուզում հավատալ:
Լևոնն արդեն չորս օր էր, ինչ հիվանդանոցում ամբողջ հնարավորին բժշկական օգնություններ, ստուգումներ և այլն ստանում էր, բայց դեռ հիվանդանոցը չէր հարցրել, թե ո՞վ է վճարելու...: Դեկտեմբերի 4-ին հիվանդանոցի վարչությունից ինձ կանչեցին եւ բուժման ծախսերի մասին հարցրին: Ես ասացի, որ ՀՀ աոողջապահության նախարարությունը խոստացել է, որ բուժման ծախսերը կհոգա: Զարմացան, թե դա ընդամենը բանավոր է տեղի ունեցել: Խնդրեցին՝ առողջապահության նախարարությունից գոնե գրավոր մի տեղեկանք ուղարկեն, որ իրենք վստահ լինեն, որ ծախսերը կմարվեն:
Առողջապահության նախարարությունից ասացին, որ իրենց պետք է ծախսերի կանխահաշիվ, որպեսզի կարողանան որոշել: Իմ խնդրանքով՝ կանխահաշիվը հիվանդանոցից էլ. փոստի միջոցով ուղարկվեց նախարարություն, իսկ մի օրինակը ես ուղարկեցի Լևոնի որդուն, որ նա անձամբ գնա նախարարություն եւ ներկայացնի այն: Կանխահաշիվը ներկայացնելուց մեկ շաբաթ անց՝ առողջապահության նախարարությունը (արդեն լրատվամիջոցների աղմուկից հետո) որոշեց հիվանդանոցի ներկայացրած կանխահաշիվը փոխանցել: Այդպես էլ մինչեւ հիմա մի երկտող չգրեցին հիվանդանոցին, որ ծախսերն ընդունել են:
Այսօր, երբ ես ասացի, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գումարը որոշել է փոխանցել, ծիծաղեցին, ասացին, երբ մենք կստանանք, այնժամ էլ վստահ կլինենք, որ ճիշտ է, նորից հարցրեցին, թե ինչո՞ւ երկտող չեն գրել, որ գումարը կփոխանցեն: Ես էլ ասացի, որ հայկական մտածելասիստեմը այլ կերպ է աշխատում: Հարկ է նշել, որ ԱՆ կողմից փոխանցված կամ փոխանցվելիք գումարը (մամուլից իմացա, որ 8 մլն դրամ է) կազմում է միայն հիվանդանոցի կողմից կանխահաշվի գումարի չափը: ԱՆ-ը չի փոխանցել հիվանդանոցում մնալու փողը՝ 3500 եվրոն: Նրանց փոխանցածը վերաբերում է միայն հիվանդանոցի բուժման գործողություններին, ոչ թե Լևոնի եւ իր կնոջ մնալու ծախսերին, ոչ էլ Հայաստան տեղափոխման ծախսերին:
Իսկ մինչեւ հիվանդանոց պառկելը, Լևոնն ունեցել է (Բադեն-Բադեն քաղաքում եւ Դորտմունդում ստուգումներ եւ այլն) ահռելի ծախսեր, որոնք նա ստիպված պարտքի միջոցով է փակել, հույսով, որ նախարարությունը կփոխանցի, ստացականները, թե ինչ է ծախսվել, ինչի համար, բոլորն առկա են:
Լևոնի՝ Հայաստան տեղափոխման հարցը ծագել է ընդամենը 5 օր առաջ, բայց քանի որ առողջական վիճակը չէր ներում, հնարավոր չէր, եւ հիվանդանոցը չէր թուլատրում սովորական թռիչքով նրան Հայաստան ուղարկել: Անհրաժեշտ էր հատուկ նախատեսված փոխադրամիջոցով նրան տեղափոխել, որ ապահով հասնի:
Մամուլից տեղեկացա, որ ԱՆ-ը մեկ ամիս է՝ չի պատասխանել հիվանդանոցի կողմից ներկայացված հաշվին: Պիտի ասեմ, որ դա ճիշտ չէ: Դեկտեմբերի 5-ին հիվանդանոցը կանխահաշիվ է ներկայացրել, եւ շաբաթ-կիրակի լինելու պատճառով հարցի քննարկումը ընկավ այս շաբաթվա մեջ: Բայց խնդիրը այնքան էլ փոխանցմանը չէր վերաբերում, ինչքան մի կարճ գրություն հիվանդանոցին, որ վստահ լինեն, որ ծախսերը կմուծվեն:
Ամփոփում.
-Ոչ թե մեկ ամիս, այլ ընդամենը մեկ շաբաթ է, որ հիվանդանոցը առողջապահության նախարարությանը հաշիվ է ներկայացրել,
-ԱՆ կողմից գումարի փոխանցումը վերաբերում է միայն հիվանդանոցի բուժումներին,
-Մինչ հիվանդանոցից տեղափոխելը (Հայաստան տեղափոխելը) Լևոնի եւ իր կնոջ (ստիպողաբար) հիվանդանոցում գիշերելու ծախսերը դեռ բաց են, վճարված չեն:
-Հայաստան տեղափոխման տեղափոխադրամիջոցի տարբերակը եւ ծախսերը մինչեւ երեքշաբթի (17.12.2013) կպարզվի:
Իսկ թե տեղափոխման ի՞նչ տարբերակ կլինի եւ ի՞նչ կարժենա, ո՞վ կմուծի, ինչպե՞ս այդ գումար կհայթայթվի, չգիտեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել