HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գավառի փոխքաղաքապետ. «Ինչի՞ է ձեզ այդ հարցը հուզում, որ դարձրել եք սաղ լրատվամիջոցների եսիմ ինչը»

Գավառի քաղաքապետարանում բոլորը միանգամից ագրեսիվ են դառնում, երբ տեղեկանում են, որ իրենց զանգահարողը լրագրող է: Պատճառը քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավերեւում կուտակված սեւ ամպերն են եւ նրա պաշտոնանկության մասին պտտվող խոսակցությունները:

Գ. Մարտիրոսյանի գործավարուհին կոպիտ տոնով ասում է, թե քաղաքապետը խորհրդակցության է եւ չի կարող մեզ հետ զրուցել: Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղար Նոնա Խաչիկյանին մեծ դժվարությամբ համոզեցինք խոսել քաղաքապետի հետ` պարզաբանում տալու համար: Խոստացավ զրույցը կազմակերպել ընդմիջումից անմիջապես հետո, սակայն մի քանի ժամ է՝ մամուլի քարտուղարը քաղաքապետարանից «անհետացել» է:

Գավառցիներն ասում են, որ քաղաքապետ Մարտիրոսյանը շատ քիչ է լինում քաղաքապետարանում, ինչը հերքում են քաղաքապետարանի աշխատակիցները՝ ասելով, որ նա բնականոն աշխատում է: Ի վերջո, քաղաքապետարանում գտնվեց մեկը՝ փոխքաղաքապետ Կարինե Մանուկյանը, ով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

«Լուրերին, որ հետեւենք, ոչ պիտի քնենք, ոչ արթնանանք: Քաղաքապետն աշխատում է: Ինչի՞ է ձեզ այդ հարցը հուզում, որ դարձրել եք սաղ լրատվամիջոցների եսիմ ինչը, մի հատ էլ սաղ լրագրողները զանգում են, թե ասեք, տեսնենք ինքն ի՞նչ ա, որտե՞ղ ա, ո՞ւր ա»,- «Հետքի» հարցին՝ արդյոք քաղաքապետը սովորակա՞ն գրաֆիկով է աշխատում, արձագանքեց Կարինե Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: 2011թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ, սակայն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել էր, որ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաև Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին և իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում:

Փոխքաղաքապետ Կարինե Մանուկյանը գովասանքի խոսքեր է շռայլում քաղաքապետի հասցեին՝ ասելով, որ նրա նման քաղաքապետ Հայաստանում շատ քիչ կա:

«Այդպես մի մտահոգվեք քաղաքապետով: Թող ամբողջ հանրապետությունում երկու հատ Մարտիրոսյան Գուրգենի նման քաղաքապետ լինի: Դուք գիտե՞ք, թե նա ոնց է աշխատում: Լավ կլինի, որ գաք բնակիչներին հարցնեք, թե նա ոնց է աշխատում: Մեր քաղաքում մի աղբ չեք գտնի: Քաղաքը աղբի մեջ կորած էր, որ Մարտիրոսյանը դարձավ քաղաքապետ»,-ավելացրեց Կ. Մանուկյանը:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա փոխքաղաքապետն ասում է. «Այդ քրեական գործն էլ… Նա իր եղբայրն էր, բա ի՞նչ պիտի աներ, ի՞նչ եք ուզում: Ես ոչ մի բան չգիտեմ: Չեմ ասում, թե դա ինչի հետ ա կապված, ինչ ա, ինչ չի: Ես ոչ մի բան չգիտեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter