Զայրացած մայրը փայտով խփել է երեխայի գլխին. գործին խառնվել են իրավապահները
Դատարանի դահլիճ մտած եռյակին դատական կարգադրիչը չի թույլատրում նստել միասին: Կնոջն ուղղորդում է դեպի ամբաստանյալի նստարանը, իսկ տղամարդն ու աղջնակը նստում են դահլիճի աջ հատվածում: Քրեական գործով տուժողը 9-ամյա Օ. Բ.-ն է: Չսափրված, կարմրած դեմքով ու պղտոր աչքերով, ալկոհոլի հոտը դահլիճում տարածող տղամարդը նրա օրինական ներկայացուցիչը:
Երեխան այդպես էլ չի հասկանում, թե ինչու է մայրը մենակ նստած դահլիճի ձախ կողմում, երբ իրենց նստարանին այդքան ազատ տեղ կա: Նա անգամ փորձում է կանչել մորը՝ ձեռքով ցույց տալով նստարանի ազատ հատվածը:
Տղամարդու պահվածքում զսպված ագրեսիվություն է նկատվում: Եվ դա, հետո պիտի պարզվեր, որ ամենեւին էլ դատարանի ճնշող մթնոլորտից չէր: Դատարանի դահլիճը նրա համար անծանոթ կամ տհաճ վայր չէր: Գողություն կատարելու համար նախկինում 3-4 անգամ դատապարտված անձին վրդովեցնողն այլ էր:
«Ըսպես էլ բա՞ն կեղնի, ո՞վ է տեսել էրեխու դասղեկը ծնողին դատի տա»,-նկատելով դահլիճի դռան մոտ կանգնած ուսուցիչներին՝ հարձակողական տոնով նետեց աղջնակի հայրը:
Ըստ քրեական գործի, 9-ամյա աղջնակը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է բռնության: Որպես վկաներ հրավիրված Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, դասվարն ու բուժքույրը դատաքննության ընթացքում վկայում են, որ Օ. Բ.-ն հաճախակի է դպրոց ներկայացել ծեծված եւ կապտուկներով: Դպրոցի տնօրինությունը բազմիցս հրավիրել ու զրուցել է աղջնակի մոր՝ Հռիփսիմե Բ.-ի հետ:
![]() |
| Նազիկ Պողոսյան |
Դասվար Պողոսյանը մի քանի անգամ այցելել եւ տիկնոջ հետ զրուցել է տանը, հորդորել զերծ մնալ դաստիարակչական անընդունելի մեթոդներից եւ ուժ կիրառելուց: Հռիփսիմե Բ.-ն հիմնականում արդարացել է, թե զայրացած ժամանակ է արել, որ ներվերը քայքայված են, որ ամուսինը չի աշխատում, ինքը չի աշխատում, ունեն բազում չլուծված խնդիրներ եւ այլն:
Դեպքի օրը, սեպտեմբերի 28-ին, 9-ամյա Օ.-ն սովորականի նման հաճախել է դպրոց: Նա ընկերուհուն պատմել է, որ մայրը նախորդ օրը փայտով, որի վրա մեխ է եղել, հարվածել է գլխին: Դասընկերուհին անմիջապես այդ մասին տեղյակ է պահել դասվարին: Վերջինս էլ պատմության իսկությունը ստուգելու նպատակով քանդել է աղջկա մազերը, զննել գլուխը եւ հայտնաբերել չորացած արյուն, հարվածից գլխի վրա առաջացած վերք, շաքարավազի հատիկներ: Երեխան ասել է, որ շաքարավազը մայրն է լցրել գլխին՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:
Դասվար Նազիկ Պողոսյանը նախ զանգահարել է Օ.-ի մայրիկին եւ հարցրել, թե ինչու է երեխայի մազերն արյունոտ: Հռիփսիմեն սկզբում հայտարարել է, որ տեղյակ չէ: Ասել է, թե Օ.-ն տանից նորմալ է գնացել, գուցե դպրոցում է ընկել, սակայն, երբ դասվարը պնդել է, թե արյունը չորացած է ու բացի այդ էլ երեխան պատմել է իսկությունը՝ մայրը ստիպված խոստովանել է, որ զայրացած է եղել ու փայտով խփել է նրա գլխին:
![]() |
| Գոհար Շահբազյան |
Դասվարն անմիջապես դեպքի մասին տեղյակ է պահել դպրոցի տնօրենին՝ Գոհար Շահբազյանին, վերջինս էլ՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանին: Կատարվել է ուսումնասիրություն եւ անմիջապես ներգարվվել է ոստիկանությունը:
Դատարանում, դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, տուժողի օրինական ներկայացուցիչ Գրիգոր Բ.-ն կատարվածում մեղադրեց դասվարին՝ հայտարարելով, որ դիտմամբ են ահազանգել ոստիկաններին, որ կնոջը զրկեն մայրական իրավունքից եւ խլեն երեխային:
«Ես չեմ հասկընա, երեխուն էլ ծնողը չզարգե՞…ըբը ապտակով չսնվածը ի՞նչխ կրնա մարդ դառնա: Ան, թեկուզ ես, օր մերոնք չծեծեին, մարդ կդառնայի՞: Հըմի ինչ էնե՞նք, օր քանիմ անգամ բանտ եմ նստել: Էդ էլ թարսի բան էր, ըշտը էղավ,-նկատեց տուժողի օրինական ներկայացուցիչը,-հըմի մեզի հասցրել են դատարանները, թե մերը էրեխուն զարգել է: Ըբը ծնող է, մե հատըմ էլ բդի զարգե»:
Իննամյա Օ.-ն դատարանում ասաց, որ մայրը մեղավոր չէ, ինքը չարություն է արել, դրա համար էլ մայրը խփել է, բայց ձեռքով, եւ որ մեղավորն ինքն է: Աղջիկը պնդեց, թե մոր ձեռքին փայտ չի եղել, որ դա իր դասղեկն է հնարել: Ի դեպ, դեպքի մասին երեխան պատմում էր աչքերը գետնին հառած եւ շուտասելուկի ձեւով: Հավանաբար տանը սովորեցրել էին երեխային, թե ինչ պետք է ասի դատարանում, զգուշացրել ավելորդ բաներ չասել ու ամբողջ մեղքը բարդել ուսուցչուհու վրա: Պատմության ավարտից հետո, Օ.-ն մեկ անգամ էլ հարցրեց դատավորին, թե իր մամային «հո՞ չեն բռնելու»:
Ամբաստանյալը՝ 44-ամյա Հռիփսիմե Բ.-ն ասաց, որ մեղքն ընդունում է: Նաեւ չժխտեց, որ ձեռքին փայտի կտոր է եղել, երբ խփել է երեխայի գլխին «Բայց մեխ չի եղել վրան, ընկեր դատավոր,-հայտարարեց Հռիփսիմեն,-փետի փոքր կտոր էր, երեխեն չտեսավ էլ ինչ էր, ես հետո գցել եմ զիբիլի մեջ, թափել եմ»: Ամբաստանյալը դատավորի հարցին, թե ինչու է քավության նոխազ դարձրել երեխային, կինը պատասխանեց, թե Օ.-ն չարություն շատ է անում, ինքը պատժել է սուտ խոսելու համար: Թեպետ դատարանում Գրիգորը պնդեց, որ ապրում է կնոջ եւ երեխաների հետ, Հռիփսիմեն ասաց, որ ամուսինը չի գիշերում տանը, ապրում է առանձին: «Դե ես էլ կներվայնանամ էլի էդ վիճակից»,-պարզաբանեց կինը:
Դատական նիստի հաջորդ օրը, դեկտեմբերի 10-ին այցելում եմ դպրոց: «Բուլվարնի» կոչվող թաղամասում տեղակայված այս դպրոցի սաներն հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Օ. Բ.-ին բնութագրում են որպես աշխույժ, ակտիվ, անմիջական երեխայի: «Ծեծված երեխա է»,-նկատում է ուսուցիչներից մեկը:
![]() |
![]() |
«Մենք ծնողի հետ շատ ենք խոսել,-հանդիպման ժամանակ անկեղծանում է դպրոցի տնօրենը,-ամեն անգամ խոստանում էր, որ էլ չի ծեծելու, բայց երեխան պարբերաբար դպրոց էր գալիս դեմքին կապտուկներով: Վերջին դեպքը պարզապես լցրեց համբերության բաժակը: Վատն այն է, որ ծնողը չի պատկերացնում, որ ինքը իրավունքներից բացի ունի նաեւ պարտականություններ: Այս պարագայում Հռիփսիմեն թերանում է հենց պարտականությունները կատարելու հարցում ու ցավոք ինքը դա ոչ միայն չի հասկանում, այլեւ չի ընդունում: Ծնողը մեզ մեղադրում է ոստիկանության պահով: Իրականում ոչ թե մենք, այլ մարզպետարանից են ահազանգել ոստիկանությանը: Օ.-ի հայրն եկավ դպրոց, աղմուկ բարձրացրեց, բայց մենք պարտավոր էինք ահազանգել պատկան ատյաններին: Շատ հնարավոր է լռեինք ու հետո մայրը մեզ մեղադրեր կատարվածում, ինչպես, որ դատարանում էին փորձում ինչ որ բաներ բարդել մեր վրա»:
Դասվար Նազիկ Պողոսյանը դեռ ուշքի չէր եկել դատարանում իր հասցեին հնչած մեղադրանքներից: Նա համոզված է, որ երեխային պարզապես սովորեցրել էին, թե ինչ ասի: «Իմ մտքով անգամ չի անցել որեւէ մեկի երեխային վերցնել կամ խլել ծնողից, բայց ինձ մեղադրում էին հենց դրանում,-ասում է Նազիկ Պողոսյանը,-ես պարզապես շատ ուշադիր եմ բոլորի հանդեպ, իսկ Օ.-ի նկատմամբ իմ ուշադրությունը կրկնապատկված է հենց իր վիճակով պայմանավորված: Երեխան դպրոց է գալիս ծեծված, եղել է ժամանակ, որ սովածությունից քիչ է մնացել ուշաթափվի դասարանում: Ես եմ գումար տվել, որ դասամիջոցին գնա բուֆետում սնվի»:
Տիկին Պողոսյանը պատմեց նաեւ, որ հնարավորինս փորձել են աղջնակին օգնել հագուստով:
«Երեխան դասի է գալիս անխնամ, չլողացած, ծակ գուլպաներով, աշնան ցրտին՝ ամառային բաց բոկոտիկներով: Էդ տեսարանին ականտես ուսուցիչներն ապշել էին, որոշեցինք օգնել: Հագուստ, կոշիկ, գուլպաներ հավաքեցինք լրիվ նոր, կանչեցինք մորը, որ տանի, սակայն վերջինս հրաժարվեց, պատճառաբանելով, թե ամուսինս իմացավ՝ ինձ կծեծի: Մենք արդեն չգիտենք, թե ինչ կերպ վարվենք այդ ընտանիքի հետ»,-տարակուսում է դասվարը:
![]() |
![]() |
Ըստ Նազիկ Պողոսյանի, 9-ամյա Օ.-ն ստել չգիտի, ամեն ինչ անկեղծորեն պատմում է, այնինչ մայրը պնդում էր, թե հենց ստելու, տան իրերը տարբեր տեղեր թաքցնելու պատճառով է աղջնակը ենթարկվում բռնության:
«Ոչ, Օ.-ն ստել չգիտի: Նա ինձ ամեն ինչ պատմում է»,-մեկ անգամ եւս հավաստիացնում է Նազիկ Պողոսյանը:
Ընտանեկան բռնությունից տուժած եւ դատարանում բավական համարձակ կեպով դասղեկին մեղադրող աղջնակը առավոտյան հանդիպելով դասղեկին՝ խոստովանել էր, թե «պապաս է սովորեցրել, օր մամային չբռնեն»: Օ.-ի ընտանեկան պայմաններին ծանոթանալու համար խնդրում եմ դպրոցի ուսուցիչներից մեկին ինձ ուղեկցել նրանց տուն:
«Բուլվարնի» թաղամասի 9 հարկանի շենքերից մեկի 8-րդ հարկում են ապրում այս պատմության հերոսները: Տան դուռը բացում է աղջնակի մայրը: Ես աղքատ ընտանիքներում շատ եմ եղել: Կարող եմ վստահաբար ասել, որ աղքատությունը հոտ չունի, իսկ ահա անմաքուր կենցաղավարությունն իր հետքը միանշանակ թողնում է ամենուր: Դուռը բացելուն պես գարշահոտն անմիջապես տարածվում է: Ինձ ուղեկցող երկու ուսուցչուհիները մեկ րոպե կանգնելուց հետո լքում են տարածքը՝ ասելով, որ կսպասեն սանդղահարթակում:
Հռիփսիմեին կրնկակոխ հետեւող 20-ամյա աղջիկը ի ծնե հաշմանդամ է: Մայրը չի կարողանում հստակ նկարագրել հիվանդությունը, միայն ասում է, որ աղջիկը տկարամիտ է եւ տառապում է ասթմայով: Հարեւան սենյակում գտնվող տղան, որ կլիներ մոտ 17 տարեկան՝ տեսնելով իր ուսուցիչների եւ անծանոթ մեկի մուտքը բնակարան՝ շտապում է հեռանալ տնից: Հռիփսիմեն բավական պատրաստակամ ներկայացնում է իր ապրելակերպը: Ասում է, որ 5 երեխա ունի, թեպետ դատարանում ասել էր երեք երեխա, իսկ դպրոցում ինձ փոխանցել էին, որ նրանք չորսն են: Փորձում եմ հստակեցնել:
«Չէ, ինչ իրեք, հինգ երեխա ունիմ, ուղղակի երեքը անչափահաս են,-ասում է Հռիփսիմեն,-մեծ տղես Ռուսաստան է, գնացել է հորողբոր մոտ, էս աղջիկս հաշմանդամ է, մե աղջիկմ էլ ունիմ, քիչմ հիվանդ է, մերս կպահե, տղուս դե տեսար, նոր գնաց տնից ու մեկ էլ փոքր աղջիկս: Մենք կապրինք երեխեքի նպաստով, մեկ էլ էս հիվանդ աղջկաս 15 հազար դրամ թոշակով: Ոչ ես կաշխատիմ, ոչ ամուսինս»: Կնոջ ասելով 2-3 ամիսը մեկ եկեղեցուց 100 դոլարին համարժեք գումար են ստանում, որպես օգնություն: Հռիփսիմեն այդպես էլ չհիշեց, թե որ եկեղեցական կառույցն է իրեն օգնում: Կինը հիշում էր միայն իրեն գումար տվող անձանց անունները:
Տան ջեռուցումն ապահովում են էլեկտրաէներգիայի միջոցով:
«Փեչ չենք կրնա դնենք, համ էլ վառելիք չունինք: Պլիտա կմիացնենք, էն էլ էս մեկը փչացավ, հըմի մյուս փոքրն եմ դրել, բայց տաքություն չի տա: Բայց դե բդի յոլա էրթանք, որովհետեւ էդ լույսն էլ է փող, ըսենք թե վառինք, ուրդից տա՞նք, եթե շատ գրե»,-ասում է Հռիփսիմեն:
Զգուշորեն անդրադառնում եմ Օ.-ի հետ կատարվածին: Հռիփսիմեն, որ չէր սպասում այդ հարցին, մի պահ շփոթվում է, հետո ձեռքերը թափահարելով հայտարարում է, որ աղջիկը չարություն շատ է անում, իրեր է գողանում, սուտ է խոսում, իրեն միշտ խաբում է, ինքն էլ պատժում է: Հարցնում եմ, իսկ ինքը վստահ է, որ իր ներվային համակարգը կայուն է, արդյո՞ք չունի բուժման կարիք:
«Կարողա ունիմ, ինչ իմանամ, սաղ ներվերս քայքայված է: Իրա վրա կջղայնանամ, հոր վրա կջղայնանամ»,-իրականությունը չի թաքցնում կինը:
Զրույցն ավարտելով դուրս եմ գալիս բնակարանից: Հռիփսիմեն ուղեկցում է ինձ: Աստիճանավանդակում ուսուցիչները սպասում են: Նրանցից մեկը, որ հավանաբար շատ ավելի լավատեղյակ էր Հռիփսիմեի ընտանեկան խնդիրներին՝ հարցնում է, թե արդյոք շարունակում է ամուսինը ապրել այլ կնոջ հետ:
«Դե ընդեղ էլ կմնա, տուն էլ գուկա: Էն կնգան ընդեղ կծեծե, ընձի էլ ըստեղ: Ծեծը ջհանդամը, գոնե մեզի հասանելիք թոշակն ու նպաստը չէրթա ստանա: Կթողնի մեզի լրիվ անկոպեկ»,-վերջում հուսահատ տեղեկացնում է կինը:
Աստիճաններով իջնելիս երկրորդ հարկում հանդիպում ենք Օ.-ի հորը, որ հենված պատին կարծես ինչ որ բանի կամ ինչ որ մեկին է սպասում: Ամենայն հավանականության տղան զանգահարել տեղեկացրել էր, որ տանը օտար մարդիկ կան: Գրիգորը եկել էր, բայց այդպես էլ համարձակություն չէր ունեցել 8-րդ հարկ բարձրանալու:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը խոստովանում է, որ իրենց գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իրենք դիմել են իրավապահ մարմիններին: «Շատ ճիշտ կլինի, եթե երեխայի միջավայրը մի որոշ ժամանակով փոխվի,-ասում է Լուսինե Գինոսյանը,-երեխային նաեւ հոգեբանի աջակցություն է հարկավոր»:
Օ.-ին անցած երկու ամիսների ընթացքում ծնողներն անընդհատ մեղադրել են, որ իր պատճառով հայտնվել են դատարանում: Դպրոցում երեխան եւս հայտնվել է անհարմար դրության մեջ, որովհետեւ ծնողների դրդմամբ իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ է ներկայացրել ուսուցիչներին:
«Երեխայի շահերից ելնելով, մենք այս հարցին անպայման կանդրադառնանք, իհարկե դատարանի վճռից հետո: Ցերեկային կենտրոնի տեսքով աջակցություն կամ առանց ընտանիքից կտրվելու գիշերային խնամքի հաստատություն ժամանակավոր տեղավորելու տարբերակը կընտրենք: Հոգեբանն եւս անելիք ունի: Հավանաբար կդիմենք «Արեւամանուկ» հոգեբանական կենտրոնին»,-վստահեցնում է Լուսինե Գինոսյանը:
Դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Հարություն Մովսեսյանի, սույն գործով վճիռն արդեն կայացրել է: Հռիփսիմե Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 170 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երեխային դաստիարակելու պարտականություն չկատարելը, որ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Դատարանը Հռիփսիմե Բ.-ին մեղավոր էր ճանաչել կատարված արարքում եւ նրան դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով: Այնուհետեւ կիրառելով քր. օրենսգրքի 70 հոդվածը դատարանը որոշել էր պայմանականորեն չկիրառել պատիժը՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Տեսանյութեր
Լուսանկարներ





Մեկնաբանել