Թաիլանդի դեսպանը հավատարմագրերը հանձնել է Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա):
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում:
«Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք պատրաստակամ ենք և շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաև` մասնավոր հատվածում:
Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երևան նախատեսում է ս.թ. սեպտեմբերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով և մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել