HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հակասական վաթսունականները

«Ձնհալը» եւ «վաթսունականների սերունդը» Խորհրդային Միությունում 1950-ականների վերջին սկսված եւ 1960-ականներին շարունակված մշակութային զարթոնքը բնորոշող առավել հայտնի արտահայտություններն են։ Հակառակ այդ տարիների խորհրդային մշակութային քաղաքականության կտրուկ վայրիվերումներին, իրար հաջորդող համեմատական ազատությանը եւ վերսկսվող սահմանափակումներին ու ճնշումներին՝ սա նաեւ ազգային մշակույթների ծաղկման եւ ազգային գիտակցության ձեւավորման բացառիկ ժամանակաշրջան էր։ Մի ընթացք, որ պարադոքսային ձեւով ուղեկցվում էր ազգերի ռուսականացմանը եւ միասնական խորհրդային ժողովրդի ձեւավորմանն ուղղված աննախադեպ ջանքերով։

Այսպիսով, «խորհրդային ազգերին թույլատրվեց ունենալ պատմություն», եւ նախահեղափոխական շրջանի մշակույթի եւ պատմության, ինչպես նաեւ արգելված խորհրդային հեղինակների ստեղծագործությունների վերադարձի պայմաններում Խորհրդային Հայաստանում սկսեց առաջանալ նոր ազգային՝ խորհրդահայ մտավորականություն։ Ի տարբերություն 1920-30-ականների մտավորականության, որ ծագում էր նախահեղափոխական շրջանից, այս մտավորականությունը առավելապես խորհրդային էր՝ բաղկացած խորհրդային իշխանության պայմաններում ծնված եւ կրթված մարդկանցից։

Նույն տրամաբանությամբ, այստեղ եւս ակներեւ էր ինչ-որ իմաստով հակառակ միտումի գոյությունը, որ արտահայտվում էր վերէթնիկական, համամիութենական մտավորական էլիտաների ձեւավորմամբ, որոնք թե մարմնացնում, թե խորհրդանշում էին միասնական խորհրդային ժողովրդի գաղափարը։ Սա ազգային մտավորականների խորհրդայնացման ընհանուր քաղաքականության դրսեւորումներից մեկն էր. որոշակի հնարավորությունների ու պարգեւների միջոցով հասնել խորհրդային իշխանության նկատմամբ նրանց լոյալությանը եւ համագործակցությանը։

Խորհրդային տերության մեջ, որտեղ ազգերի միաձուլումը եւ անդասակարգ հասարակության ստեղծումը առաջնային նպատակներ էին, Ձնհալին հաջորդած տարիներին մշակութային անդրադարձի եւ հատկապես գրականության ուշադրության կենտրոնում հայտնվեցին սոցիալական դասերը եւ էթնիկությունը։ Սրանք նաեւ այդ շրջանի խորհրդահայ գրականության երկու մեծ թեմաները կամ նույնիսկ ուղղություններն էին։ Ազգի «վերաէթնիկականացումը» ծնեց մեծ թվով ստեղծագործություններ, որոնց համար առաջնայինը ազգային պատմությունը, այդ պատմության հիշարժան դեպքերը եւ դեմքերը, հերոսական եւ ողբերգական իրադարձություններն էին, գրաքննված հիշողությունը վերականգնելու հավակնությունը, պատմության կարեւոր դրվագների վերաշարադրումն ու վերամեկնաբանությունը։ Սա ակնհայտորեն իր մեջ ուներ նաեւ ազգաշինության ընդգծված տարրեր, քանի որ հավաքականությանը տրամադրվում էին միավորող պատմություններ ու խորհրդանշաններ, վերահայտնագործված ավանդույթներ ու հիշատակության ծեսեր։ Եվ, իհարկե, այս ամենը՝ դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին արեւելահայ գրականության կողմից Եվրոպայից փոխառած, բայց վաթսունականներին էապես վերանայված (խորհրդայնացված) ազգային գաղափարաբանության որոշակի տարրերով ու հռետորությամբ… Հիմնական թեմաների թվում էին ցեղասպանությունը, կորուսյալ «էրգիրը», ազգային ազատագրական պայքարը եւ այլն, որոնց մշակումը եւ ներկայացումը կատարվում էր, մի կողմից, ձեւավորվող արդիական ազգային ինքնագիտակցության բացած հեռանկարում, իսկ մյուս կողմից՝ թեթեւացած, բայց բնավ էլ չանհետացած խորհրդային գրաքննության եւ պարտադրանքների պայմաններում։

Այս նույն շրջանում խորհրդային գրականության մեջ առաջ է գալիս այսպես կոչված «գյուղագրական արձակը», որին այս կամ այն չափով առնչված էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունը։ Այս գրականությունն ուղղակիորեն ազգայնական կամ այլախոհական չէր, բայց օժտված էր նշանակալի քննադատական լիցքով՝ ուղղված խորհրդային արդիականացման ընթացքում կատարված ավանդական արժեքների եւ բնական միջավայրի կործանման դեմ։ Ընթացք, որի բաղադրիչներից էին ուրբանացումը եւ արդյունաբերացումը, գյուղացիության՝ որպես սոցիալական դասի աստիճանական վերացումը։ Մյուս կողմից՝ այն նույնպես իր մեջ պարունակում էր «արմատներին վերադառնալու» կոչ, բայց ոչ՝ ազգայնական, այլ հակաարդիական դիրքերից։

Բնութագրական է այն հանգամանքը, որ 1980-ականների կեսերին, երբ «գյուղագրության» թեման սպառվեց, ռուս գյուղագիրներից շատերը դրսեւորեցին հստակ արտահայտված ազգայնականության եւ այլատյացության գծեր։ Երբ Մաթեւոսյանը իր սերնդի գրողներին մեղադրում էր «դավաճանության» մեջ` ասելով, թե այդ «սերունդը դավաճանեց գրականության շահերին, գրականության շահը ստորադասեց իր ազգային, դասային, ռեգիոնալ շահին», ապա ըստ երեւույթին դա այս կամ այն չափով վերաբերում էր վերը նկարագրված երկու ուղղություններին էլ։

Իսկ որքանո՞վ էր գրողը՝ արձակագիրը կամ բանաստեղծը, գիտակից կայսրության գոյությանը, ազգային ինքնության առաջարկվող պատումը որքանո՞վ էր ընդունակ ներառելու (գուցե եւ խնդրականացնելու) ազգի տիրապետվածության փաստը։ Թվում է, թե եղեռնի թեման կամ մասիսաբաղձությունը այդպիսի անմիջական հնարավորություն չէին տալիս։ Եթե նույնիսկ ընդունենք, որ 1960-ականներին խորհրդային ազգերի դրսեւորած ազգայնականությունն առավելապես խորհրդային արդիականացման ծրագրի չնախատեսված արդյունք էր, դրանից այդ ազգայնականության ծագումը չի փոխվում, եւ այս առումով խորհրդահայ ազգայնականության (եւ այդ ազգայնականությամբ տոգորված գրականության) հիմնական մեղքը կամ թերացումը, իմ կարծիքով, սեփական արմատների հետ միասին, խորհրդահայ ինքնության մեջ խորհրդայինի տիրապետող ներկայության հետքերը թաքցնելն էր։ Եվ հաջորդ սերունդները, որ էթնիկական ավանդությանը ծանոթացել են հենց այս հիբրիդային տեսքով, այն ընդունել եւ հիմա էլ ընդունում են որպես «բուն» հայկականը…

Իսկ Ծմակուտի մասին պատումը ազգային նկարագրի տարրերը գտնում է ավանդական գյուղական համայնքում, որը տեւական ժամանակ եղել է ազգային գոյության տիրապետող ձեւը, իսկ խորհրդային իշխանության պայմաններում հասել կործանման եզրին։ Իսկ «ազգային թեմաները» (օրինակ՝ ցեղասպանության թեման), խորհրդանշական ձեւով, «Խումհարում» հայտնվում են կայսրության կենտրոնից հայրենիքին «նայելիս»՝ խառնված «կենտրոն-ծայրագավառ» (Մոսկվա-Հայաստան) բարդ հարաբերությունների կծիկին։

Մաթեւոսյանի «գյուղագրությունը» լծորդված է որոշակի սոցիալական պահպանողականության, որը նրա տեքստերում, նրա դատողություններում երբեմն հայտնվում է մի տիպական փոխաբերության տեսքով, որ կարող ենք անվանել «կենտրոն-ծայրամաս»։ Ահա մի օրինակ, որտեղ դա արված է ուղղակի ձեւով. «Գրողին վերապահված էր զարդագրողի…. մանրանկարչի, լուսանցազարդարի դեր գլխավոր գաղափարախոսության։ Բայց հենց առաջին օրերից գրականությունն իրեն գտավ եւ նոր բովանդակությամբ կարողացավ լուսանցքը դարձնել հիմնական տեքստ. այդպես առաջացավ Չարենցը, այդպես ծնվեցին մյուս կոթողները, որ անվանեցին ժամանակը»։ Մեկ այլ տեղ այս փոխաբերությունը կարող է գործել նվազ բացահայտ ձեւով (խոսքը Տոլստոյի գյուղացի հերոսի մասին է). «Ես կասեի՝ Դանիլան Պիեռ Բեզուխովից աղքատ չէ, իսկական Պիեռը քնած է Դանիլայի մեջ»։ Լուսանցքի եւ կենտրոնի միջեւ հակադրության այսպիսի մեկնաբանությունը, այդ հակադրության խլացումը կամ ջնջումը, կարծում եմ, մեծ հաշվով վերաբերում էր Խորհրդային կայսրության եւ ազգային իրադրության հարաբերություններին (եւ այդ հարաբերություններում ազգային մտավորականին ընձեռված հնարավորություններին), որը երբեք չէր ցանկանա տեսնել որպես անհաղթահարելի հակասություն։ Բայց ինչպես գյուղագրությունը շատ հեռու էր ավանդական արժեքների պարզ փառաբանությունից, այդպես էլ պահպանողականությունը ավելին էր, քան ընդամենը ստատուս-քվոն պահպանելու ցանկությունը եւ կարող էր ուղեկցվել, օրինակ, «կայսրությունը սրբագրելու» հավակնությամբ։

Կայսրության նկատմամբ այս դիրքորոշումը, որ շատ նման էր Ռուսաստանի նկատմամբ Թումանյանի դիրքորոշմանը, Մաթեւոսյանը պարզաբանում է, մի կողմից, «եղեռն տեսած ժողովրդի» տեսանկյունից («թուրքի գործոնը մեր հոգեբանության մեջ ծանր նստած էր»), իսկ մյուս կողմից՝ կայսրության ընձեռած իրական հնարավորություններով. «Կայսրություն ասածը ուներ հասկացությունների իր զինանոցը, որով մենք աշխատում էինք»։ Մոսկվայում առաջացած ընկերների խմբի մասին ասում է. «Եթե անգամ մտածում էինք, թե մեր երկիրը չարի թագավորություն է, մի գեղեցիկ բան մեզ միավորում էր…. մենք էինք այդ իմպերիայի կրողները։ Իմպերիան յուրաքանչյուրիս մեջ էր»։

Վերջում ցանկանում եմ գոնե համառոտ ձեւով անդրադառնալ մի հարցի՝ 1960-ականների երկրորդ կեսին գրված երկու տեքստերի՝ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դարսերի» եւ Հրանտ Մաթեւոսյանի «Խումհարի» օգնությամբ։ Գրողները ծանոթացել եւ ընկերացել են հենց «Բարձրագույն սցենարական դասընթացների իմպերիական միջավայրում» (Բիտով), որի մասին էլ պատմում է «Խումհարը»։ Եթե Բիտովի տեքստը մի խումբ ռուս եւ խորհրդային գրողների նմանատիպ տեքստերի շարքում է, ապա Մաթեւոսյանինը բացառիկ է որպես կայսրության կենտրոնին ծայրագավառից գցված քննադատող-գնահատող հայացք։

Ռուսական կայսրության ազգերի մշակույթների համակարգված ուսումնասիրության սկիզբը վերաբերում է 19-րդ դարի կեսին։ Անիի պեղումները սկսվել են դարի վերջին, Բրյուսովի պատրաստած «Հայաստանի պոեզիան» վերաբերում է 20-րդի սկզբին։ Պուշկինի, Բելիի եւ Մանդելշտամի ճամփորդություններն ունեին նմանություններ. նրանք գնում էին դեպի Արեւելք, բոլորն էլ ցանկություն ունեին հեռանալու կայսրության կենտրոնից։ Բայց Բելին եւ Մանդելշտամը, Պուշկինի ճամփորդությունից մոտ 100 տարի հետո, շատ ավելի լավ գիտեին, թե ուր են գնում։ Թեեւ նրանց ուղեգրությունները խիստ տարբեր են, այդուհանդերձ նկատելի են նաեւ նմանությունները։ Բելիի համար Հայաստանը «պատմության օրրան» է։ Հայաստան գալով` Մանդելշտամը ձգտում էր մերձենալ համաշխարհային մշակույթի օրրանին։ Բայց երեքի համար էլ չկային տեսնելու եւ նկարագրելու դժվարություններ։ Ճիշտ է, Բելին ունենում է փոքրիկ դժվարություն, որն արագ հաղթահարվում է («Արդեն երկու օր է, որ դիտում եմ Հայաստանը, բայց առաջին անգամ տեսա Սարյանի կտավներում»)։ Անշուշտ, ճանաչողության, տեսնելու եւ նկարագրելու անխաթար ընթացքը, Ես-ի եւ Ուրիշի միջեւ սահմանագծի թափանցիկությունը որոշակիորեն պայմանավորված են հենց ռուսական քաղաքական եւ մշակութային տիրապետության հանգամանքով (այս մասին ավելի մանրամասն տես իմ հոդվածը. «Մշակութային ապագաղութացման հարցը»)։

Թեեւ Բիտովը երբեք չի մոռանում Խորհրդային տիրապետության փաստը, նրա վերաբերմունքը շատ ավելի նուրբ եւ բարդ է, որ կարելի է նկատել, օրինակ, համեմատելով «Հայաստանի դասերում» Չարենցի կամարի առջեւ փռված տեսարանի նկարագրությունը Պուշկինի «Կովկաս» բանաստեղծության հետ։ Բիտովի համար Հայաստանը Արեւելք չէ՝ դրանից բխող բոլոր ստերեոտիպերով հանդերձ։ Նա նաեւ խուսափում է Սարյանի միջնորդության «թակարդից»։ Մյուս կողմից՝ ակնհայտ են պատմողի տեսողական դժվարությունները. «Անզեն աչքով ես ոչինչ չեմ տեսնում. պետք է այստեղ ծնվես եւ ապրես, որպեսզի տեսնես։ Հեռադիտակի մեջ ես տեսնում եմ մեծ իրեր, օրինակ` ձմերուկ, եւ ոչինչ` ձմերուկից բացի։ Ձմերուկը ծածկում է աշխարհը…. Ամեն անգամ ինչ-որ բան ծածկում է աշխարհը»։ Ի վերջո, ի տարբերություն նախորդ ճանապարհորդների, Բիտովը հանգում է օտար երկրի եւ մշակույթի անհաղթահարելի ուրիշության, անըմբռնելիության փաստին։

Ահա վաթսունականների հակասական արդյունքներից մեկը։ Համամիութենական գրողական հանրության առաջացումը ուղեկցվում է երկու աննախադեպ տեքստերի ստեղծմամբ, որոնցից մեկը հայ գրողի կողմից կայսրության քննադատական մեկնաբանությունն է, իսկ մյուսը արձանագրում է կայսրության տեսանկյունից ազգային մշակույթը հասկանալու, նկարագրելու անհաղթահարելի դժվարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter