HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հրապարակային բանավեճերի համաճարակ

Կարծում եմ 1990-ականների վերջին էր եւ առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեղ մասնագիտական շրջանակներում, որ Հայաստանում սկիզբ առան «թռիչքի», թռիչքաձեւ զարգացման անհրաժեշտության մասին խոսակցությունները։

Դրա նախադրյալներն էին՝ ծանր տնտեսական եւ սոցիալական իրադրությունը, այն «պոտենցիալը» կամ «ներուժը», որ ենթադրվում էր, թե ուներ Հայաստանը, ինչպես նաեւ այդպիսի թռիչք կատարած մի խումբ երկրների, այդ թվում՝ Երրորդ աշխարհի եւ ետսոցիալիստական (Էստոնիա) երկրների տպավորիչ փորձը։

Հասկանալի է, թե այդ պայմաններում որքան գայթակղիչ կարող էր լինել անսպասելի կամ նույնիսկ հակատրամաբանական «թռիչքի» գաղափարը, եւ այդ թեման աստիճանաբար յուրացվեց երկրի իշխանության կողմից՝ ակնհայտորեն մնալով զուտ հռետորության մակարդակում, որն իրականության հետ քիչ աղերսներ ուներ։

Որոշ ընդմիջումներով եւ փոխակերպումներով հանդերձ՝ այդ հռետորությունը գոյատեւել է մինչեւ այսօր։ Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ նմանօրինակ գաղափարներով հանդես է գալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ներկա փուլի առանձնահատկություններից մեկն է այն, որ հակառակ շարունակվող պաշտոնական ոգեւորիչ տեղեկատվության եւ գոտեպնդող հավաստիացումներին` թույլատրված է քննարկել (նաեւ հեռուստատեսությամբ) տնտեսական-հասարակական ճգնաժամի եւ դրանից ելքեր գտնելու հնարավորության հարցերը։

Սովորաբար՝ երկուսը միասին եւ կարծես հենց այն նպատակով, որ ճգնաժամի փաստից ավելի ընդգծվի ելքերի գոյությունը։ Իրականում, նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցները հակված են ընդգծել այդպիսի ելքերի առկայությունը, հակառակ դեպքում նույնիսկ իշխանափոխության կոչը զգալիորեն կկորցնի իր ազդեցությունը։ Պարզ է, որ ելք ասելով հասկանում ենք ներկա իրավիճակի արմատական բարեփոխումը։

Թեեւ հրապարակային բանավեճերում սովորաբար չեն խոսում թռիչքների լեզվով, բայց աշխուժորեն քննարկվում են հնարավոր «ելքերը», ճգնաժամը հաղթահարելու ուղիները։

Լրագրողները հակված են զրույցը կառուցողական հուն մղելու «Իսկ ի՞նչ ելք եք տեսնում», «Ի՞նչ պետք է անել», «Ի՞նչ լուծում եք առաջարկում» եւ նմանատիպ այլ հարցերով։ Այսինքն` ենթադրվում է, որ հակառակ ամեն ինչի, կան պատրաստի ելքեր, պարզապես պետք է լավ փնտրել, պետք են հնարամիտ մարդիկ…

Փորձելով գնահատել տարբեր տեսակի հրապարակային քննարկումների, բանավեճերի ու հարցազրույցների հասարակական օգտակարությունը, ստիպված եմ արձանագրել դրանց մի քանի սկզբունքային թերությունները։

Թեեւ բազմաթիվ բանավիճային ակումբների, հեռուստատեսային հաղորդաշարերի, ինտերնետային տարատեսակ ֆորումների առկայությունը կարող է ստեղծել բուռն եւ արդյունավետ քննարկումների, կարծիքների փոխանակության տպավորություն, իմ համոզմունքն այն է, որ դրանք ոչ մի շոշափելի ձեւով չեն անդրադառնում հասարակական կարեւորություն ունեցող վճիռների կայացման վրա։

Շատ դժվար է գնահատել անհատ մարդկանց կամ հասարակական կարծիքի վրա դրանց ունեցած ազդեցության չափը, քանի որ իշխանությունն ունի հասարակական կարծիքը անհրաժեշտ ձեւով ներկայացնելու լավ մշակված մեխանիզմներ, որոնցից մեկը «սոցիոլոգիական հարցումներն» են։

Երկրորդ՝ ակնհայտ է այս քննարկումների ջախջախիչ մեծամասնության խիստ մակերեսային բնույթը (հակառակ նրա, որ հաճախ վերաբերում են «ազգի փրկության», հասարակության «արժեհամակարգի փոփոխության» եւ ուրիշ ճակատագրական նշանակության հարցերի), եւ դրա համար հավասարապես մեղավոր են թե լրագրողները, թե հրավիրված մասնակիցները։

Որպես կանոն, բանավեճերը հիմնված չեն պատշաճ գիտելիքի, խնդրո առարկայի մասնագիտական իմացության վրա եւ դրանով իսկ որեւէ լուրջ մեկնաբանական-քննադատական նշանակություն չեն ստանում։

Հաճախ մասնակիցների կազմն այնքան խայտաբղետ է, որ պարզապես անհնար է որեւէ քննարկում ուղղակի ընդհանուր լեզվի բացակայության պատճառով։ Ուստի խոսակցությունը միանգամից հայտնվում է զուտ սիրողական բնույթի դատողությունների, առօրյա ողջամտության եւ հնամաշ գաղափարաբանական կլիշեների հարթությունում։

Հիմնականում քննարկվող հարցերը դուրս են նրանցից շատերի բանիմացության շրջանակից, իսկ մասնագետներն էլ սովորաբար ցուցադրում են տասնամյակների հնություն ունեցող գիտելիք ու լեզու, առաջնորդվում միայն անձնական փորձառությամբ, քանի որ նույնիսկ հասարակության համար ամենաբախտորոշ հարցերի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություններ Հայաստանում չեն կատարվում։

Այս առումով, խնդիրը ոչ թե «սիրողական» բանավեճերի առատությունն է, այլ այն, որ դրանք դարձել են կենսական կարեւորություն ունեցող հարցերի քննարկման միակ ասպարեզը, որ բոլորովին կորել է ժամանակակից մասնագիտական գիտելիքի, քննադատական մտավորական կարողությունների եւ հիմնարար ուսումնասիրությունների անհրաժեշտության գիտակցությունը։

Եւ ինձ թվում է, թե ելքեր ու լուծումներ փնտրելու այս ձեւերը, դրանց մասին հանդարտ, անշտապ խոսելու ձեւավորված ծեսերը հենց անելանելիության փոխաբերությունն են։

Հենց այսպես է հասարակական փակուղին կերպարանք առնում աշխարհի մեր կողմում, ելքերի մասին քննարկումների առատությունն է այն տեսքը, որով մեզ ներկայանում է անելանելիությունը։

Իրականում, ճգնաժամի գիտակցությունը առավելապես արդյունք է տարածաշրջանային կամ գլոբալ համատեքստում արված համեմատությունների. «Հայաստանը դուրս է մնում բոլոր տարածաշրջանային նախագծերից», «Հայաստանը ետ է մնում իր բոլոր հարեւան երկրներից» եւ այլն։

Իմ տպավորույթունն այն է, որ բնակչության զգալի մասի համար նույնիսկ լուրջ դժվարություններն ու խնդիրները ունեն զուտ սոցիալական բնույթ։ Նրանց դժգոհությունն ուղղված չէ տիրապետող սկզբունքների եւ արժեքների դեմ։

Հասարակությունը ի ցույց է դնում ինքնագոհության, անգամ ինքնահմայվածության ակներեւ նշաններ թե քաղաքամայր Երեւանի փողոցներում, թե առավել եւս հեռուստատեսությամբ։

Իմ կարծիքով, իր երեւացող մասով եւ իր ներկայանալու ձեւերով Հայաստանի հասարակությունն իսկապես նման չէ ճգնաժամի մեջ կամ անելանելի վիճակում գտնվողի։ Չեմ փորձում բացատրել այս երեւույթի սոցիալական, մշակութային կամ հոգեբանական արմատները։

Հնարավոր պատճառների թվում են չափազանցված ազգային ինքնագնահատականը, սոցիալական երկերեսանիությունը եւ իրողություններին ուղիղ նայելու անկարողությունը, որ գալիս են առնվազն խորհրդային ժամանակից, իսկ գուցեեւ արդյունք են երկարատեւ գաղութային պատմության։ Վերադառնալով քննարկումների հարցին` ուզում եմ անդրադառնալ դրանց եւս մեկ բնութագրական կողմին։

Վերջին շրջանում Հայաստանի հեռուստաեթերում ավելի ու ավելի մեծ տեղ են գրավում այնպիսի ծրագրեր ու հաղորդումներ, որոնք փորձում են նմանակել արեւմտյան մեդիամշակույթում խորապես արմատացած էքսհիբիցիոնիզմը (exhibitionism)՝ բավարարելով եւ ներկայացնելով մարդկանց հրապարակային «մերկության», ինքնացուցադրության ձգտումը։

Եւ խոսքը այսպես կոչված աստղերի մասին չէ, որոնք պատրաստ են ցուցադրել իրենց կասկածելի բարեմասնությունները, ժամերով պատմել անձնական կյանքի տաղտկալի մանրամասները, այլ սովորական, ընդունված բառով ասած՝ նորմալ մարդկանց, որոնք նույնպես այլեւս դեմ չեն ի ցույց դնել իրենց եւ իրենց ընտանիքի անդամներին, իրենց «ներքին աշխարհը» եւ «թաքնված տաղանդները»։

Ահա ինձ թվում է, թե այս իբրեւ թե լուրջ, իսկ իրականում հաճախ միանգամայն սիրողական, պարզունակ եւ բնավ ոչ պարտադիր քննարկումներն ու բանավեճերը, զրույցներն ու հարցազրույցները շատ մոտ են՝ դառնալու ինքնացուցադրության արագորեն բազմացող ժամանցային ձեւերից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter