HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մի նախագծի պատմություն

Բանավեճերի ժամանակ, փորձելով պատկերացնել Հայաստանի անկախության տարիների պատմության հնարավոր տարբերակներ, սովորաբար դիտարկում են քաղաքական իրադարձությունները. եթե չկեղծվեր այս կամ այն ընտրությունը, եթե հաղթեր այս կամ այն գործիչը եւ այլն։

Կարող են քննարկել նաեւ իշխանությունների ընդունած ճիշտ կամ սխալ որոշումները։

Այս իմաստով, շատ բնութագրական է նաեւ ուշ ընդունված որոշումների, ուշացումով իրականացված ծրագրերի թեման։ Ուշացումներ, որոնք երբեմն կարող են ունենալ վճռական նշանակություն։

Օրինակ՝ կարծում եմ, որ Հայաստանում այսօր կլիներ զգալիորեն տարբեր իրադրություն, եթե արեւմտյան համալսարաններում մասնագետներ պատրաստելու ծրագիրը սկսվեր ոչ թե անցյալ տարի, այլ, ասենք, 10-15 տարի առաջ եւ ավելի մեծ ծավալով իրականացվեր մինչեւ օրս։

Նման մի ծրագրի կամ նախագծի մասին էլ հենց ուզում եմ պատմել։ Մարտի առաջին օրերին լուր տարածվեց Հայաստանի պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի մասին։

Համակարգի ներդրումը, որ իրականացվում է Համաշխարհային բանկի եւ Եվրամիության հովանավորությամբ եւ կավարտվի 2011 թվականին, կառավարման համակարգի բարեփոխման աշխատանքի բաղադրիչներից մեկն է։

Մի կողմից, իհարկե, թվում է, թե իրոք խոսքը պետական կարեւորություն ունեցող իրադարձության մասին է, բայց մյուս կողմից էլ՝ նույնիսկ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» (ՏՏ), «էլեկտրոնային կառավարում» եւ այս շարքի այլ «մոգական» արտահայտություները անզոր են հավատացնելու, թե Հայաստանի պետական կառավարաման համակարգը հնարավոր է որեւէ կերպ բարեփոխել կամ կատարելագործել։

Ինչեւէ, համառոտ տեղեկատվության մեջ թվարկված են ակնկալվող արդյունքները. կառավարման արդյունավետության բարձրացում, կառավարման գործունեության թափանցիկություն ու քաղաքացիների կողմից վերահսկելիություն եւ ծառայությունների մատուցում Ինտերնետի միջոցով։

Այս վերջին հանգամանքը, ինչպես ակնկալվում է, պետք է նվազագույնի հասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը՝ էապես կրճատելով կոռուպցիայի ռիսկերը։

Էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման եւ ներդրման նախագծերի բումը 2000-ականների սկզբին էր («Էլեկտրոնային Ռուսաստան», «Էլեկտրոնային Հայաստան» եւ այլն) եւ կարծեմ արձագանքն էր Եվրամիության1999-2000 թվականներին սկիզբ առած «eEurope» ծրագրի։

Այսինքն` համակարգը, որի ներդրումը ավետվում է («էլեկտրոնային կառավարումն այլեւս իրականություն է»), ունի մոտ տասը տարվա բավական խճճված նախապատմություն։
Իրականում այս պատմությունը սկսվել է դրանից էլ մի քանի տարի առաջ՝ 1997 թվականին, երբ Հայաստանում նախաձեռնվեցին առաջին նման նախագծի մշակման աշխատանքները։

Հանգամանքների բերումով, ես եղել եմ այդ նախագիծը պատրաստող խմբի անդամներից մեկը, այս կամ այն չափով տեղյակ եմ եղել հետագա տարիներին Հայաստանում իրականացված նմանատիպ ծրագրերին եւ, ճիշտն ասած, այսօր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման մասին լուրն ինձ ավելի շատ տխրեցնում է, քան ուրախացնում։

1997 թվականին այդ աշխատանքները կատարվում էին Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսական հովանավորությամբ եւ հիմնվում էին տարբեր զարգացող երկրներում այդպիսի նախագծերի մշակման եւ իրականացման փորձի վրա, որ ուներ ՄԱԶԾ-ը։

Վերջինիս՝ նման նախագծերի մշակման, ներդրման եւ զարգացման փորձագիտական կենտրոնը գտնվում էր Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում։

Մեր խմբի առաջին նպատակն էր՝ տեղում ծանոթանալ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում ներդրված եւ արդյունավետորեն գործող նման համակարգերի աշխատանքին եւ, ելնելով Հայաստանի պայմաններից (պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները, առկա տեխնոլոգիական մակարդակը, մասնագիտական կարողությունները եւ այլն), Սանտյագոյի կենտրոնի փորձագետների հետ միասին տեղայնացնել տիպային նախագիծը։

Հին թղթապանակներս փորփրելով՝ գտա այդ նախագծին վերաբերող մեծ թվով թղթեր, նախագծային փաստաթղթի նախնական տարբերակներ, բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների վերաբերյալ իմ գրառումները։

Քիչ-քիչ հիշողությանս մեջ վերականգնվեցին բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ… Հատկապես մեծ տպավորություն էի ստացել հենց Սանտյագոյի նախագահական պալատում գործող կառավարման համակարգից. հարյուրավոր համակարգիչներից բաղկացած ցանցը եւ տեղեկատվական հոսքերի կազմակերպումը, փորձագիտական եւ վերլուծական խմբերի ներդաշնակ աշխատանքը եւ այլն։

Մանավանդ, որ ամեն ինչ մեզ ներկայացվում եւ բացատրվում էր ամենայն մանրամասնությամբ։

Նախագիծն անկատար մնաց բազմաթիվ պատճառներով, եւ դրանցից առաջինը լարված քաղաքական իրավիճակն էր։ Երբ նախագծի մշակման աշխատանքները մոտեցան ավարտին, շատ քիչ ժամանակ էր մնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին…

Այդուհանդերձ, այսօր ինձ անիմաստ չի թվում հարցնել՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ նախագիծը հաջողություն ունենար, ի՞նչ կփոխվեր։

Որպեսզի հարցը շատ միամիտ չթվա, ավելացնեմ որոշ պարզաբանումներ։ Հայաստանի նախագծի վրա աշխատելիս մենք գիտեինք, որ Վրաստանում այն արդեն ներդրման ընթացքի մեջ է։

Վրաստանի նախագահը՝ Է. Շեւարդնաձեն, անձամբ հովանավորում էր նախագիծը, իսկ երկրի կառավարությունը, զգալի ֆինանսական ներդրում կատարելով, արագացնում էր աշխատանքների իրականացումը։

Երբ մի քանի տարի անց ուրիշ նպատակներով Թբիլիսիում էի, հետաքրքրվեցի այդ նախագծի ճակատագրով։

Տեղեկությունները, որ կարողացա ստանալ, անվերապահորեն հավաստի չէին, բայց թույլ էին տալիս եզրակացնել, որ նախագիծը հետագա զարգացում չէր ստացել, եւ կառավարման համակարգը աստիճանաբար դուրս էր եկել գործածությունից։ Այդուհանդերձ, հակված եմ ենթադրելու, որ ձեռք բերված փորձը անհետեւանք չէր անցել։

Մյուս կողմից՝ սա այդ տարիներին բնավ միակ չիրականացված նախագիծը չէր։ Դարձյալ անձնական մասնակցության փաստը ինձ թույլ է տալիս հաստատել իշխանությունների անտարբերությունը ՏՏ-ին վերաբերող այլ ծրագրերի նկատմամբ։

Կարելի է հիշատակել Եվրամիության հետ համագործակցության փորձերը Տեղեկատվական հասարակության կառուցմանը վերաբերող ծրագրերի շրջանակում, դպրոցական կրթության մեջ ՏՏ-ի ներդրման նախաձեռնությունները եւ այլն։

Խոսքն այն իշխանությունների եւ երբեմն էլ հենց այն անձանց մասին է, ովքեր ընդամենը մի քանի տարի անց առերեւույթ դարձան ՏՏ-ի կրքոտ ջատագովներ։

Այսինքն` «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցը վերաբերում է ոչ թե մեկ առանձին նախագծի, այլ բազմաթիվ կապակցված նախաձեռնությունների, որոնց մի մասը կարող էր եւ իրականություն դառնալ։

Այն առաջին նախագիծն աչքի էր ընկնում առնվազն մեկ կարեւոր առավելությամբ. հիմնված էր զարգացող եւ նվազ զարգացած երկրների (այլ ոչ թե զարգացած արեւմտյան երկրների) դրական փորձառության վրա։

Տարիներ շարունակ Հայաստանը շատ բան է կորցրել՝ ամենատարբեր ասպարեզներում կողմնորոշվելով միայն դեպի Եվրոպա՝ բացարձակապես անտեսելով այն հարուստ փորձը, որ կուտակվել է շատ ավելի նման պայմաններում գտնվող զարգացող երկրներում։

Ինչ վերաբերում է ներկա համակարգին, ապա շատ անհավանական է թվում, թե Հայաստանի բնակչության հիմնական մասը կունենա Ինտերնետի միջոցով կառավարման համակարգի ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Խոսքը անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների, համակարգչի եւ Ինտերնետի մատչելիության մասին է (նորից հիշե՞նք, թե որքան համեստ են Հայաստանի հաջողությունները Ինտերնետի տարածման եւ օգտագործման ասպարեզում)։

Պարզապես զվարճալի է կոռուպցիայի ռիսկերի կրճատման մասին պնդումը, երբ, վստահ եմ, հենց այս համակարգի ներդրումը գլուխ չի եկել առանց «կոռուպցիայի ռիսկերի» մեծացման, արդեն խորապես արմատացած կոռուպցիայի կարիքների բավարարման։
ՏՏ-ի ներդրումն ինքնին չի նշանակում բարեփոխում։ Վաղուց նկատվել է, օրինակ, որ այսպես կոչված «թվանշային բաժանումը» (digital divide)՝ համակարգչային տեխնոլոգիաների անհավասար բաշխմամբ եւ յուրացմամբ հարուցված անջրպետը հասարակության տարբեր խավերի կամ տարբեր հասարակությունների միջեւ, հաճախ հետեւանք է ավանդական իմաստով գրագիտության բացակայության։

Պակասություն, որ անհնար է վերացնել ուղղակի նոր տեխնոլոգիաներ ներդնելով։ Ճիշտ այդպես էլ՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը հաճախ անկարող է հաղթահարել կառավարման համակարգում արմատացած հին հիվանդությունները, օրինակ` կոռուպցիան։

Չպնդելով, թե 13 տարի առաջ ներդրված կառավարման էլեկտրոնային համակարգը կարող էր շատ բան փոխել, այդուհանդերձ, ուզում եմ կրկնել, որ իրական ակնկալիքներ կարող էին լինել մի խումբ կապակցված եւ նպատակամետ նախաձեռնությունների իրականացման դեպքում։

Իրականում հենց այդ տարիներին ձեւավորվեց ՏՏ-ի ոլորտում Հայաստանի «մեծ ներուժի» առասպելը, որը, լինելով խորհրդային անցյալի առասպելականացումը եւ դրանով իսկ՝ այդ ներուժի բուն աղբյուրի՝ խորհրդային համակարգի մոռացումը, բացառում էր երկրի իրական հնարավորությունները գնահատելու եւ ըստ այդմ գործելու հնարավորությունը։

Վերջապես, այն նախաձեռնությունները, որ 10-15 տարի առաջ գուցե եւ կարողանային ձեւավորել հասարակական ակնկալիքներ եւ ինքնափոխակերպման լիցք հաղորդել, այսօր, ներկա հասարակության ինքնագոհության եւ պարզունակ սպառողականության շրջանակում բանտարկված երեւակայության պայմաններում, դատապարտված են դառնալու լուսանցքային իրադարձություններ, եթե նույնիսկ իսկապես կոչված են բարեփոխելու այն, ինչ այդպես վերամբարձ ոճով անվանում ենք «պետական կառավարման համակարգ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter