HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Նաեւ գերակա եկեղեցակա՞ն շահ

Ընթացիկ իրողությունները վերլուծելու համար օգտակար է դրանք զետեղել որոշակի պատմական հեռանկարի եւ հավանական զարգացումների հորիզոնի մեջ: Իրականում, շատ թե քիչ նշանակալի իրադարձությունների հրապարակային ներկայացումը` տոգորված որոշակի հռետորությամբ, կոչերով ու վկայակոչումներով, անպայման իր ետեւում ունի հենց այդպիսի միտումներ եւ հեռանկարներ հուշող գաղափարաբանական շերտ:

Ես ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ներկա հասարակական իրադրությունը կարելի է նկարագրել երկու հակադիր միտումների բախման տեսանկյունից, որոնցից առաջինը արդիականացման խորհրդային նախագծի նահանջն է, իսկ մյուսը` սպառողական հասարակության ձեւավորումը` ամեն տեսակի տեղական վերապահումներով հանդերձ:

Խորհրդային «բարձր» արդիության տեղատվությունը չի նշանակում դրա անհետացում. այն թողնում է անհամար հետքեր, որոնցով պետք է որ զբաղվեին հետազոտողները:

Բայց այս ընթացքն ունի մի կողմ, որը պետք է առանձնացվի եւ ինքնուրույն անուն ստանա. մինչարդիականի (այդ թվում` մինչխորհրդայինի) «վերադարձը», որ բնականաբար կատարվում է տարատեսակ հիբրիդային գոյացությունների եւ տարասեռությունների տեսքով:

Օրինակ` այսօր բարբառային-ժարգոնային խոսքի համատարած օգտագործումը բացատրող հանգամանքներից մեկն այն է, որ խորհրդահայության համատարած գրագիտության ժամանակաշրջանը բավական կարճ տեւեց, գրագիտությունը եւ համապատասխան մտածողությունը չհասցրին խորը արմատներ գցել, եւ ետխորհրդային տարիներին հայության մի զգալի զանգված աստիճանաբար վերադառնում է բանավոր խոսքի տիրապետության եւ բանավոր գիտակցության մինչարդիական վիճակին:

Իհարկե, հնարավոր է առարկություն, թե հիմա նույնիսկ բջջային հեռախոսը եւ ինտերնետային միջավայրերն են նոր ձեւերով նպաստում ժարգոնային խոսքի տարածմանը:

Բայց այստեղ խոսքը ոչ թե կիբեռտարածության ինչ-որ հատվածների, տարատեսակ ենթամշակութային խմբերի լեզուների մասին է, այլ համահասարակական երեւույթի, որ բնորոշ չէ տպագրության եւ գրագիտության ավելի տեւական ավանդություն ունեցող հասարակություններին:

Մինչարդիականի վերադարձը կամ վերադարձը մինչարդիականին, որ կատարվում է զանազան անկառավարելի ձեւերով, կարող է նաեւ ունենալ ծրագրային բնույթ եւ արտահայտվել, օրինակ, «վերականգնել մշակութային ավանդույթները», «վերադառնալ ազգային արմատներին» եւ այլ կարգախոսներով:

Կասկածից վեր է, որ անդրադարձը մինչարդիական մշակույթին ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ է հատկապես` երբ խոսքը վերաբերում է ետխորհրդային մշակութային ինքնության կառուցմանը: Բայց ազգային գաղափարաբանության տարածված ձեւերում «վերադարձ արմատներին» կոչը այլ բան չէ, քան պատմության անտեսում, քանի որ այդ «արմատները» համարվում են ինքնին տրված եւ հասանելի: Պարզապես պետք է վերականգնել «պատմական ճշմարտությունը»` ի հայտ բերելով դիտավորյալ մոռացության մատնված եւ խեղաթյուրված փաստերը, դեպքերն ու դեմքերը, եւ կամաց-կամաց ամեն բան իր տեղը կընկնի…

Ներկա հասարակական ճգնաժամը հաղթահարելու հաճախ առաջարկվող ուղիներից մեկը կորուսյալ «հոգեւորության» վերադարձն է ներկա «անհոգի», «անհավատ» հասարակություն, եւ հասկանալի է, որ այդ ելքն առաջին հերթին կապվում է եկեղեցու հետ:

Սա այն ձեւերից մեկն է, որով հայ եկեղեցու թեման մտնում է հրապարակային քննարկումների շրջանակ, եւ ինձ թվում է, որ այսպիսի «ելքեր» մատնանշող մտավորականները, մի կողմից, իրենց ուսերից թոթափում են մտավորական պատասխանատվությունը` խոստովանելով սեփական անկարողությունը, իսկ մյուս կողմից` ակնհայտորեն գերագնահատում թե եկեղեցու, թե հասարակության ներկա հնարավորությունները (եւ հարցը միայն խորհրդային աթեիստական անցյալը չէ):

Վերջին շաբաթների ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջը ծագած բուռն բանավեճը (եւ պայքարը) ցույց է տալիս մի բան, որը նոր չէ եւ տարիներ շարունակ տարբեր ձեւերով դրսեւորվել է:

Բայց հիմա առաջին անգամ է, որ ամենայն որոշակիությամբ արտահայտվում են, մի կողմից, պետության եւ եկեղեցու, իսկ մյուս կողմից` հասարակության միջեւ փոխհարաբերությունների չպարզաբանվածությունը, չձեւավորվածությունը, որի արդյունքը տարրական փոխըմբռնողության կամ նույնիսկ փոխըմբռնողության կամքի բացակայությունն է:

Այս քննարկումներն ավելի բացահայտ դարձրին եկեղեցու եւ պետության, եկեղեցական եւ աշխարհիկ իշխանությունների սերտաճումը. եկեղեցին ցանկանում է լինել անձեռնմխելի պետության հովանավորությամբ, պետությունը ցանկանում է գոնե հրապարակային ցուցադրության-հռետորության մակարդակում յուրացնել եկեղեցուն վերագրվող արժանիքները, այդ դաշինքից կորզել օրինականության որոշ փշրանքներ:

Եւ ձեւավորվում է այնպիսի տպավորություն, թե գերակա հանրային շահին այլեւս ավելացել է գերակա եկեղեցական շահը, որ պետությունն ու եկեղեցին կազմել են իրար օգնող, ինչպես ասում են` իրար հասնող զույգ, իսկ հասարակությունը կամ, ինչպես նման դեպքերում գերադասում են ասել` ժողովուրդը, մնացել է կրկնակի անտեսված:

Իսկ ճարտարապետները` այս բանավեճերի հիմնական փորձագետները, վաղուց չունեն բավարար հեղինակություն. նրանց աչքի առաջ եւ նրանցից շատերի մասնակցությամբ վերջին տարիներին տեղի ունեցավ քաղաքային միջավայրի` ամեն տեսակի նորմեր խախտող կառուցապատումը:

Իսկ ավելի ընդհանուր առմամբ` հասարակագիտական մտքի անկյալ վիճակը եւ հումանիտար գիտելիքի վարկաբեկվածությունը, մտավորականության հեղինակության անկումը եւ փաստացի անգործությունը (նախկին կապերը կոմունիստական գաղափարաբանության հետ, ներկա ցածր մակարդակը եւ հնազանդությունը իշխանությունների կամքին) հավելյալ կշիռ են հաղորդում եկեղեցականի խոսքին:

Եւ ստացվում է հենց այն, ինչ անվանում են «վերադարձ արմատներին», բայց խորհրդային դարաշրջանի անխուսափելի հետքերով. իհարկե, եկեղեցական վերնախավը բաղկացած է խորհրդային իշխանության տարիներին ձեւավորված մարդկանցից, բայց խորհրդայինը հարատեւում է հատկապես հաստատութենական (ինստիտուցիոնալ) ձեւերի մեջ (խոսքը եկեղեցու` որպես հաստատության մասին է):

Մյուս կողմում ներկա սպառողական հասարակության նորահայտ գայթակղություններն են… Ինչպես մեր օրերում կառուցվող հայկական եկեղեցիներն են պատճենում միջնադարյան եկեղեցիները, այդպես էլ հասարակության նկատմամբ հայ եկեղեցու պահվածքն է թվում հնացած, ժամանակավրեպ:

Ամեն դեպքում, թվում է, թե հայ եկեղեցին այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչպես պետք է հարաբերվել աշխարհիկ իշխանությունների հետ, եթե նպատակը հասարակության շահն է, ինչպես նաեւ, եւ սա ամենակարեւորն է, թե ինչ է նշանակում լինել եկեղեցի 21-րդ դարում ոչ աթեիստական, բայցեւայնպես` աշխարհիկ հասարակության մեջ:

Հասարակություն, որի մի զգալի հատվածը մատնված է ծայրահեղ աղքատության, իսկ իշխանությունների մեջ խորը արմատներ է գցել կոռուպցիան, որի որոշ խավեր ձգտում են ժողովրդավարական արժեքների եւ փորձում ձեւավորել քաղաքացիական հասարակության սաղմերը…

Վերջապես, մի հասարակություն, որը, Խորհրդային Միության փլուզումից հետո հայտնվելով գլոբալացման հորձանուտում, մշակութային ինքնության խորը ճգնաժամ է ապրում:

Հարյուր տարի առաջ Հովհաննես Թումանյանը երեւակայում էր լուսավորյալ ժողովրդի ժողովումը գրականության, իսկ ընդհանուր առմամբ` արդիական մշակույթի շուրջը մի ժամանակ, երբ հարաճունորեն աշխարհիկացող իրականության մեջ հայ եկեղեցին անկարող էր միայնակ իրագործել ազգային միասնության ձեռքբերման առաքելությունը:

Թվում է, թե այսօր էլ հայ հասարակությունը կանգնած է նույնքան բարդ խնդիրների առջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter