HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մշակութային դիմադրության ձեւեր

Մաշտոցի պողոտան փակ էր։ Առաջին բանը, որ նման դեպքերում մտածում ես, բարձրաստիճան հյուրերն են, որոնց ներկայությունը երթեւեկության խճողման առումով կարող է ուղղակի փորձանք դառնալ երեւանցիների համար։ Այս անգամ ինձ թվաց, թե ցույց է, բայց նկատեցի, որ հավաքվածները հիմնականում երեխաներ են։ Նրանք շարժվում էին դեպի Մատենադարան։

Օպերայի մոտ բավական ժամանակ կանգնելուց հետո մեր ավտոբուսը ստիպված թեքվեց դեպի Սարյան փողոց։ Այնտեղ էլ արդեն խցանում էր։ Ցուցապաստառների վրա կարողացա կարդալ «Հայոց արծիվներ» մակագրությունը։

Հետո լրատվամիջոցներից իմացա նորահայտ կազմակերպության մասին. «ռազմահայրենասիրական դաստիարակություն» եւ այլն։

Չգիտեմ, թե իրականում այսպիսի նախաձեռնությունները քանի հայրենասեր են կոփում, բայց վստահ եմ, որ հիմնականում դրանք պատեհապաշտության դարբնոց են, թեեւ չեմ բացառում, որպես հավանական արդյունք, երիտասարդների անտարբերությունը եւ օտարվածությունը նույնպես։

Հավանաբար յուրաքանչյուր սերունդ հայրենասիրության իր պաշարների սպառման սեփական ձեւերն է ունենում, ավելի ճիշտ՝ հայրենասիրության ձեւավորման եւ կիրառության ձեւերը, որ տրամադրում է հասարակությունը։

Խորհրդային տարիներին նման միջոցառումները կոմերիտմիության մենաշնորհն էին, իսկ հայրենիքն ու հայրենասիրությունը շատ ավելի բազմիմաստ հասկացություններ էին։

Բայց ինչպես այն ժամանակ, հիմա էլ, ենթադրում եմ, երիտասարդությունը բնավ միատարր չէ, եւ բոլորը չէ, որ պաշտոնական հայրենասիրության եւ սպառողականության խրախուսվող հոսանքների մեջ են։

Ընդ որում, այս դեպքում ես չեմ խոսում քաղաքական ընդդիմության մասին, այլ անհամաձայնության եւ մերժումի մշակութային ձեւերի, այնպիսի ենթամշակույթների մասին, որոնց դիրքորոշումը եւ գործադրած պրակտիկաները կարող են այս կամ այն չափով վերաբերել մշակութային դիմադրություն հասկացությանը։

Հասկացություն եւ համապատասխան պրակտիկաներ, որոնք արդեն տասնամյակների պատմություն ունեն։

Տարբեր սոցիալական իրադրություններում մշակութային դիմադրությունը կարող է ընդունել տարբեր ձեւեր։ Արեւմտյան հասարակություններում այն կարող է ունենալ հակակապիտալիստական ուղղվածություն եւ հարցականի տակ առնել, օրինակ, սպառողականության՝ որպես իբրեւ թե այլընտրանք չունեցող կենսակերպի սկզբունքները։

Ոչ արեւմտյան հասարակություններում դիմադրությունը կարող է ուղղվել նաեւ արեւմտականացման, մշակութային գլոբալացման զանազան դրսեւորումների, ինչպես նաեւ տեղական իշխանությունների կողմից քարոզվող գաղափարների դեմ։
Մշակութային դիմադրության ներկա ըմբռնումների հիմքում ընկած է այն գաղափարը (Անտոնիո Գրամշի), որ իշխանությունը կենտրոնացած է ոչ միայն պետական հաստատություններում, այլ նաեւ այն ձեւերում, որոնցով մարդիկ իմաստավորում են աշխարհը, իմաստներ են վերագրում իրերին եւ իրադարձություններին։

Այսինքն, տիրապետությունը ձեռք է բերվում նաեւ մշակութային գերիշխանության, գերիշխող մշակութային ձեւերի ստեղծման, արմատացման եւ տնօրինման միջոցով։

Ուստի, իմաստի, իմաստավորման եղանակների համար պայքերը պակաս կարեւոր չէ, քան քաղաքական պայքարը, եւ երբեմն միայն այդ ձեւերով է հնարավոր վիճարկել տիրապետող գաղափարաբանությունները եւ ստեղծել գերիշխող մշակույթին հակադրվող մշակույթ։

Եվ խոսքը անպայման հրապարակային դրսեւորումներ ունեցող կազմակերպված շարժումների մասին չէ, այլ նաեւ առօրյա դիմադրության, որ կյանք է առնում տանը եւ բակում, ակումբներում ու սրճարաններում…

Խորհրդային Միությունում ամենօրյա պրոպագանդայի, կրթության եւ տեղեկատվության համակարգերի հետ միասին կային բազմաթիվ այլ եղանակներ, որոնք կայսրության քաղաքացու երեւակայության, համախորհրդային (համամիութենական) պատկանելության զգացողության ձեւավորման միջոցով նպաստում էին միասնական խորհրդային ժողովրդի կառուցմանը։

Նման իրադարձություններ էին ուսանողական ջոկատների աշխատանքը Խորհրդային Միության ամենահեռավոր անկյուններում, խամուխոպան հողերի յուրացման տարիներին մեծ ծավալ ստացած արտագնա աշխատանքը եւ, իհարկե, ծառայությունը խորհրդային բանակում։

Շատ տղամարդկանց համար բանակում ծառայելը կյանքի ամենանշանակալի, ամենամասշտաբային իրադարձությունն էր, որի մասին հետո պիտի պատմեին տարիներ շարունակ, եւ կայսրության զինվորի եւ քաղաքացու գիտակցությունը ձեւավորող ամենաազդեցիկ միջոցներից մեկը։

Եւ քանի որ դրանք գրեթե բացառապես վերաբերում էին տղամարդկանց, ապա կարելի է հասկանալ, թե ինչու հայ տղամարդիկ, անգամ եթե կուսակցական չեն եղել եւ պաշտոններ չեն զբաղեցրել, շատ ավելի խորհրդային էին (եւ ե՛ն), քան կանայք. եւս մեկ պատճառ, թե ինչու Հայաստանի ապախորհրդայնացման գործում պետք է ավելի մեծ հույսեր կապել հենց հայ կանանց հետ։

Երիտասարդների կազմակերպման եւ ներգրավման այսպիսի պաշտոնական ձեւերի կողքին կամ ավելի ճիշտ՝ «պաշտոնական տարածության» լուսանցքներում կային եւ այնպիսիք, որոնք լիովին համապատասխանում են մշակութային դիմադրության սահմանմանը, այսինքն՝ այնպիսի վարքեր, կենսակերպեր եւ պրակտիկաներ, որոնք, գուցե եւ լինելով հակազդեցության, անհամաձայնության եւ փոխզիջումների խառնուրդ, ստեղծում էին այնպիսի միջավայրեր, որոնցում այս կամ այն ձեւով վիճարկվում էր կոմունիստական գաղափարաբանությունը, խնդրականացվում տիրապետող արժեքները։

Նման ձեւերից մեկը արշավներն էին (տուրիստական բառն այստեղ այնքան էլ չի սազում) Խորհրդային Հայաստանի տարածքում, որ իմ տպավորությամբ հատկապես մեծ տարածում ստացան հենց 1970-ականների երկրորդ կեսին եւ 1980-ական թվականներին։

Դրանք տարիների ընթացքում ձեւավորված, հիմնականում երիտասարդներից կազմված խմբեր էին, ունեին բազմաթիվ մշակված երթուղիներ, որոնք սովորաբար ներառում էին պատմական-ճարտարապետական կառույցներ, որոշակի տարածքներ ու տեղեր՝ աշխատելով հեռու մնալ մարդաշատ տուրիստական վայրերից։

Տեղաշարժի համար օգտագործվում էին նաեւ տրանսպորտային միջոցներ, բայց հիմնականը քայլելն էր։

Կային կարճ եւ երկար երթուղիներ՝ մեկ օրից մինչեւ մի քանի շաբաթ տեւող, կանգ առնելու եւ երկար ժամանակ մնալու համար հարմարեցված տեղեր…

Հիմա չեմ կարող ասել, թե այդ բանը որքանով էր գիտակցված, բայց այսօր ակնհայտ է, որ դրանք հակադրվում էին երիտասարդության խորհրդայնացման վերը թվարկված եղանակերին, կամա թե ակամա վերածվում մի տեսակ ազգայնացման ծեսերի, իսկ ավելի լայն իմաստով՝ դառնում հավաքական, խմբային եւ անձնական ինքնությունների կառուցման այլընտրական ձեւերից մեկը։

Թեեւ արշավները տալիս էին ազգային մշակութային ժառանգության հետ անմիջական շփման հնարավորություններ, խարույկի շուրջ երբեմն մինչեւ լուսաբաց տեւող զրույցներում հաճախ հնչում էին ազգային երգեր, այդուհանդերձ, դրանցում ուղղակի իմաստով հայրենասիրության դրսեւորումներ չկային։

Այսօրվա իմ զգացողությամբ՝ հիմնականը (հայրենի) բնության չմիջնորդավորված մերձության, ազգային տարածքին եւ աշխարհագրությանը առնչվածության զգացողությունն էր, որ ապրվում էր թե՛ անձնական, թե՛ խմբակային ձեւերով խորհրդային գաղափարաբանության կողմից չվերահսկվող, չկարգավորված տարածություններում։

Հնարավոր է, որ դա նաեւ փախուստի ձեւ էր, որ տալիս էր սոցիալիզմը մոռանալու եւ սոցիալիզմի կողմից մոռացվելու հնարավորություն եւ կարճատեւ հոգեբանական դադարներ, մեղմում հիասթափություններն ու անելանելիության զգացումը։

Մի կողմից աշխարհագրության պատմականացումն էր մշակութային ավանդության մերձության եւ կրկնվող այցելությունների օգնությամբ, իսկ մյուս կողմից՝ տեղանքի անձնականացումը, հուզական կապերի հաստատումը որոշակի վայրերի եւ լանդշաֆտային առանձնահատկությունների հետ՝ երանգավորված տարվա եղանակների փոփոխությամբ եւ բնության մեջ կատարվող իրադարձություններով. գետերի գարնանային հորդառատությունը, անտառների աշնանային տերեւաթափը եւ այլն։

Եթե ավելացնենք աշխարհից գրեթե լիակատար կտրվածությունը, ըստ էության դրսի աշխարհի համար միանգամայն անտեսանելի կյանքը բնության մեջ, որի մասին կարող էին վկայել միայն սակավաթիվ լուսանկարները, աստիճանաբար ամրապնդվող սովորույթներով ու ծեսերով, ապա զարմանալի չպետք է թվա, որ շատերի համար արշավները եւ առանձին վայրեր անդիմադրելի ձգողության ուժ ունեին՝ առաջացնելով կախվածություն, գրեթե վերածվելով հիվանդության նման մի բանի։

Ամեն դեպքում, այս այլընտրական պրակտիկաներն իրենց մեջ ունեին անհամաձայնության եւ մերժման ակներեւ տարրեր, բայց գուցե նաեւ դարման էին թե՛ խորհրդային գաղափարաբանության, թե՛ դրա հարուցած համատարած ցինիզմի դեմ։

Իսկ զուսպ եւ համեստ կենցաղը, կարծում եմ, գիտակցված հակադրություն էր այն տարիների հայկական ճոխ սեղաններին ու քեֆերին, խորովածի ու խաշի (նաեւ խորհրդահայ մտավորականներին վարակած) արարողություններին։

Մնում է հարցնել, թե հիմա, եթե մի կողմ թողնենք «արծիվներին» ու «բազեներին», ինչպես նաեւ տարատեսակ արեւմտյան ենթամշակույթների պարզ նմանակումները, ի՞նչ նման ենթամշակույթներ կան, մշակութային դիմադրության ի՞նչ ձեւեր կան (եթե կան) եւ ի՞նչ ձեւեր են հնարավոր, որ կարող են տարածություններ բացել սոցիալականորեն նշանակալի նոր արժեքների ձեւավորման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter