HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Արտագաղթ, ներգաղթ եւ հասարակություն

Ժամանակակից հասարակությունների ժողովրդագրական պատկերը որոշող առավել ազդեցիկ գործոններից է գաղթը՝ միգրացիան, իսկ գլոբալացման դարաշրջանի ամենաբնութագրական դրսեւորումններից մեկը միգրացիոն հոսքերն են (ներքին, տարածաշրջանային եւ գլոբալ), որոնք աչքի են ընկնում աշխարհագրական մասշտաբներով եւ ինտենսիվությամբ։ Բայց ներկա միգրացիոն պրոցեսների ամենացայտուն առանձնահատկությունը դրանց աննախադեպ արագությունն է, ինչպես նաեւ գլոբալ աշխատանքի շուկաները եւ գաղթի հոսքերը սպասարկող ինստիտուտները եւ հաղորդակցական ենթակառույցները։

Ինչպես երբեք նախկինում, մարդկանց տեղաշարժերն իրենց ինտենսիվությամբ ազդում են հասարակությունների կյանքի վրա՝ թե այն հասարակությունների, ուր ուղղված են գաղթի հոսքերը, թե այն, որոնցից տեղի է ունենում արտագաղթը։ Եթե մի խումբ հասարակությունների համար մեծ խնդիր է ներգաղթի կարգավորումը, ապա ուրիշների համար բարդություններ կան կապված արտագաղթի ինտենսիվության հետ։

Արջուն Ապպադուրային շեշտում է մեդիայի եւ միգրացիայի համատեղ ազդեցությունը մարդկանց եւ տարբեր հանրույթների երեւակայության աշխատանքի վրա, որով այն դառնում է ժամանակակից մարդու սուբյեկտիվությունը կազմավորող կարեւոր գործոն։

Տեղեկատվական դարաշրջանի խնդիրները քննարկելիս հաճախ խոսվում է տեղեկատվական հոսքերի անհավասար բաշխման մասին, ասենք, զարգացած եւ նվազ զարգացած հասարակությունների, Հյուսիսի եւ Հարավի միջեւ։ Կարելի է ասել, որ շրջված անհավասարաչափություն կա միգրացիոն հոսքերի միջեւ. այն հասարակությունները, որոնք ավելի շատ ստանում են տեղեկատվություն, քան առաքում, հենց միգրացիոն հոսքերի հիմնական աղբյուրն են։ Էլեկտրոնային տեղեկատվամիջոցները ունեն հզոր խթանող ուժ եւ ապահովում են մարդու երեւակայությունը հարուստ պաշարներով, այդ թվում՝ հեռավոր երկրներում հնարավոր ուրիշ կյանքի մասին տեղեկատվությամբ։

Ժամանակակից միգրացիայի մյուս բնութագրական կողմն այն է, որ ներգաղթի առավել մեծ հոսքերի նշանակետ հանդիսացող երկրները գործադրում են ինստիտուցիոնալացված ջանքեր, ինչպես նաեւ փոխհամագործակցություն, միգրացիոն հոսքերը կարգավորելու համար, բայց առայժմ՝ ոչ մեծ արդյունավետությամբ։ Ընդհանուր առմամբ, ավելի լավ հետազոտված են գաղթականներ ընդունող երկրների խնդիրները, նրանցում կատարվող փոփոխությունները, բայց ետխորհրդային երկրների մեծ մասը առավելապես գաղթի աղբյուր է եւ արտագաղթի ազդեցության իմաստով՝ քիչ ուսումնասիրված։

Արդիականացման խորհրդային նախագիծն արեւմտյան «բնօրինակից», տարբերությունների հետ միասին, ուներ մի քանի կարեւոր ընդհանրություններ. արդյունաբերացումը եւ ուրբանացումը (կոլեկտիվացման հետ միասին) հարուցեցին բնակչության աննախադեպ տեղաշարժեր։ Նոր հասարակություն կառուցելու կոմունիստական ծրագիրը ենթադրում էր վիթխարի ժողովրդագրական փոփոխություններ, որոնց վերջնական նպատակը միասնական խորհրդային ժողովրդի առաջացումն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունում սկսվեց ազգային հանրապետությունների արդյունաբերացման նոր փուլ, որը սովորաբար ենթադրում էր ռուսների՝ որպես մասնագետների, ինժեներների եւ տեխնիկական աշխատողների թվի ավելացում տվյալ հանրապետությունում, ինչպես նաեւ գյուղական բնակչության արտահոսք դեպի արդյունաբերական կենտրոններ։ Նույն տարիներին ձեռնարկվում էին տարբեր հավակնոտ նախագծեր՝ խամուխոպան հողերի յուրացում, Բայկալ-Ամուրյան մագիստրալի կառուցումը, նոր քաղաքների հիմնումը եւ այլն, որոնց մասնակցում էին խորհրդային բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները։ Նմանատիպ միտումները թույլ տվեցին Լեոնիդ Բրեժնեւին՝ հայտարարելու 1971-ի գարնանը. «մեր երկրում առաջացել է մարդկանց նոր պատմական հանրություն՝ խորհրդային ժողովուրդը»։

Խորհրդային Հայաստանն աչքի էր ընկնում բացառիկ էթնիկական միատարրությամբ (բնակչության մոտ 95%-ը հայեր էին), բայց ռուսիֆիկացման քաղաքականության հետեւանքներն այստեղ էլ ակնառու էին։ Խորհրդային իշխանության վերջին շրջանում Հայաստանում կտրուկ աճեցին ռուսական դպրոցները, իսկ առհասարակ կրթության մեջ՝ ռուսական պատմական եւ մշակութային իրողությունների կարեւորումը։ Ռուսական կրթությունը հաջող մասնագիտական կարիերայի պայմաններից մեկն էր հակառակ նրա, որ Խորհրդային Հայաստանի սահմանադրության մեջ հայերենը հայտարարված էր միակ պետական լեզու։

Մյուս կողմից՝ Խորհրդային Հայաստանը ԽՄ-ի արդյունաբերապես առավել զարգացած հանրապետություններից մեկն էր՝ դրանց բխող բոլոր հետեւանքներով։ Առաջին հերթին կարելի է հիշել այն, որ երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքում եւ արդյունաբերական կենտրոնում՝ Երեւանում ապրում էր մեկ միլիոն մարդ։ Ինտենսիվ արդյունաբերացման ընթացքի բնական ուղեկիցն էր գյուղերի քայքայումը եւ ամայացումը։

Ընդհանուր խորհրդային համատեքստի համար հետաքրքիր է թվում հայկական փորձառության եւս մեկ ասպեկտ։ Խոսքը հայրենադարձության մասին է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում Մերձավոր Արեւելքի երկրներից մոտ 100 000 հայեր եկան Հայաստան։ Դրանք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված ցեղասպանությունից փրկված արեւմտահայերը եւ նրանց ընտանիքներն էին։ Խորհրդային իշխանությունների համար սա պրոպագանդիստական մեծ նշանակություն ունեցող գործողություն էր։

Այս պատմության շարունակությունը պակաս հուսադրող է։ Հայրենադարձները, որոնցից շատերը իրենց երկրներում ապրում էին բարեկեցիկ կյանքով, հայտնվեցին տնտեսական ծանրագույն ճգնաժամ ապրող հասարակության մեջ, որտեղ հաճախ բախվում էին անբարեհաճ վերաբերմունքի։ Դրա ամենածանոթ արտահայտություններից մեկը բացասական հարանշանակություններով ծանրաբեռնված «ախպար» բառն էր։ Շատ չանցած, նրանցից ոմանք հայտնվեցին խորհրդային աքսորում։

Բայց խնդիրը միայն խորհրդային կարգերը չէին։ Մշակութային զգալի տարբերություններ կային տեղացի հայերի եւ եկվորների միջեւ։ Նախ՝ հայրենադարձներն իրենց հետ բերում էին իրենց բնակության երկրների սովորույթներն ու բարքերը, որոնք հաճախ անհասկանալի եւ անընդունելի էին հայաստանցիների համար։

Բացի այդ, այս իրադրության մեջ հանդիպում էին հայության երկու ճյուղերը՝ արեւելահայ (ռուսահայ) եւ արեւմտահայ (թուրքահայ)՝ իրենց լեզվով եւ մշակույթով։ Եւ լեզուների տարբերությունը ընդամենը բարբառների տարբերություն չէր։ Դրանք երկու արդիական գրական լեզուներ էին, որոնք ձեւավորվել էին տպագրության դարաշրջանում։ Երկուսն էլ սերում էին նույն հին գրական հայերենից, բայց անցել էին տարբեր ճանապարհներ եւ ունեին շոշափելի տարբերություններ։ Այս մշակութային տարբերությունը մի անգամ էլ իրեն զգացնել կտա ետխորհրդային շրջանում, երբ թվում էր, թե խորհրդային բարքերն ու գաղափարաբանությունն այլեւս անզոր են խանգարելու Հայաստանի եւ սփյուռքի հայերի հարաբերություններին։

Եկվորներներից շատերը չկարողացան վարժվել իրենց հայրենիքին։ Մասնավորապես շատ քիչ էին խառը ամուսնությունները հայրենադարձների եւ տեղացիների միջեւ։ Հետագա տարիներին շատերը հեռացան Հայաստանից, բայց մնացին բազմաթիվ ազդեցություններ, ոչ-սոցիալիստական աշխարհից եկած արժեքներ, սովորություններ ու պրակտիկաներ, որոնք աստիճանաբար յուրացվեցին հասարակության կողմից։ Դրանցից մեկը սուրճն էր. սուրճը՝ որպես ըմպելիք, սուրճ խմելը՝ որպես շփման, հաղորդակցության ծես։ 1980-ականներին սրճարանների (այդ թվում՝ բացօթյա ամառային սրճարանների) քանակով քանի՞ խորհրդային քաղաք կարող էր համեմատվել Երեւանի հետ։ Սա մի տեսակ հանրային ոլորտ էր՝ խոսելու, խորհրդածելու եւ քննարկելու տարածություն, որ այդքան պակասում էր խորհրդային քաղաքներին։

Միգրացիոն հոսքերը թե հաստատում էին խորհրդային շրջանում ձեւավորված պատկերացումների թելադրող նշանակությունը (դեպի հյուսիս եւ արեւմուտք), թե խախտում, հատկապես ինչ վերաբերում է ռեգիոնալ միգրացիային, ի ցույց դնելով բնակչության տեղաշարժի քիչ հավանական ձեւեր դեպի արաբական երկրներ, Թուրքիա եւ այլն։ Այդուհանդերձ, հիմնական հոսքերը ուղղված էին դեպի Ռուսաստան։ Ետխորհրդային զանգվածային արտագաղթի հիմնական ուղղությունը եւ հետագա ճակատագիրը պայմանավորված էր արեւելահայության ավանդական «ռուսական կողմնորոշմամբ», ռուսերեն լեզվի եւ մշակույթի իմացությամբ, խորհրդային շրջանի փորձառությամբ։ Առաջին շրջանում խոսում էին առավելապես «ուղեղների արտահոսքի» մասին, միայն ավելի ուշ հասկանալի դարձան զանգվածային արտագաղթի աղետալի մասշտաբները։ Այսօր աշխարհում ապրող մոտ տասը միլիոն հայերից միայն մոտ երեք միլիոնն է ապրում Հայաստանում։

Ժողովրդագրական բնույթի եւս մի քանի դիտարկում։ Քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով 1980-ականների վերջին Հայաստանից հեռացան ադրբեջանցիները, իսկ 1990-ականների սկզբի զանգվածային արտագաղթի ժամանակ նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այժմ Հայաստանի բնակչության կազմը էլ ավելի միատարր է, քան խորհրդային շրջանում. Հայաստանում ապրող բոլոր էթնիկական փոքրամասնությունները միասին կազմում են բնակչության երկու տոկոսից էլ պակաս մասը։ Մյուս կողմից՝ 1990-ականների տնտեսական եւ սոցիալական ճգնաժամն ուղեկցվում էր Հայաստանի ապաարդյունաբերացմամբ, արդյունաբերական բանվորական խավի աստիճանական անհետացմամբ՝ որակազրկման կամ արտագաղթի պատճառով։

Հայկական սփյուռքի երկու հատվածները շատ քիչ նմանություններ ունեն. տարբեր է ոչ միայն արտագաղթի աշխարհագրությունը, այլեւ վերաբնակության երկրների սոցիալական հիերարիխիայում գրաված դիրքը։ Ինչպես արդեն նշվեց, նրանց միջեւ հարաբերությունների հաստատմանը խանգարում են նաեւ շոշափելի պատմական եւ մշակութային տարբերությունները։

Միանգամայն տարբեր են նաեւ Հայաստանի հետ նրանց հարաբերությունները։ Ավանդական սփյուռքը Հայաստանի համար նպաստավոր քաղաքական եւ տնտեսական վճիռների հասնելու համար հաջողությամբ լոբբինգ է անում ԱՄՆ-ում եւ մի շարք եվրոպական երկրներում, ֆինանսական ներդրումներ կատարում Հայաստանում եւ Ղարաբաղում իրականացվող ծրագրերի մեջ եւ այլն։ Նոր սփյուռքը հայրենիքում ապրող հարազատների համար կանոնավոր դրամական փոխանցումների աղբյուր է, որոնց տարեկան ծավալը համեմատելի է երկրի բյուջեյի հետ։ Առաջին կամ արեւմտահայ սփյուռքի առավել ազդեցիկ մասը գտնվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, արեւելահայ սփյուռքը հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանում։

Շատ թե քիչ կազմակերպված սփյուռքահայ համայնքի շահերը, ինչպես նաեւ Հայաստանի շահերի մասին պատկերացումները, անպայման զուգորդվում են բնակության երկրի շահերին ու նախասիրություններին։ Ուստի Հայաստանի ետխորհրդային դիլեման՝ Արեւմուտք/Ռուսաստան, որ էլ ավելի բարդացավ վերջին շրջանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության մեծացման հետ միասին, կարող է մոտ ապագայում ավելի ընդգծված ձեւով արտահայտվել նաեւ հայկական երկու սփյուռքների՝ միմյանց եւ Հայաստանի հետ ունեցած փոխհարաբերություններում։

Հետաքրքրական է «ախպար» բառի իմաստափոխությունը ետխորհրդային շրջանում։ Ամբողջովին պահպանելով բացասական նշանակությունը, այն այժմ վերաբերում է բոլոր սփյուռքահայերին։ Կարծում եմ, սա արտահայտում է Հայաստանի հասարակությանը բնորոշ այլամերժությունը, քանի որ սփյուռքահայերից բացի, Հայաստանում, ըստ էության, ուրիշ օտարներ չկան։ Ինձ թվում է, որ էթնիկական (եւ որոշ իմաստով՝ նաեւ մշակութային) բացառիկ միատարրությունը, բոլոր առավելություններով հանդերձ, Հայաստանի հասարակությանը նաեւ վատ ծառայություն է մատուցում։ Մշակութային գլոբալացումն անխուսափելի է դարձնում մշակութային ներխուժումներն ու ազդեցությունները, եւ մշակույթի կենսունակությունը ավելի շատ պայմանավորված է հենց ազդեցություններն ընտրողաբար յուրացնելու եւ փոխակերպվելու կարողությամբ, քան «ազգայինն անաղարտ պահելու» պատրաստակամությամբ։

Այս օտարամերժությունն էր շահագործում անցյալ տարվի մարտի մեկից հետո սկսված «ազգասիրության հիստերիան», երբ հարյուր հազարավոր մարդիկ (ի միջի այլոց՝ հայեր, թեեւ ընդդիմության առաջնորդը կարող էր եւ «ախպար» համարվել) հայտարարվում էին «ազգի դավաճաններ», «ազգային շահը չգիտակցողներ» եւ այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter